Բավարարեք ձեր հոգևոր կարիքները
1 «Թագավորության եռանդուն քարոզիչները» անվանումը կրող մարզային համաժողովը հիանալի հնարավորություն կտա մեր հոգևոր կարիքները բավարարելու։ Առողջարար սննդի նման, համաժողովի ծրագիրը անշուշտ հոգևորապես կսնուցանի մեզ «հաւատի խօսքերով» (Ա Տիմոթ. 4։6)։ Այն ավելի կմտերմացնի մեզ Եհովայի հետ։ Եվ մենք կարող ենք ակնկալել, որ խորհուրդ ու քաջալերանք կստանանք, որոնք կօգնեն մեզ դիմագրավելու կյանքում պատահող փորձությունները։ Եհովան վստահեցնում է մեզ. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղ. 32։8)։ Ի՜նչ մեծ օրհնություն է այս սիրալիր առաջնորդությունը կյանքում ունենալը։ Քննենք, թե ինչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել՝ առավելագույն օգուտներ քաղելու համաժողովի ծրագրից։
2 Հարկավոր է պատրաստել մեր սրտերը։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պահպանել իր այլաբանական սիրտը (Առակ. 4։23, Արևմտ. Աստ.)։ Դրա համար պահանջվում է ինքնակարգապահություն դրսևորել և ինքներս մեզ հետ անկեղծ լինել։ Համաժողովը հարմար առիթ է խորհրդածելու Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերության մասին, և հարմար ժամանակ՝ ‘աչքներս հառած նայելու ազատության կատարյալ օրենքին’։ Որպեսզի պատրաստենք մեր սրտերը ընդունելու մեր մեջ «սերմանուած խօսքը», մենք պետք է խնդրենք Եհովային, որ նա քննի մեզ և տեսնի, թե «չար ճանապարհում» չե՞նք արդյոք, որ ուղղի և առաջնորդի մեզ դեպի «յաւիտենական ճանապարհը» (Յակ. 1։21, 25; Սաղ. 139։23, 24)։
3 Լսեք և խորհրդածեք։ Հիսուսը գովեց Մարիամին, քանի որ վերջինս ուշադիր լսում էր նրա խոսքերը։ Նա ասաց. «Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի» (Ղուկ. 10։39, 42)։ Եթե մենք էլ ցանկանում ենք «լաւ մասը» ընտրել, ապա թույլ չենք տա, որ ինչ–որ աննշան բաներ շեղեն մեր ուշադրությունը։ Ամբողջ ծրագրի ընթացքում կնստենք մեր տեղերում և ուշադիր կլսենք։ Կխուսափենք խոսելուց ու հենց այնպես զբոսնելուց, զգույշ կլինենք, որ ուրիշների ուշադրությունը չշեղենք մեր բջջային հեռախոսներով, փեյջերներով, լուսանկարչական ապարատներով ու տեսախցիկներով։
4 Ելույթները լսելիս լավ է կարճ գրառումներ անել, ինչը կօգնի մեզ մտածել, թե ինչպես կզարգանա թեման։ Կարող ենք մեր լսածը կապել արդեն իմացածի հետ։ Դա կօգնի մեզ հասկանալու և մտապահելու նյութը։ Մեր կատարած գրառումները վերանայելիս պետք է մտածենք, թե ինչպես կարելի է տվյալ նյութը կիրառել։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարց տալ. «Ինչպե՞ս է այս նյութը ազդում Եհովայի հետ իմ փոխհարաբերության վրա։ Կյանքումս ի՞նչ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն ունեմ։ Ինչպե՞ս կարող եմ այս ամենը կիրառել ուրիշների հետ վերաբերվելիս և ծառայության մեջ»։ Ուրիշների հետ քննարկեք ծրագրի այն կետերը, որոնք ձեզ հատկապես դուր են եկել։ Այս քայլերը կօգնեն մեզ «[մեր] սրտի մէջ» պահելու Եհովայի ասածները (Առակ. 4։20, 21)։
5 Կիրառենք մեր սովորածը։ Մարզային համաժողովից հետո ներկաներից մեկն ասաց. «Համաժողովի ծրագիրն ասես անհատապես յուրաքանչյուրին ուղղված լիներ, մղում էր մարդուն քննելու իր սրտի վիճակը, նաև տեսնելու, թե ինչ կա ընտանիքի անդամների սրտերում, և յուրաքանչյուրին տալու անհրաժեշտ սուրբգրային օգնությունը։ Այստեղ ավելի շատ բան իմացա իմ պարտականության մասին, թե ինչպես կարող եմ ավելին անել ժողովի համար»։ Հնարավոր է՝ մեզանից շատերն են այսպիսի զգացումներ ունեցել։ Սակայն մեր հոգևոր կարիքները բավարարելու համար բավական չէ միայն քաջալերություն ու թարմություն ստանալը։ Հիսուսն ասաց. «Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» (Յովհ. 13։17)։ Մենք պետք է ջանասիրաբար կիրառենք այն խորհուրդները, որոնք անհատապես մեզ են վերաբերում (Փիլիպ. 4։9)։ Սա է մեր հոգևոր կարիքները լիովին բավարարելու գլխավոր միջոցը։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Խորհրդածիր այն ամենի շուրջ, ինչ լսում ես
■ Ինչպե՞ս կարող են լսածս բաները ազդել Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերության վրա։
■ Ինչպե՞ս են դրանք ազդում ուրիշների հանդեպ իմ վերաբերմունքի վրա։
■ Ինչպե՞ս կարող եմ այդ ամենը կիրառել կյանքում և ծառայության մեջ։