‘Լսեք և ավելացրեք ուսումը’
1 «Առակաց» գիրքը խոսում է իմաստության մասին, որը կոչ է անում. «Լսեցէք, որովհետեւ ազնիվ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։ Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը [«խոհականութիւնը», Արևմտ. Աստ]. ....լսեցէք ինձ. եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։ Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ’ստանայ» (Առակ. 8։6, 14, 32, 35)։ Այս խոսքերում շատ հստակ նկարագրվում է այն ուսուցումը, որը սպասում է մեզ «Աստծո Խոսքի ուսուցիչները» անվանումը կրող նահանգային համաժողովին։
2 Համաժողովի ծրագիրը կազմելուց առաջ հաշվի է առնվել համաշխարհային եղբայրության բոլոր կարիքները, և ըստ այդմ էլ ծրագիր կազմվել՝ այդ կարիքները բավարարելու նպատակով։ Եթե կիրառենք համաժողովում հնչած ոգևորիչ ուսուցումը և գործնական խորհուրդները, ապա երջանկություն ձեռք կբերենք, Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ կպահպանենք և հավիտենական կյանքի առաջնորդող ճանապարհից չենք շեղվի։ Անկասկած, մենք լուրջ պատճառներ ունենք ‘լսելու և ուսումը ավելացնելու’ (Առակ. 1։5)։
3 Ծրագրից առաջ։ Որպեսզի լիարժեք օգուտներ քաղենք ներկայացվելիք թեմաներից, մինչև ծրագիրը սկսվելը պետք է արդեն մեր տեղերում լինենք և մտովի պատրաստ՝ լսելու։ Դրա համար անձնական կազմակերպվածություն է հարկավոր։ Հիմնական ազդակներից մեկն է առավոտյան վաղ արթնանալը։ Համաժողովի նախորդ օրը վաղ պառկեք քնելու։ Առավոտյան շուտ արթնացեք, որպեսզի ձեզ հետ օթևանողներից յուրաքանչյուրին հնարավորություն տաք նույնպես պատրաստվելու և թեթև նախաճաշելու։ Վաղ եկեք համաժողովն անցկացնելու վայր, որպեսզի կարողանաք նստելու տեղ գտնել և հոգ տանել անհրաժեշտ բաների մասին մինչև ծրագիրը սկսվելը։ Ամեն օր դռները կբացվեն առավոտյան ժամը 8–ին, իսկ ծրագիրը կսկսվի ժամը 9։30–ին։
4 Քանի որ հավաքույթների գլխավոր նպատակը «ժողովուրդների մէջ» Եհովային փառաբանելն է, հետևաբար համաժողովի ծրագրի յուրաքանչյուր մաս պետք է սկսենք այնպես, որ փառաբանություն բերվի մեր Աստծուն (Սաղ. 26։12)։ Դա նշանակում է, որ բոլորս պետք է նստած լինենք մեր տեղերում մինչև բացման երգի հայտարարվելը։ Սա ներդաշնակ է հետևյալ սուրբգրային խորհրդի հետ. «Ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի» (Ա Կորնթ. 14։40)։ Ի՞նչ նշանակություն ունի դա մեզանից յուրաքանչյուրի համար։ Երբ նկատում եք, որ Թագավորության մեղեդին հնչելիս նախագահող եղբայրն արդեն բեմի վրա է գտնվում, շտապեք զբաղեցնել ձեր տեղերը։ Այդպիսով՝ դուք կմիանաք ընդհանուր երգեցողությանը (երգով սկսվում է համաժողովի յուրաքանչյուր բաժինը) և կմասնակցեք Եհովայի փառաբանմանը (Սաղ. 149։1)։
5 Ծրագրի ընթացքում։ Եզրասը «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ» (Եզրաս 7։10)։ Ինչպե՞ս կարող ենք մենք պատրաստել մեր սիրտը, որպեսզի ստանանք այն ուսուցումը, որը տալիս է մեզ Եհովան։ Տպագրված թերթիկի վրա ծրագրի տարբեր մասերի վերնագրերն աչքի անցկացնելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ է ուզում Եհովան հայտնել ինձ այս ծրագրի միջոցով։ Ինչպե՞ս կարող եմ կիրառել այս տեղեկությունները հօգուտ ինձ ու ընտանիքիս» (Ես. 30։21; Եփես. 5։17)։ Այս հարցերը անընդմեջ ուղղեք ինքներդ ձեզ ամբողջ ծրագրի ընթացքում։ Նոթագրեք այն խորհուրդները, որոնք պատրաստվում եք կիրառել։ Համաժողովի բոլոր օրերին յուրաքանչյուր բաժնի ավարտից հետո ժամանակ հատկացրեք դրանք քննարկելուն։ Դա կօգնի ձեզ հիշել և կիրառել այդ խորհուրդները։
6 Հնարավոր է, որ դժվարանանք մի քանի ժամ անընդմեջ կենտրոնացած լսել։ Ի՞նչը կարող է օգնել մեզ չշեղվել մտքով։ Ճիշտ օգտվենք մեր տեսողությունից։ Մեծ մասամբ մեր ուշադրությունը կենտրոնանում է այն բանի վրա, ինչին որ նայում ենք (Մատթ. 6։22)։ Ուստի, աշխատեք զսպել ձեզ և մի շրջվեք ամեն մի աղմուկից կամ շարժումից։ Ձեր աչքերը ուղղեք ելույթ ունեցողի վրա։ Երբ սուրբգրային համար է ընթերցվում, հետևեք ձեր Աստվածաշնչով և, քանի դեռ բացատրվում է այդ համարը, բաց վիճակում պահեք գիրքը։
7 Քրիստոնեական սերը կմղի մեզ ծրագրի ընթացքում չխանգարել ուրիշներին (Ա Կորնթ. 13։5)։ Ծրագրի ընթացքը «լռելու ժամանակ» է և լսելու (Ժող. 3։7)։ Ուրեմն, խուսափենք անհարկի զրույցներից և անցուդարձերից։ Աշխատենք քիչ գնալ–գալ զուգարան՝ փորձելով թողնել դա ընդմիջմանը։ Ծրագրի ընթացքում ցանկալի է խուսափել ուտելուց կամ խմելուց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է առողջական խնդիրների հետ։ Բջջային հեռախոսներ, փեյջերներ, տեսաձայնագրիչներ և լուսանկարչական ապարատներ ունեցողներին հարկավոր է դրանք այնպես օգտագործել, որ չխանգարեն ուրիշներին։ Ծնողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ծրագրի ժամանակ ամբողջ ընտանիքով միասին նստեն, այդ թվում նաև իրենց դեռահաս երեխաների հետ։ Այդպիսով նրանք կկարողանան իրենց երեխաներին հսկել ինչպես հարկն է (Առակ. 29։15)։
8 Մի երեց, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ներկա է լինում համաժողովներին, նկատեց. «Ինձ համար այս համաժողովը անկրկնելի էր մեկ այլ պատճառով ևս... Գրեթե բոլոր ունկնդիրները նշումներ էին անում. նշումներ էին անում նույնիսկ երեխաները։ Հաճելի էր դա տեսնելը։ Նրանք գործածում էին իրենց Աստվածաշնչերը, երբ ելույթ ունեցողը հրավիրում էր բաց անել դրանք»։ Այսպիսի ուշադրությունն իսկապես գովասանքի է արժանի։ Դա ոչ միայն օգուտներ է բերում մեզ և մեր հարևանությամբ նստածներին, այլև փառաբանություն է բերում մեր Մեծ Խրատողին՝ Եհովա Աստծուն (Ես. 30։20, ՆԱ)։