Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/05 էջ 18–20
  • Բջջային հեռախոս. բարեկա՞մ, թե՞ թշնամի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բջջային հեռախոս. բարեկա՞մ, թե՞ թշնամի
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բարիք բիզնեսի բնագավառում
  • Նոր լեզվի առաջացման պատճառ
  • Երևույթներ, որ բարեկամական չես անվանի
  • Բջջային հեռախոսն ու քաղցկեղը
  • Հարցերի Արկղ
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Հարցերի արկղ
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Նոր տեսահոլովակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար
    2014 Մեր թագավորական ծառայությունը
2005 Արթնացե՛ք
g 4/05 էջ 18–20

Բջջային հեռախոս. բարեկա՞մ, թե՞ թշնամի

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՑ

ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ «ձեռքի հեռախոս» արտահայտությունը (ինչպես երբեմն անվանում են բջջային հեռախոսը) այնքան էլ ճիշտ չէր։ Այդ հեռախոսը իր հետ կարող էր կրել միայն ուժեղ մարդը, քանի որ այն չափազանց ծանր մարտկոց ուներ։ Ձեռքի հեռախոսները կոշիկի տուփից մեծ էին և արժեին հազարավոր դոլարներ։

Այսօր ձեռքի, կամ՝ բջջային հեռախոսների թիվը հասնում է մոտ 1 միլիարդ 35 միլիոնի։ Որոշ երկրներում այդպիսի հեռախոսներ ունի քաղաքացիների կեսից ավելին։ Դրանցից շատերը տեղավորվում են ձեռքի ափի մեջ ու երբեմն անվճար են տրվում մարդկանց։a Ավստրալիական մի պարբերագրում ասվում է. «Այս սարքը գրեթե նույն տարածումն է գտել, ինչ հեռուստացույցն ու անհատական համակարգիչը՝ իրար հետ միասին» («The Bulletin»)։ Ներկայումս ավելի քան 20 երկրներում բջջային հեռախոսների թիվը գերազանցում է սովորական հեռախոսների թվին։ Մի տնտեսագետի խոսքերով՝ այս սարքը ոչ միայն տեխնիկայի հրաշք է, այլև «հասարակական երևույթ»։

Ի՞նչ ազդեցություն է գործում բջջային հեռախոսը հասարակության վրա։ Բարեկա՞մ է այն, թե՞ թշնամի։

Բարիք բիզնեսի բնագավառում

Բջջային հեռախոսը, որի վաճառքը գնալով ավելի մեծ չափեր է ձեռք բերում, բարիք է բիզնեսի բազմաթիվ բնագավառներում։ Մի մեծ ընկերության հաշվարկների համաձայն՝ «բջջային հեռախոսի վաճառահանման շուկան էլեկտրոնային սարքերի ամենամեծ սպառողական սեգմենտն է (հատված), որ երբևէ եղել է»։ Այլ կերպ ասած՝ այսօր բջջային հեռախոսների վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան անցյալում որևէ ուրիշ էլեկտրոնային սարքի։

Օրինակ՝ բջջային հեռախոս ունի Ավստրալիայի 20 միլիոն բնակիչներից ավելի քան 15 միլիոնը։ Այդ երկրի բազմաթիվ հեռախոսային ընկերություններից միայն մեկի բաժանորդները անցյալ տարի 7 միլիարդ 5 միլիոն հեռախոսազանգեր են կատարել։ Ամբողջ աշխարհում բջջային հեռախոսները միլիարդավոր դոլարների շահույթ են բերում հեռախոսակապն ապահովող ընկերություններին։ Պարզ է, ուրեմն, թե ինչու է խոշոր բիզնեսի ոլորտում բջջային հեռախոսը դիտվում որպես բարեկամ։

Նոր լեզվի առաջացման պատճառ

Այս նորագույն սարքավորումների օգնությամբ ուղարկվող կամ ընդունվող միլիոնավոր հաղորդագրությունները հաճախ ոչ թե ձայնային են, այլ գրավոր։ Մեծանում է այն մարդկանց թիվը (հատկապես երիտասարդների), որոնք խոսափողով զրուցելու փոխարեն՝ նախընտրում են օգտվել տեքստային հաղորդագրություններ (SMS) ուղարկելու հնարավորությունից։ Այս միջոցն օգնում է նրանց համեմատաբար ցածր գնով գրել և ուղարկել կարճ նամակներ։ Քանի որ նման ձևով հաղորդակցվելու համար հեռախոսի նուրբ կոճակներով տեքստը տպելու անհրաժեշտություն է առաջանում, հաղորդագրությունների սիրահարները հապավումների լեզու են օգտագործում՝ համակցելով տառերն ու թվերը։ Թեպետ ի տարբերություն բանավոր խոսակցության՝ բառը գրելու ձևեր գտնելն ու տպելը այնքան էլ հարմար միջոց չէ, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ամիս ուղարկվում են մոտ 30 միլիարդ հաղորդագրություններ։

Իսկ ինչի՞ մասին են այդ հաղորդագրությունները։ Ըստ Բրիտանիայում անցկացված մի հետազոտության՝ 18–24 տարեկան երիտասարդների 42 տոկոսը տեքստային հաղորդագրություն է ուղարկում որևէ մեկին սիրահետելու նպատակով, 20 տոկոսը հաղորդակցության այս նորաձև մեթոդից օգտվում է ժամադրվելու համար, իսկ 13 տոկոսը՝ սիրային կապերը խզելու։

Որոշ հասարակագետներ մտավախություն են հայտնում այն կապակցությամբ, որ տեքստային հաղորդագրությունների աղավաղված ուղղագրությունն ու շարահյուսությունը վնաս է հասցնում երիտասարդների գրագիտությանը։ Ոմանք, սակայն, հակառակ կարծիքին են՝ ասելով, որ այդ հաղորդագրությունները «վերստին արթնացնում են նոր սերնդի հետաքրքրությունը գրավոր խոսքի հանդեպ»։ Բառարան հրատարակող ավստրալիական մի ֆիրմայի ներկայացուցիչ այսպիսի մտքեր հայտնեց թերթերից մեկին. «Միշտ չէ, որ հնարավորություն ենք ունենում ստեղծել [լեզվի] բոլորովին նոր ոճ.... տեքստային հաղորդագրությունները [SMS] և ինտերնետային միջոցները, միասին վերցված, երիտասարդներին մղում են շատ ավելի հաճախ գրելու։ [Իրենց] մտքերը բավականաչափ ազատ և պարզ շարադրելու համար նրանք պետք է սովորեն այդ մեթոդը և տիրապետեն ժամանակակից բառերի նշանագրման.... այս ժանրին» («Sun-Herald»)։

Երևույթներ, որ բարեկամական չես անվանի

Թեպետ բջջային հեռախոսներով հարմար է թե՛ հաղորդակցվել, թե՛ զբաղվել բիզնեսով, բազմաթիվ մարդկանց դրանք ավելի շուտ գցում են կապանքների մեջ, քան բարեկամի պես օգնում։ Շատերն այնպիսի զգացում են ունենում, թե գամված են իրենց գրասենյակին։ Մի հետազոտություն ցույց տվեց, որ գովազդային գործունեությամբ զբաղվողների 80 տոկոսը և շինարարության բնագավառի աշխատողների 60 տոկոսը պարտադիր են համարում, որ իրենց աշխատողներն ու պատվիրատուները ցանկացած ժամանակ կարողանան կապ հաստատել իրենց հետ։ Մարդիկ իրենց պարտավորված են զգում պատասխանել բջջային հեռախոսի զանգին՝ անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում կամ ինչով են զբաղված։ Մի հետազոտողի կարծիքով՝ այս երևույթը կարելի է անվանել «ընդհատելու կուլտուրա»։ Սա կանխելու նպատակով՝ ինժեներները ռեստորանների և թատրոնների համար ստեղծել են այնպիսի շինանյութ, որը խոչընդոտում է բջջային հեռախոսի ազդանշանների ներթափանցումը (տե՛ս «Խորհուրդներ բջջային հեռախոսի օգտագործման վերաբերյալ» շրջանակը)։

Նյարդայնացնող ձայն ունենալուց բացի, ամենուր տարածված այս սարքավորումները պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց համար։ Կանադայում անցկացված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ բջջային հեռախոսից օգտվելով մեքենա վարելը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլի ազդեցության տակ դա անելը։ Ինչպես նշում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանին կից վնասվածքաբանության կենտրոնի պրոֆեսոր Մարկ Սթիվենսոնը, ավտոմեքենայում հեռախոսով խոսելու համար ուժերի շատ ավելի մեծ լարում է պահանջվում, քան այնտեղ նստած մարդու հետ զրուցելու։ Թեև այս երևույթը հղի է բազմաթիվ հետևանքներով, և որոշ վայրերում ոստիկանները կարող են տուգանել այդ կանոնը խախտած վարորդին, վերջերս անցկացված մի հետազոտությամբ պարզվեց, որ Ավստրալիայում 5 վարորդներից մեկը մեքենա վարելիս տեքստային հաղորդագրություններ է ուղարկել, իսկ մեկ երրորդը որևէ տեղ է զանգահարել կամ պատասխանել է զանգին։

Բջջային հեռախոսի սխալ գործածությունը կարող է վտանգավոր լինել նաև օդային ճանապարհորդությունների ժամանակ։ Թեև նոր օդանավերի հաղորդալարերը պաշտպանված են բջջային հեռախոսի ազդանշաններից, շահագործման մեջ դեռևս կան որոշ ինքնաթիռներ, որոնց վրա դրանք կարող են վատ ազդեցություն գործել։ Մի պարբերագրում ասվում է. «Երկու օդանավերում անցկացված փորձարկումների միջոցով Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը [CAA] հաստատեց, որ բջջային հեռախոսի ճառագայթումը խանգարում է թռիչքի անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքերի աշխատանքը» («New Scientist»)։ Խոսելով բջջային հեռախոսների ներկայացրած գլխավոր վտանգի մասին՝ վերոհիշյալ վարչության աշխատակիցներից մեկն ասաց. «Որքան հեռախոսը հեռանում է կայանից, այնքան նրա արձակած էներգիան մեծանում է։ Ուստի երբ օդանավը վեր է սլանում, բջջային հեռախոսի ազդանշանի էներգիան ավելանում է այնքան, որ կարող է խանգարել ինքնաթիռի էլեկտրոնային սարքերի գործունեությանը թռիչքի կարևոր պահին»։ Ավստրալիայում անցկացված մի հետազոտություն ցույց տվեց, որ անձնական էլեկտրոնային սարքավորումները, այդ թվում բջջային հեռախոսները, մի շարք դժվարություններ են առաջացրել կոմերցիոն թռիչքների ժամանակ, քանի որ ուղևորները ուշադրություն չեն դարձրել օդանավում դրանք անջատելու նախազգուշացումներին։

Բջջային հեռախոսն ու քաղցկեղը

Դեռևս չեն լռել վիճաբանություններն այն մասին, որ բջջային հեռախոսների ռադիոհաճախականությունը և հեռախոսակայանների կողմից դրանց ազդանշանների փոխանցումը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Քանի որ այս սարքերից օգտվում են հարյուր միլիոնավոր մարդիկ, եթե նրանց փոքր մասն անգամ առողջական խնդիրներ ձեռք բերի, դա մեծ դժվարություն կառաջացնի առողջապահության բնագավառում։ Ուստի մեծաթիվ գիտական հետազոտություններ են կատարվել՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն է թողնում բջջային հեռախոսի ճառագայթումը կենդանի հյուսվածքի վրա։ Ի՞նչ են ցույց տվել դրանք։

Բջջային հեռախոսների հետ կապված հետազոտություններ անցկացնող անկախ փորձագետների մի խումբ (IEGMP) հրապարակեց մի հաղորդագրություն, որտեղ նշվում էր. «Մինչ այժմ առկա փաստերի հիման վրա Փորձագիտական խումբը համոզված է, որ ընդհանուր առմամբ բջջային հեռախոսների օգտագործումը չպետք է անհանգստացնի բնակչությանը»։ Նաև մի պարբերաթերթում ասվում էր. «Չնայած վերջին տարիներին տարածված սարսափազդու պատմություններին՝ առ այսօր հավաքված փաստերի մեծ մասը ցույց է տալիս, որ բջջային հեռախոսի ռադիոհաճախականությունը վնասակար ազդեցություն չի գործում առողջության վրա։ Նման ազդեցության մասին վկայող ապացույցները չեն հաստատվել նույնանման հետազոտություններով» («New Scientist»)։

Քանի որ դեռևս կասկածներ կան առողջության վրա բջջային հեռախոսի ազդեցության առնչությամբ, մարդիկ շարունակում են միլիոնավոր դոլարներ ներդնել ավելի խորը հետազոտություններ կատարելու համար։ Քանի դեռ վերջնական պատասխանը պարզ չէ, Փորձագիտական խումբը խորհուրդ է տալիս հետևյալը. «Հնարավորին չափ կրճատեք [բջջային հեռախոսի] օգտագործման ժամանակը։ Գնեք այնպիսի հեռախոսներ, որոնց ճառագայթման աստիճանը (SAR) թույլատրելի սահմաններում է։ Ականջակալներ, բարձրախոսներ և այլ սարքավորումներ ունեցող հեռախոսներից օգտվեք այն դեպքում, եթե փաստված է, որ դրանք նվազեցնում են ճառագայթումը»։ Ինչպես խորհուրդ է տալիս Փորձագիտական խումբը, «հարկավոր է խրախուսել 16 տարեկանից ցածր երեխաներին չօգտվել բջջային հեռախոսից»։ Քանի որ երեխաների նյարդային համակարգը գտնվում է ձևավորման փուլում, «նրանց առողջությանը սպառնացող անհայտ վտանգները շատ ավելի մեծ են»։

Վիճաբանությունների առարկա լինելով հանդերձ՝ բջջային հեռախոսը հսկայական ազդեցություն է գործում թե՛ տնտեսության վրա, թե՛ հասարակության։ Իր էլեկտրոնային «հարազատների»՝ հեռուստացույցի և անհատական համակարգչի նման՝ բջջային հեռախոսը կարող է լինել կա՛մ օգտակար ծառա, կա՛մ պահանջկոտ տեր։ Ուստի բարեկամ կդառնա ձեռքի հեռախոսը, թե թշնամի՝ բառիս բուն իմաստով գտնվում է այն կրողի ձեռքում։

[Ծանոթագրություն]

a Հեռախոսները երբեմն ձրի տրվում են նրանց, ովքեր պայմանագիր են կնքում հեռախոսային ծառայությունների հետ՝ պարտավորվելով որոշակի ժամանակահատվածում որոշակի քանակությամբ զանգեր կատարել։

[Շրջանակ 19–րդ էջի վար]

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հասարակական վայրում հեռախոսից օգտվելիս ցածր խոսեք։ Նրա խոսափողը շատ լավ է հաղորդում ձայնը։ Բացի դրանից, մյուս մարդկանց հազիվ թե հաճելի լինեն ձեր անձնական զրույցները։

2. Կրոնական հանդիպումների, խորհրդակցությունների, որևէ իրադարձության ժամանակ, ինչպես նաև կինոթատրոնում կամ ռեստորանում գտնվելիս անջատեք հեռախոսը կամ միացրեք լուռ, վիբրացիոն ազդանշան­ների ֆունկցիան։

3. Մի՛ օգտագործեք ձեռքի հեռախոսը մեքենա վարելիս։

[Նկար 18–րդ էջի վրա]

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ամիս ուղարկվում են մոտ 30 միլիարդ տեքստային հաղորդագրություններ

[Նկար 20–րդ էջի վրա]

Ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլի ազդեցության տակ դա անելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը