Մենք ուսուցված ենք Եհովայից
1 Աստծո առաջնորդության ներքո՝ այսօր 233 երկրներում միջազգային կրթական ծրագիր է գործում։ Աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել այդ ծրագրի հետ։ Մեր մեծ Ուսուցիչը՝ Եհովան, սովորեցնում է, թե ինչպես կիրառենք մեր գիտելիքները ի օգուտ մեզ, ինչպես նաև պատրաստում է հավիտենական կյանքի համար (Ես. 30։20, ՆԱ; 48։17)։
2 Աստծո կրթական դպրոցները։ Քննարկենք, թե ինչ դպրոցներ կան այսօր Եհովայի ժողովրդի համար։ Ամեն շաբաթ մոտ 87 000 ժողովներում անցկացվում է Աստվածապետական ծառայության դպրոցը, որտեղ Թագավորության միլիոնավոր քարոզիչներ կրթվում են արդյունավետ կերպով բարի լուրը մատուցելու համար։ Իսկ դու գրվե՞լ ես այդ դպրոցին։ Դու նույնպե՞ս այն հազարավորների շարքին ես պատկանում, որոնք մասնակցել են Ռահվիրայական ծառայության երկշաբաթյա դպրոցին։ Ընդհանուր ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի նվազեցման շնորհիվ, հավանաբար, շատ թվով քարոզիչներ կդիմեն ռահվիրայական ծառայության և պատրաստ կլինեն այս դպրոցն այցելելու։ Ներկայումս ողջ աշխարհում բնակչության հիմնական լեզուներով անցկացվող Ծառայության կատարելագործման երկամսյա դպրոցը ամուրի երեցներին և ծառայողական օգնականներին պատրաստում է, որպեսզի իրենց վրա աստվածապետական ավելի մեծ պատասխանատվություններ վերցնեն։ Ժամանակ առ ժամանակ բոլոր երեցներն ու ծառայողական օգնականները վերապատրաստում են անցնում Թագավորական ծառայության դպրոցում։
3 Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող Դիտարանի Կրթական կենտրոնի շենքերն օգտագործվում են աստվածապետական կրթություն տվող երեք հատուկ դպրոցներ սպասարկելու համար։ Դիտարանի աստվածաշնչական Գաղաադ դպրոցի հինգամսյա դասընթացը օտար երկրներում միսիոներական աշխատանքի համար ծառայողներ է նախապատրաստում։ Իսկ ամբողջ աշխարհի մասնաճյուղերի Կոմիտեների անդամները մասնաճյուղի կազմակերպչական հարցերին վերաբերվող երկամսյա դասընթաց են անցնում։ 1999 թ. մայիսին սկսվեց շրջագայող վերակացուների համար նախատեսված երկամսյա դասընթացը. դասարանը բաղկացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից ժամանած 48 ուսանողներից։ Արդյունքում՝ Եհովայի բոլոր ծառաները հիանալի օգուտներ են քաղում այս զանազան դպրոցների միջոցով Եհովայի հայթայթած ուսուցումից։
4 Ո՞րն է կրթության նպատակը։ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը նկատեց. «Մեր ընթացիկ կրթական ծրագիրը նախատեսված է նրա համար, որպեսզի Եհովայի ողջ ժողովուրդը ամենուրեք հասնի այն հասունությանը, որը նկարագրված է Առակաց 1։1—4–ում»։ Թող որ Եհովան այսուհետև ևս մեզանից յուրաքանչյուրին «իմաստունների լեզու» տա (Ես. 50։4, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։