‘Միշտ բարին գործելու հետամուտ եղեք’
1 Քրիստոնյան պետք է «միշտ.... բոլորի հանդէպ բարին գործելու հետամուտ» լինի (Ա Թեսաղ. 5։15)։ Մարզային համաժողովները ուրիշների հանդեպ բարին գործելու լայն հնարավորություններ են ստեղծում։ Այս միջոցառումների օրերին մենք մարդկանց ուշադրության կենտրոնում ենք գտնվում, և այն, թե նրանք ինչ կարծիք կկազմեն մեր մասին, կախված է նրանց հանդեպ մեր վերաբերմունքից։ Մեր՝ Եհովայի վկաներ անունը բարի պահելու համար պետք է գործով ցույց տանք, որ բոլոր մարդկանց հարգում ենք (Ա Պետ. 2։17)։ Դա նշանակում է, որ մենք միայն մեր շահը չպետք է փնտրենք, այլ ընկերոջ շահն էլ (Փիլիպ. 2։4)։ Եկեք քննենք, թե այս սկզբունքն ինչպես կարելի է կիրառել կացարան պատվիրելիս։
2 Կացարան պատվիրե՞լ եք արդեն։ 1) Քանի որ հանրակացարանի ղեկավարությունը և բնակարանների տանտերերը ուզում են, որ բոլոր ազատ սենյակները զբաղեցվեն, ապա ձեզ պետք եղածից ավել կացարան մի՛ պատվիրեք։ 2) Խնդրում ենք կացարանի հայտերը փոստով ուղարկել համաժողովի կոմիտեին։ Կացարաններ մի՛ պատվիրեք հեռախոսով։ 3) Երբ կացարան եք պատվիրում որևէ մի հաստատությունում, համբերող և հարգալից եղեք աշխատողների նկատմամբ, քանի որ նրանք ջանում են օգտակար լինել ձեզ։ 4) Երախտապարտ եղեք տանտերերին իրենց հյուրասիրության համար։ 5) Եթե հյուրանոցում եք սենյակ վարձել, ենթարկվեք այնտեղ ընդունված կարգուկանոնին՝ կապված գույքի օգտագործման հետ։ 6) Եթե ընդունված է, տնտեսուհու համար փոքր դրամական նվեր թողեք։
3 Սովորեցրեք երեխաներին բարին գործել։ Երբեմն երեխաները, առանց համապատասխան հսկողության մնալով, հյուրանոցներում պրոբլեմներ են առաջ բերել (Առակ. 29։15, Արևմտ. Աստ.)։ Եղել են դեպքեր, երբ ծնողները, ինչ–որ բանով զբաղված լինելով, երեխաներին առանց հսկողության են թողել սենյակում, դրսում կամ մեկ ուրիշ տեղ։ Երեխաներից ոմանք այն աստիճան վատ են իրենց պահել, որ հյուրանոցի տնօրենը արգելել է նրանց լողավազանից օգտվել կամ ընդհանրապես փակել է այն՝ հանգստի մյուս վայրերի հետ միասին։ Արդյունքում տուժել են հյուրանոցի բոլոր հյուրերը։
4 Ծնողնե՛ր, օգտակար կլինի, եթե մինչև համաժողովը ժամանակ հատկացնեք և ձեր երեխաների հետ քննարկեք, թե որն է քրիստոնյային վայել վարքը, որ նրանք պետք է ցույց տան ամեն ժամանակ և ամենուր (Եփես. 6։4)։ Օրինակ՝ խոսեք նրանց հետ այն մասին, որ քրիստոնեական անկեղծ սերը «անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում» (Ա Կորնթ. 13։5)։ Այս խոսքերը երեխաների համար կարող են ավելի մեծ նշանակություն ստանալ, եթե նրանք տեսնեն հենց իրենց ծնողների օրինակը։ Երեխանե՛ր, դուք կարող եք հետամուտ լինել բարի գործերի՝ հնազանդվելով ձեր ծնողներին, խնամքով վերաբերվելով կացարանի գույքին, ուշադիր լինելով ձեր շուրջը գտնվող մարդկանց հանդեպ (Կող. 3։20)։ Մինչ միասնաբար ձգտում ենք բոլորի հանդեպ բարին գործել, ամեն ինչում ‘զարդարում ենք մեր Փրկչի՝ Աստծո վարդապետությունը’ (Տիտոս 2։10)։
5 Մեր բարի վարքը դրական ազդեցություն է թողնում ոչ միայն մեր շրջապատի մարդկանց վրա, այլև նրանց վրա, ովքեր տարբեր պատճառներով քննադատորեն են մեզ վերաբերվում։ Ինչ էլ որ անենք համաժողովի ընթացքում և նրանից հետո՝ զբոսնենք փողոցում, ընթրենք ռեստորանում, հանգստանանք սենյակում թե, առիթից օգտվելով, անպաշտոն վկայություն տանք, ամեն ինչում մեր խոսքերն ու գործերը պետք է փաստեն, որ ցանկանում ենք հետամուտ լինել բարի գործերի։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Մի քանի հիշեցումներ
■ Եղեք համբերատար և հարգալից հանրակացարանի ղեկավարության և բնակարանների տանտերերի նկատմամբ, նաև խնամքով վերաբերվեք գույքին։
■ Ենթարկվեք կարգուկանոնին, որ սահմանված է հանրակացարանում կամ տվյալ բնակարանում։
■ Երախտապարտ եղեք տանտերերին իրենց հյուրասիրության համար։
■ Համապատասխան հսկողության տակ պահեք ձեր երեխաներին։