Համեստություն՝ հագուստի և հարդարանքի հարցում
1 «Բոլոր տղամարդիկ, նույնիսկ փոքր տղաները փողկապ են կրում։ Բոլոր կանայք ու աղջիկները կամ զգեստ են հագնում, կամ էլ շրջազգեստ։ Նրանց մեջ չես տեսնի մեկին, որ ջինսից տաբատ հագած լինի կամ վերնաշապիկի օձիքը՝ անփութորեն արձակված։ Բոլորն ասես փայլում են»։ Այսպես հաղորդեցին լուրերի մի թողարկման ժամանակ։ Ի՞նչ տեսակ մարդկանց մասին էր խոսքը։ Համագումարի եկած քաղաքական գործիչների՞, մարզախաղ դիտելու համար հավաքվածների՞, թե՞ ռոք երգիչների համերգին ներկա եղող հանդիսատեսների։ Իհարկե ո՛չ։ Խոսքը մեր քույրերի ու եղբայրների մասին է, որոնք անցած ամառ ներկա են եղել մարզային մեծ համաժողովին։
2 Մեկ ուրիշ քաղաքում, որտեղ նույնպես համաժողով էր անցկացվել, մի լրագրող Վկաների մասին այսպես արտահայտվեց. «Բոլոր տղամարդիկ կոկիկ տեսք ունեին, կոստյում էին հագել և փողկապ էին կրում։ Կանանց հագուստը համեստ էր, բայց՝ ճաշակով»։ Մեկ ուրիշը՝ անվտանգության մի աշխատակից, ասաց. «Դուք լավ վարքի տեր, հարգալից, մաքուր և կոկիկ ժողովուրդ եք։ Ես հիանում եմ ձեզանով։ Ձեզ հաջողվել է մաքրվել այս աշխարհի կեղտից»։ Վկայության ինչ հրաշալի խոսքեր՝ մեր հասցեին ուղղված։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ մեր եղբայրության մասին այսքան լավ են արտահայտվում մարդիկ։ Եվ գովասանքի այս խոսքերը, ինչ խոսք, արդյունքն են այն բանի, որ Վկաներից յուրաքանչյուրը ձգտել է օրինակելի լինել իր արտաքին տեսքով։
3 Ամբողջ աշխարհում մենք զգալիորեն տարբերվում ենք մեր արտաքին տեսքով (Մաղ. 3։18)։ Ինչո՞ւ։ Որովհետև հետևում ենք Աստվածաշնչի հորդորին, որ «համեստ զարդարանքով [«հագուստով», ԱԹ], ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ.... զարդարուեն[ք]» (Ա Տիմոթ. 2։9, 10)։
4 Ինչի՞ մասին են խոսում ձեր հագուստն ու արտաքին տեսքը։ Այն, թե ինչ և ինչպես ենք հագնում, խոսում է մեր մասին՝ մեր հավատի, կեցվածքի ու մղումների։ Հագուստի մեր ընտրած ոճը ցույց է տալիս, թե ով ենք մենք և ինչ ենք մեզանից ներկայացնում։ Մենք երբեք չպետք է որդեգրենք այն խեղաթյուրված մտածելակերպն ու վարքը, որ տարածված է աշխարհում։ Մեզ չպետք է մտահոգի այն, թե տվյալ ոճը ժամանակակի՞ց է, թե ոչ, այլ այն, թե արդյոք պատշա՞ճ է Աստծուն ծառայողի համար (Հռովմ. 12։2)։ Անկախության ոգի դրսևորող կամ անբարո կենսակերպի մասին հուշող հանդերձանք ընտրելու փոխարեն՝ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ճշմարտապես «փառաւոր[ում ենք] Աստծուն» (Ա Պետ. 2։12)։
5 Երբեմն հնարավոր է, որ նոր, անփորձ, կամ հոգևորապես թույլ անհատները, առանց կշռադատելու, թե ինչ կմտածեն ուրիշները Եհովայի և նրա կազմակերպության մասին, ընտրեն հագուստի և հարդարանքի այնպիսի ոճ, որ գովազդում է աշխարհը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն քննության ենթարկի՝ տեսնելու, թե արդյոք իր վրա չի՞ ազդում աշխարհի մտածելակերպը։ Կարող ենք մոտենալ հարգված, հոգևորապես հասուն եղբոր կամ քրոջ և խնդրել, որ անկեղծորեն իրենց կարծիքը հայտնեն մեր հագուստի մասին, որից հետո լրջորեն մտածենք նրանց առաջարկությունների շուրջ։
6 Շատերը միանգամից համաձայնվում են, որ համաժողովի ժամանակ պետք է վայելուչ տեսք ունենալ։ Բայց ծրագրի ավարտից հետո՝ օրվա մնացած մասը, փոխվում է հագվելակերպի վերաբերյալ նրանց չափանիշը։ Հարազատ մնացեք այն բարձր չափանիշին, որը վայել է Աստծո պաշտոնյաներին (Բ Կորնթ. 6։3, 4)։ Ուր էլ որ գնանք, համաժողովի մեր պլակետկաները պատշաճ հագուստի ու հարդարանքի հետ միասին ցույց են տալիս, որ մենք Եհովայի վկաներ ենք։ Ուրեմն՝ մեր հագուստը պետք է միշտ վայելուչ և համեստ լինի, այն պետք է ցույց տա, որ մենք «այս աշխարհից» չենք (Յովհ. 15։19)։
7 Եկեք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի այս տարվա՝ «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովին մարդիկ տեսնեն, որ մենք «սուրբ ժողովուրդ [ենք մեր] Եհովայ Աստուծոյ համար»։ Այն լավ տպավորությունը, որ կթողնենք մարդկանց վրա, Եհովային ‘գովություն, համբավ և փառք’ կբերի (Բ Օրին. 26։19)։
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
Ինչպես կարող ենք փառավորել Եհովային.
■ Այնպիսի հագվելակերպով, որը վայել է Աստծուն ծառայողին։
■ Խուսափելով այնպիսի ոճից, որն անդրադարձնում է աշխարհի ոգին։
■ Հագուստի և հարդարանքի հարցում համեստ և պարկեշտ լինելով։