Հասեք ձեր աշակերտի սրտին
1 Մինչև երկինք համբարձվելը Հիսուսը հանձնարարեց իր աշակերտներին սովորեցնել մարդկանց «պահել» իր պատվիրած բոլոր բաները (Մատթ. 28։19, 20)։ Եթե անհատը մտադիր է «պահել» Քրիստոսի հրահանգները, նախ դրանք պետք է հասնեն նրա սրտին (Սաղ. 119։112)։ Իսկ ինչպե՞ս կարող եք դիպչել Աստվածաշունչն ուսումնասիրող անհատի սրտին։
2 Եհովայից առաջնորդություն խնդրեք։ Աշակերտներ դարձնելը Աստծո գործն է։ Հաջողության հասնելու համար նրա օրհնության կարիքը կա, ոչ թե՝ մեր ընդունակությունների (Գործք 16։14; Ա Կորնթ. 3։7)։ Այսպիսով՝ մարդկանց ճշմարտությունը սովորեցնելու համար Եհովայից օգնություն խնդրելը կարևոր է (Ես. 50։4)։
3 Փորձեք իմանալ՝ ինչին է հավատում աշակերտը։ Երբ իմանում ենք՝ ինչին են հավատում մարդիկ և ինչու, հասկանում ենք, թե ինչ կարող ենք ասել, որպեսզի մեր խոսքերը հասնեն նրանց սրտին։ Ինչո՞ւ են աշակերտի համար որոշակի ուսուցումներ գրավիչ։ Ի՞նչն է համոզել նրան, որ դրանք ճշմարիտ են։ Այսպիսի հարցերի պատասխանները ստանալով՝ մենք կկարողանանք նրա հետ խոսել՝ խորաթափանցություն դրսևորելով (Գործք 17։22, 23)։
4 Գործածեք տրամաբանական, սուրբգրային հիմնավորում։ Ճշմարտությունը պետք է հասկանալի լինի աշակերտին (Գործք 17։24–31)։ Մեր ունեցած հույսի մասին պետք է հիմնավոր պատճառ ներկայացնենք (Ա Պետ. 3։15)։ Դա պետք է անենք սիրալիր և համբերատար կերպով։
5 Սովորեցրեք օրինակներով։ Օրինակների գործածությունը ոչ միայն հեշտացնում է բացատրածը հասկանալ, այլև հույզեր է առաջ բերում։ Դրանք և՛ տպավորվում են աշակերտի մտքում, և՛ դիպչում նրա սրտին։ Հիսուսը հաճախ էր խոսում օրինակներով կամ առակներով (Մարկ. 4։33, 34)։ Ինչ խոսք, դրական արդյունքների հասնելու համար լավ կլինի, որ բերված օրինակները առնչություն ունենան քննարկվող նյութի հետ և ինչ–որ կերպ կապված լինեն աշակերտի կյանքի հետ։
6 Ցույց տվեք ճշմարտությունն ընդունելու օգուտները։ Մարդիկ ցանկանում են իմանալ, թե իրենց սովորածը կիրառելը ինչ օգուտներ կբերի։ Օգնեք ձեր աշակերտին տեսնել Բ Տիմոթէոս 3։14–17-ում արձանագրված Պողոսի խոսքերում ամփոփված իմաստությունը։
7 Մի վհատվեք, եթե ոմանք չեն արձագանքում ձեր ուսուցումներին։ Բոլոր սրտերը չեն, որ արձագանք են տալիս (Մատթ. 13։15)։ Այնուհանդերձ, որոշ մարդիկ քրիստոնյա են դառնում (Գործք 17։32–34)։ Թող որ ձեր՝ մարդկանց սրտերին հասնելու նպատակով գործադրած ջանքերի շնորհիվ ավելի մեծ թվով անհատներ ընդունեն և «պահեն» Հիսուսի պատվերները։