Արձագանքո՞ւմ ես Քրիստոսի սիրուն
1 Իր Տիրոջ կյանքի շուրջը մտորելով՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Յիսուսը.... իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. եւ մինչեւ վերջը սիրեց նորանց» (Յովհ. 13։1, ԱԹ)։ Այս տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող օրերին մեր ուշադրությունը կկենտրոնացնենք Քրիստոսի ցուցաբերած սիրո մեծագույն արտահայտության վրա։ Մենք կարող ենք արձագանքել այդ սիրուն՝ փրկանքին հավատ ընծայելով, քարոզչական գործում եռանդուն մասնակցություն բերելով և «մինչեւ վերջ» համբերելով, ինչպես Հիսուսը (Մատթ. 24։13; 28։19, 20; Յովհ. 3։16)։
2 Արձագանքել Քրիստոսի սիրուն։ Հիսուսն իր երկրային կյանքի վերջին շաբաթը շատ ակտիվ էր (Մատթ. 21։23; 23։1; 24։3)։ Որպես Քրիստոսին ընդօրինակողներ՝ մենք նույնպես սիրուց ենք մղված՝ ‘ջանք թափելու’ Եհովայի ծառայության մեջ (Ղուկ. 13։24)։ Կարո՞ղ ես միջոցներ ձեռք առնել՝ ապրիլ ամսվա ծառայությանն ավելի շատ ժամանակ տրամադրելու։
3 Այս տարի Տիրոջ Հիշատակի երեկոն կկայանա ապրիլի 19–ին՝ չորեքշաբթի օրը։ Քանի՞ հոգի ներկա կգտնվի այդ նշանավոր իրադարձությանը. մեծ մասամբ դա կախված է մեզանից։ Կազմե՞լ ես արդեն այն մարդկանց անվանացանկը, ում մտադիր ես հրավիրել. այդ անհատների մեջ կարող են լինել նրանք, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում և մյուս հետաքրքրվող անհատները, բարեկամներդ, աշխատակիցներդ կամ համադասարանցիներդ։ Արդեն զրուցե՞լ ես նրանց հետ այդ մասին և հրավիրե՞լ ես նրանց՝ ներկա գտնվելու։ Մտադի՞ր ես հիշեցնել նրանց այդ մասին Հիշատակի երեկոյից մի քանի օր առաջ։ Տեղյա՞կ ես՝ նրանք ունե՞ն քո ուղեկցության կարիքը։ Երեցները պետք է հրավիրեն նաև ծառայության մեջ ոչ ակտիվ դարձած քարոզիչներին։ Այն, որ Հիշատակի երեկոն ընկնում է ոչ թե հանգստյան օրերին, այլ՝ շաբաթվա ընթացիկ օր, բոլորովին էլ չի նվազեցնում այդ միջոցառմանը ներկա գտնվելու կարևորությունը։
4 Նախապատրաստված եղիր։ Կարևոր է, որպեսզի պատրաստված և տրամադրված ներկա գտնվենք Հիշատակի երեկոյին։ Պողոսն իր հավատակիցներին հորդորեց լրջորեն վերաբերվել այդ միջոցառմանը (Ա Կորնթ. 11։20—26)։ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կարելի է ընթերցել Հովհաննեսի ավետարանի 13—17 գլուխները, որից հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է պատմել, թե Հիսուսի զոհաբերությունն ինչ նշանակություն ունի իր համար։ Մի մոռացիր նաև Աստվածաշնչի այն շաբաթվա ամենօրյա ընթերցանության մասին, որի մեջ մտնում է Հիշատակի երեկոն։
5 Մեր սերը դեպի Քրիստոսը է՛լ ավելի է աճում, ու կշարունակի աճել նաև ապրիլի 19–ից հետո։ Մենք վճռել ենք նրա հանդեպ սեր ցուցաբերել հավիտյան, և այս տարվա Հիշատակի երեկոն կօգնի մեզ՝ այդ հարցում ավելի հաստատուն լինելու։