Հարցերի Արկղ
◼ Ի՞նչ է հարկավոր հաշվի առնել բջջային հեռախոսներ և փեյջերներ օգտագործելիս։
Դրանք այնպիսի սարքեր են, որոնց միջոցով գրեթե ցանկացած վայրից կարող ենք կապ հաստատել ուրիշների հետ։ Թեև դրանք կարող են որոշակի օգուտ տալ, մենք պետք է զգուշություն ցուցաբերենք, որպեսզի այդ սարքերի անպատեհ գործածումով մեր ծառայությունն ու քրիստոնեական հանդիպումները չնսեմացնենք։ Ինչպե՞ս։
Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, երբ քարոզչական ծառայության ընթացքում լսվի հեռախոսազանգը կամ փեյջերի բարձր ձայնը։ Ի՞նչ կմտածի տանտերը։ Իսկ ի՞նչ տպավորություն նա կստանա, եթե դադարեցնենք խոսակցությունը և պատասխանենք հեռախոսազանգին։ Իհարկե, մենք չէինք ցանկանա արգելք հանդիսանալ մարդկանց՝ Թագավորության պատգամը լսելու (Բ Կորնթ. 6։3)։ Ուստի, եթե ծառայության ժամանակ մեզ հետ կրում ենք բջջային հեռախոս կամ փեյջեր, ապա պետք է այնպես անենք, որ դրանք չխանգարեն ո՛չ մեզ, ո՛չ էլ ուրիշներին։
Իսկ ինչպե՞ս վարվենք, երբ մեր էլեկտրոնային սարքի ձայնը հնչում է այն պահին, երբ մեր հավատակիցն է վարում խոսակցությունը։ Չպե՞տք է արդյոք կենտրոնանանք ծառայությա՛ն վրա, եթե ժամանակ ենք հատկացրել դրան։ Ելնելով այն բանից, որ մեր ծառայությունը սուրբ է՝ խնդրում ենք օրվա մեկ ուրիշ ժամանակ հատկացնել այն անձնական գործերին, որոնք այդքան էլ կարևոր չեն (Հռովմ. 12։7)։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն դեպքին, երբ ծառայությունը շարունակում ենք բջջային հեռախոսի միջոցով կամ երբ պայմանավորվում ենք ծառայություն կատարելու համար։
Բջջային հեռախոսներից օգտվելիս հատկապես զգույշ պետք է լինենք այն ժամանակ, երբ ավտոմեքենա ենք վարում. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այդ ժամանակ վթարի ենթարկվելու հավանականությունը զգալիորեն մեծանում է։ Մենք պետք է խստորեն հետևենք այն բոլոր օրենքներին, որոնք սահմանափակում են բջջային հեռախոսների գործածումը ավտոմեքենա վարելիս։
Քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին ներկա լինելու մեր նպատակը Եհովային երկրպագելն է ու նրանից սովորելը։ Չպե՞տք է արդյոք մեր երախտագիտությունն այս սուրբ միջոցառումների հանդեպ մղի մեզ այնպես անելու, որ մեր հեռախոսներն ու փեյջերները չխանգարեն ոչ ոքի։ Եթե այնպիսի հարց է առաջացել, որին պետք է անհապաղ պատասխանենք, այդ դեպքում լավ կլինի դուրս գալ հանդիպման վայրից։ Իսկ եթե հնարավոր չէ այդպես վարվել, ուրեմն պետք է մեր անձնական գործերը կարգավորենք այնպես, որ դրանցով չզբաղվենք երկրպագության համար հատկացված ժամերին (Ա Կորնթ. 10։24)։
Եկեք, ուրեմն, բջջային հեռախոսներից կամ որևէ այլ էլեկտրոնային սարքավորումից օգտվելիս երբեք չմոռանանք ուրիշների հանդեպ ուշադիր լինելու և հոգևոր բաները խորապես գնահատելու մասին։