Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
«Երկյուղ» բառի նշանակություններից մեկն է՝ «խորը հարգանք և ակնածանք հատկապես Աստծո հանդեպ»։ Սա առողջ երկյուղի նկարագրություն է, որը Գրություններում հանդես է գալիս որպես «իմաստութեան սկիզբ» (Սաղ. 111։10)։ Հակառակ դրան՝ մեզ շրջապատող Սատանայի աշխարհում մեկ այլ տեսակի վախ է տիրում։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդպիսի վնասակար զգացումից և, դրա փոխարեն, Եհովայի հանդեպ ակնածալից երկյուղ զարգացնել։ Այս հարցին կպատասխանի 2002 թ. ծառայողական տարվա նոր շրջանային համաժողովի ծրագիրը։ Համաժողովի թեման է՝ «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան» (Յայտն. 14։7)։ Այս միջոցառման ժամանակ մենք կիմանանք այն մասին, թե ինչ բազում կերպերով կարող է Եհովայի երկյուղը օգուտներ բերել թե՛ մեզ՝ որպես անհատների, և թե՛ կազմակերպությանը։
Չնայած որ վախը կարող է անհանգստության կամ անհամարձակության զգացում առաջացնել, նաև դժկամություն՝ դժվար իրավիճակները հաղթահարելու, սակայն Աստվածաշունչն ասում է. «Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են» (Սաղ. 128։1)։ Համաժողովի ծրագիրը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք հաջողությամբ հաղթահարել ճշմարիտ երկրպագության հետ կապված դժվարությունները։ Կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել նորերին զարգացնելու այդպիսի առողջ աստվածավախություն, որն իսկապես կմղի նրանց ծառայել Աստծուն ամբողջ սրտով, մտքով և զորությամբ (Մարկ. 12։30)։ Առաջին օրվա ծրագիրը կեզրափակի շրջանային վերակացուն իր՝ «Ավելի մտերմացեք նրանց հետ, ում սիրում եք» վերնագրով ելույթով։ Նա կբացատրի, թե ինչպես կարող ենք զգոնություն դրսևորել, որպեսզի մեզ հաջողվի խափանել Եհովայից, մեր ընտանիքից և քրիստոնյա եղբայրներից մեզ հեռացնելու Սատանայի ջանքերը։
«Երկյուղեք Եհովայից, ոչ թե մարդկանցից» խորագրով ելույթների շարքը՝ բաղկացած չորս մասից, կներկայացվի երկրորդ օրը։ Այս բաժնում կբացատրվի, թե ինչու և ինչպես պետք է հաղթահարենք այնպիսի վախը, որը խոչընդոտ է հանդիսանում մեզ լիարժեք ծառայություն կատարելու կամ դպրոցում և աշխատանքի վայրում ազնվություն ու մաքուր խիղճ պահպանելու հարցում։ Կներկայացվի «Երկյուղեք Եհովայից և պահեք նրա պատվերները» վերնագրով հանրային ելույթը, որը հիմնված է «Յայտնութիւն» գրքի 14–րդ գլխում հերթականությամբ նկարագրված իրադարձությունների վրա։ Այս երկօրյա շրջանային համաժողովի ծրագիրը կեզրափակվի հետևյալ քաջալերական խոսքերով. «Շարունակե՛ք ընթանալ Եհովայի երկյուղով»։
Ինչ խոսք, չենք ցանկանա բաց թողնել Աստվածապետական ծառայության դպրոցը, տիպարային Ծառայողական հանդիպումը, մկրտության թեմայով ելույթն ու Դիտարանի համառոտ ուսումնասիրությունը, որոնք բոլորն էլ կարևոր բաժիններ են ծրագրում։ Հրավիրեք Աստվածաշնչի ձեր աշակերտներին ձեզ հետ միասին ներկա լինել համաժողովին։ Այն անհատները, որոնք ցանկանում են մկրտվել, պետք է այդ մասին հայտնեն նախագահող վերակացուին և հնարավորին չափ շուտ։ Մենք բոլորս էլ կցանկանանք առողջ երկյուղ դրսևորել Եհովայի հանդեպ և փառք բերել նրան՝ այս հիանալի ծրագրից ոչ մի մաս բաց չթողնելով։