«Այս արէք իմ յիշատակի համար»
Հիսուսի մահվան օրը նշվելու է ապրիլի 2–ին
1. Ինչո՞վ է կարևոր 2007 թ. ապրիլի 2–ը։
1 2007 թ. ապրիլի 2–ին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավաքվելու են, որպեսզի նշեն Հիսուսի զոհաբերական մահը։ Հիսուսը մահացավ այն պատճառով, որ պաշտպանեց իր երկնային Հոր գերիշխանությունը. այդպիսով նա քողազերծեց Բանսարկու Սատանայի այն սուտ մեղադրանքը, թե մարդիկ Աստծուն ծառայում են միմիայն եսասիրական շարժառիթներով (Յոբ 2:1–5)։ Տիրոջ ընթրիքը մեզ նաև հիշեցնում է, որ Հիսուսը, մահանալով որպես կատարյալ, անմեղ մարդ, «շատերի փոխանակ իր անձը փրկանք տվեց» (Մատթ. 20:28)։ Ուստի իր աշակերտներին նա հետևյալ պատվերը տվեց. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկ. 22:19)։ Աստծու այս թանկագին նվերի հանդեպ քո երախտագիտությունը մղե՞լ է արդյոք քեզ, որ սկսես պատրաստություններ տեսնել սիրո այս գերազանց արարքը նշելու համար (Յովհ. 3:16)։
2. Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը Հիշատակի երեկոյին։
2 Պատրաստիր քո սիրտը։ Քննելով այն դեպքերը, որոնք կատարվեցին Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերից յուրաքանչյուրում՝ մենք կարող ենք պատրաստել մեր սիրտը նրա մահվան Հիշատակի երեկոյին (Եզր. 7:10)։ Այս հարցում մեզ կօգնի Աստվածաշնչի ընթերցանության այն հատուկ գրաֆիկը, որ զետեղված է 2007 թ. «Գրությունները քննենք» գրքույկում և 2007 թ. «Օրացույցում»։ Ընթերցանության այս գրաֆիկում ներկայացվող դեպքերը ճշգրտորեն համապատասխանում են այն դեպքերին, որոնք տեղի ունեցան Հիսուսի մահվանը նախորդող օրերին, և այն կազմված է մեր ներկայիս օրացույցի համաձայն։ Աստվածաշնչում հիշատակվող օրերն ու ամսաթվերը բերված են հրեական օրացույցի հիման վրա, ըստ որի՝ օրերը հաշվվում էին արևամուտից մինչև արևամուտ։ Այս տարբերությունը հաշվի է առնվել և ըստ այդմ էլ կազմվել է Երեկոյի համար նախատեսված ընթերցանության գրաֆիկը։ Այս հատվածները քննելը և Աստծու սիրո խորության մասին խորհրդածելը կօգնեն մեզ լիարժեք օգուտներ քաղել Հիշատակի երեկոյից։
3. Ի՞նչ կարող ենք անել, որ հետաքրքրվողներն ու ոչ ակտիվ քարոզիչները օգուտներ քաղեն Հիշատակի երեկոյից։
3 Հրավիրիր ուրիշներին։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի փետրվարի համարում հայտարարվեց մի հատուկ քարոզարշավի մասին, որի նպատակն է հրավիրել մարդկանց այս կարևոր իրադարձությանը։ Այս քարոզարշավին լիարժեքորեն մասնակցելու համար արդեն միջոցներ ձեռնարկե՞լ ես։ Իսկ ծանոթներիդ հրավիրելու համար ցուցակ կազմե՞լ ես և սկսե՞լ ես արդյոք նրանց հետ կապ հաստատել։ Ծրագրիր բավական վաղօրոք գալ Հիշատակի երեկոյի անցկացման վայր, որպեսզի ողջունես քո կողմից հրավիրվածներին, ինչպես նաև մյուս հետաքրքրվող անձանց։ Լավ կլինի, որ նստես նրանց կողքին, ինչպես նաև ապահովես նրանց Աստվածաշնչով ու երգարանով։ Նրանց ծանոթացրու ժողովի մյուս անդամների հետ։ Ծրագրից հետո պատրաստ եղիր պատասխանելու նրանց հարցերին։ Հրավիրիր հատուկ հանրային ելույթին, որը կներկայացվի ապրիլի 15–ին։ Իսկ երեցները հատկապես հետաքրքրված կլինեն, որ նրանք, ովքեր համագործակցել են ժողովի հետ, սակայն այժմ դարձել են ոչ ակտիվ քարոզիչներ, Հիշատակի երեկոյի և հատուկ հանրային ելույթի հրավիրատոմս ստանան։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց հոգևոր քայլեր կատարել Հիշատակի երեկոյից հետո։
4 Օգնենք հետաքրքրվող անձանց և ոչ ակտիվ քարոզիչներին քայլեր կատարել։ Հիշատակի երեկոյի ելույթը ներկայացնող եղբայրը համառոտ կբացատրի, որ մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք առաջարկում, և նորերին կքաջալերի, որ շարունակեն գիտելիքներ ձեռք բերել Եհովայի մասին։ Ուստի նրա խոսքերը հիշատակելով՝ քո կողմից հրավիրվածներին կարող ես ասել, որ պատրաստ ես օգնելու նրանց այդ հարցում։ Եթե նրանք դեռ Աստվածաշունչ չեն ուսումնասիրում, Երեկոյից շատ չանցած այցելիր նրանց և ցույց տուր, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Նրանց հոգևոր աճը կախված է նաև ժողովի հանդիպումներին հաճախելուց (Եբր. 10:24, 25)։ Ուստի հորդորիր կանոնավորաբար հաճախել հանդիպումներին։ Երեցները պետք է այցելեն այն ոչ ակտիվ քարոզիչներին, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին, և օգնեն նրանց խորհրդածել ելույթում ներկայացված մտքերի շուրջ։ Այդպիսով նրանք գուցե ցանկանան վերսկսել իրենց համագործակցությունը ժողովի հետ։
5. Ինչպե՞ս կարող է Հիշատակի երեկոյի արարողությունը անդրադառնալ մեզ վրա։
5 Հիշատակի երեկոյի արարողությունը մեզ հնարավորություն է տալիս լրջորեն խորհելու այն մասին, թե ինչ են մեզ համար արել Եհովան և Հիսուսը։ Այսպիսի խորհրդածությունը խորացնում է մեր սերը նրանց հանդեպ և անդրադառնում է մեր վարքի վրա (Բ Կորնթ. 5:14, 15; Ա Յովհ. 4:11)։ Հիմա ժամանակն է, որ ինքներս մեզ, ինչպես նաև հետաքրքրվող անհատներին պատրաստենք այս կարևոր իրադարձությանը, որի ժամանակ մենք «Տիրոջ մահն ենք պատմում» (Ա Կորնթ. 11:26)։