Քրիստոնեական հավատարմություն դրսևորիր, երբ հարազատներիցդ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից
1. Ի՞նչ իրավիճակում կարող է քրիստոնյայի հավատարմությունը փորձության ենթարկվել։
1 Ընտանիքի անդամների միջև կապը կարող է շատ ամուր լինել։ Ուստի քրիստոնյան փորձության է ենթարկվում, երբ նրա կողակիցը, երեխան, ծնողը կամ հարազատներից մեկ ուրիշը վտարվում է քրիստոնեական ժողովից կամ հրաժարվում է ժողովի ընկերակցությունից (Մատթ. 10։37)։ Ինչպե՞ս պետք է հավատարիմ քրիստոնյան վերաբերվի այսպիսի ազգականի հետ։ Եթե նրա հետ ապրում եք միևնույն տան մեջ, պե՞տք է փոխվի ձեր վերաբերմունքը նրա հանդեպ։ Նախ եկեք տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս հարցի վերաբերյալ, քննարկենք այն սկզբունքները, որոնք հավասարապես կիրառվում են և՛ նրանց հանդեպ, ովքեր վտարվել են ժողովից, և՛ նրանց՝ ովքեր իրենք են հրաժարվել ժողովի ընկերակցությունից։
2. Աստվածաշնչի համաձայն՝ քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն ժողովից վտարված անհատներին։
2 Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատների հետ։ Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին չընկերակցել և չշփվել այնպիսի անհատների հետ, ովքեր վտարվել են ժողովից. «Չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք.... Վերացրէ՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5։11, 13)։ Հիսուսի խոսքերը, գրված Մատթէոս 18։17–ում, նույնպես վերաբերում են այս հարցին. «Թող [վտարվածը] քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը»։ Նրանց, ում ուղղված էին այս խոսքերը, հայտնի էր, որ հրեաները շփում չունեին հեթանոսների հետ և զգուշանում էին մաքսավորներից՝ համարելով նրանց հասարակության կողմից մերժվածներ։ Այսպիսով՝ Հիսուսը սովորեցնում էր իր հետևորդներին չհաղորդակցվել ժողովից վտարված անհատների հետ (տե՛ս w82-R 1.10, էջ 10–12 կամ w82-U 1.3, էջ 10–12)։
3, 4. Ի՞նչ տեսակ շփումն է արգելվում վտարվածների և ժողովի ընկերակցությունից հրաժարված անհատների հետ։
3 Սա նշանակում է, որ հավատարիմ քրիստոնյան հոգևոր առումով չպետք է ընկերակցի ժողովից վտարված անհատին։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Աստծո Խոսքն ասում է, որ «այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէ[ն]ք» (Ա Կորնթ. 5։11)։ Հետևաբար՝ մենք խուսափում ենք վտարված անհատի հետ ընկերական շփում ունենալուց. լինի դա նրա հետ զբոսանքի կամ խաղ դիտելու գնալ, երեկույթի մասնակցել, գնումներ կատարել, թատրոն գնալ կամ իրար հետ հաց ուտել՝ տանը թե ռեստորանում։
4 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա հետ խոսելու մասին։ Թեև Աստվածաշնչում չի նշվում ամեն հնարավոր իրավիճակ, սակայն Բ Յովհաննէս 10–րդ խոսքը օգնում է մեզ հասկանալու Եհովայի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Այստեղ կարդում ենք. «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք»։ Մեկնաբանելով այս խոսքը՝ «Դիտարանի» 1982 թ. հոկտեմբերի 1–ի համարի 17–րդ էջում ասվում է. «Մի պարզ «բարև»–ը կարող է խոսակցություն սկսելու կամ նույնիսկ բարեկամություն հաստատելու առաջին քայլը լինել։ Կցանկանայի՞նք արդյոք վտարված մարդու հետ այդ առաջին քայլն անել» (w82-U 1.3, էջ 17)։
5. Վտարվելով քրիստոնեական ժողովից՝ ի՞նչ կորուստ է կրում անհատը։
5 Այդ «Դիտարանի» նույն հոդվածում (էջ 23) կարդում ենք. «Իրողությունն այն է, որ երբ քրիստոնյան անձնատուր է լինում մեղքին ու վտարվում է, նա շատ բաներ է կորցնում. Աստծո մոտ ունեցած իր բարի անունը,.... եղբայրների հաճելի ընկերակցությունը, նկատելի կերպով սահմանափակվում է նաև քրիստոնյա ազգականների հետ ունեցած իր շփումը»։
6. Քրիստոնյայից պահանջվո՞ւմ է դադարեցնել ամեն տեսակի շփում ընկերակցությունից զրկված ազգականի հետ, որն ապրում է միևնույն տան մեջ։ Բացատրեք։
6 Անմիջապես ընտանիքի շրջանում։ Արդյո՞ք քրիստոնյաները, որոնք ապրում են վտարված հարազատի հետ մի տան մեջ, իրենց առօրյա կյանքում պետք է խուսափեն նրա հետ խոսելուց, ուտելուց կամ հաղորդակցվելուց։ 1991 թ. հուլիսի 1–ի «Դիտարանում» (արևմտ.)՝ 22–րդ էջի ծանոթագրության մեջ նշվում է. «Եթե քրիստոնյայի տանը վտարված ազգական կա, նա դեռևս մասնակցում է տան բնական, առօրյա գործերին» (w91-U 15.4, էջ 22)։ Ուստի՝ ընտանիքի անդամները իրենք են որոշում, թե ընտանիքի վտարված անդամը ինչ չափով պետք է մասնակցի տան գործերին ու ճաշին։ Բայցև նրանք չեն ցանկանա իրենց հետ շփում ունեցող եղբայրների վրա այն տպավորությունը թողնել, ասես՝ ամեն ինչ նույնն է, ինչ նախկինում էր՝ մինչև նրա ժողովից վտարվելը։
7. Ինչպե՞ս է հոգևոր ընկերակցությունը տան մեջ փոխվում, երբ ընտանիքի անդամներից մեկը վտարվում է քրիստոնեական ժողովից։
7 Սակայն 1982 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանի» 20–րդ էջում ժողովից վտարված կամ ընկերակցությունից հրաժարված մարդու վերաբերյալ հետևյալն է ասվում. «Բոլորովին խզվել են նրա հետ նախկինում ունեցած հոգևոր կապերը։ Նույնն է պարագան նրա բարեկամների, այդ թվում նաև իր ընտանիքի անդամների։.... Դա նշանակում է, որ տանը գոյություն ունեցող հոգևոր ընկերակցության մեջ փոփոխություն պետք է մտցվի։ Եթե ամուսինը վտարվել է, բնականաբար կինն ու երեխաները չեն ցանկանա, որ նա շարունակի անցկացնել Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունը, Աստվածաշունչն ընթերցի բոլորի համար կամ աղոթք ասի։ Եթե նա ուզում է աղոթել, ինչպես օրինակ՝ ճաշի ժամանակ, նա իր տանը դա անելու իրավունքն ունի, բայց մյուսները կարող են լուռ մտքներում իրենց աղոթքն ասել Աստծուն (Առակ. 28։9; Սաղմ. 119։145, 146)։ Ի՞նչ անել, եթե վտարված անհատը ուզում է ներկա գտնվել, երբ ընտանիքի անդամները հավաքվել են Աստուածաշունչը կարդալու կամ ընտանեկան ուսումնասիրության։ Կարելի է թույլ տալ՝ պայմանով, որ նա չի փորձի սովորեցնել կամ իր կրոնական տեսակետներն արտահայտել» (w82-U 1.3, էջ 20)։
8. Ի՞նչ պատասխանատվություն են կրում քրիստոնյա ծնողները ընկերակցությունից զրկված իրենց անչափահաս երեխայի հանդեպ։
8 Եթե ծնողների հետ ապրող անչափահաս երեխան զրկվում է ժողովի ընկերակցությունից, քրիստոնյա ծնողները դեռևս պատասխանատվություն են կրում նրա դաստիարակման գործում։ 1989 թ. մայիսի 1–ի «Դիտարանի» (արևմտ.) 29–րդ էջում գրված է. «Ինչպես որ նրանք պետք է շարունակեն նրան ապահովել ուտելիքով, հագուստով և բնակարանով, նաև պետք է խրատեն ու կրթեն նրան Աստծո Խոսքով (Առակ. 6։20–22; 29։17)։ Սիրուց մղված՝ ծնողները կարող են նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել նույնիսկ այն դեպքում, երբ նա վտարված է։ Գուցե առանձին ուսումնասիրության ժամանակ նա ուղղվելու համար լավագույն օգուտները քաղի։ Կամ թերևս նրանք որոշեն, որ նա կարող է շարունակել ընտանեկան ուսումնասիրությանը մասնակցել» (տե՛ս նաև 2001 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարան», էջ 16, 17)։
9. Ի՞նչ չափով պետք է քրիստոնյան շփում ունենա ընկերակցությունից զրկված ազգականի հետ, որն ապրում է ընտանեկան շրջանակից դուրս։
9 Առանձին բնակվող ազգականները։ 1988 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանում» (արևմտ.), էջ 27 (w88-U 15.9, էջ 21) ասվում է. «Պարագան տարբեր է, երբ վտարված կամ ընկերակցությունից հրաժարված անհատը ընտանեկան շրջանակից դուրս է ապրում։ Այդ դեպքում թերևս հնարավոր լինի խզել այդ ազգականի հետ բոլոր կապերը։ Եթե նույնիսկ որոշ ընտանեկան հարցերի պատճառով նրա հետ շփվելու անհրաժեշտություն առաջանա, ինչ խոսք, դա պետք է հասցվի նվազագույնի», համաձայն Աստծո պահանջին՝«չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած [որևէ] մէկը» անզեղջ մեղավոր է (Ա Կորնթ. 5։11)։ Հավատարիմ քրիստոնյաները պետք է ձգտեն խուսափել նման ազգականի հետ անտեղի հարաբերություն ունենալուց, և նույնիսկ եթե գործի բերումով դա անհրաժեշտ է, ապա դա անեն նվազագույն չափով (տե՛ս նաև w82 1.10, էջ 21, 22, w82-U 1.3, էջ 21–23)։
10, 11. Քրիստոնյան ինչե՞ր պետք է հաշվի առնի մինչև թույլ տալը, որ վտարված ազգականը վերադառնա տուն։
10 «Դիտարանը» մեր ուշադրությունն ուղղում է մեկ այլ իրավիճակի վրա, որ կարող է առաջ գալ։ «Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ժողովի ընկերակցությունից զրկված մոտիկ ազգականը՝ որդին կամ ծնողը, որը մինչ այդ առանձին է ապրել, հանկարծ ցանկություն է հայտնում տուն վերադառնալ։ Ընտանիքը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարող է որոշել, թե ինչ անել։ Գուցե ծնողը հիվանդ է և այլևս ի վիճակի չէ հոգալու իր ֆինանսական կամ ֆիզիկական կարիքները։ Ծնողին օգնելը քրիստոնյա զավակի բարոյական պարտքն է և սուրբգրային պահանջ (Ա Տիմոթ. 5։8)։.... Որոշումը պետք է կայացնել՝ ելնելով մի շարք հանգամանքներից, ինչպես օրինակ՝ ծնողի իրական կարիքները, նրա վերաբերմունքը և ընտանիքի հոգևոր բարօրությունը, որով մտահոգված է տան գլուխը» (w82 1.10, էջ 20, 21; w82-U 1.3; էջ 19–21)։
11 Իսկ ինչ վերաբերվում է վտարված երեխային, նույն հոդվածում նշվում է. «Երբեմն քրիստոնյա ծնողները որոշ ժամանակով տուն են ընդունել ժողովի ընկերակցությունից զրկված զավակին, որը հիվանդացել է կամ էմոցիոնալ ծանր վիճակում է եղել։ Բայց ամեն դեպքում ծնողները պետք է ծանրութեթև անեն յուրաքանչյուր հանգամանք։ Վտարված որդին, որ մինչ այդ առանձին է ապրել, այլևս չի՞ կարող այդպես շարունակել, թե՞ ցանկանում է վերադառնալ գլխավորապես ավելի հեշտ կյանքով ապրելու համար։ Ի՞նչ կարելի է ասել նրա բարոյական վարքի և վերաբերմունքի մասին։ Նա արդյոք իր հետ «թթխմոր» չի՞ բերի տուն» (Գաղ. 5։9)։
12. Ժողովի ընկերակցությունից անհատին զրկելու մի քանի օգուտները որո՞նք են։
12 Եհովային հավատարիմ մնալու օգուտները։ Ընկերակցությունից զրկված անհատի հետ մեր հարաբերություններում սուրբգրային պահանջների համաձայն գործելը և չզղջացող մեղավորից հեռու մնալը օգուտներ է բերում։ Այդպես վարվելով մենք նպաստում ենք ժողովի մաքրությանը և ցույց ենք տալիս, որ Աստվածաշնչի բարոյական բարձր չափանիշների կողմնակիցներ ենք (Ա Պետ. 1։14–16)։ Այդ քայլը մեզ պաշտպանում է ապականող ազդեցություններից (Գաղ. 5։7–9)։ Այն նաև հնարավորություն է տալիս մեղք գործած անհատին լիովին օգուտ քաղել իր պատժից, որը կարող է օգնել նրան «արդարութեան խաղաղարար պտուղ» բերել (Եբր. 12։11)։
13. Ի՞նչ փոփոխություն արեց մի ընտանիք, և ինչպիսի՞ն եղավ արդյունքը։
13 Շրջանային համաժողովի ելույթներից մեկը լսելուց հետո մի եղբայր իր երկվորյակ քրոջ հետ միասին հասկացավ, որ հարկավոր է փոխել մոր հետ ունեցած հարաբերությունները։ Նրանց մայրը առանձին էր բնակվում և արդեն վեց տարի էր, ինչ վտարված էր ժողովից։ Անմիջապես համաժողովից հետո երիտասարդն այցելեց նրան։ Հավաստիացնելուց հետո, որ ինքը և իր քույրը սիրում են նրան, բացատրեց, որ այլևս չպետք է խոսեն իր հետ, մինչև որ ընտանեկան կարևոր հարցերի պատճառով խիստ անհրաժեշտություն չլինի։ Դրանից շատ չանցած՝ նրա մայրը սկսեց այցելել ժողովի հանդիպումներին և ի վերջո վերականգնվեց։ Նրա անհավատ ամուսինը նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հետագայում նա էլ մկրտվեց։
14. Ժողովից վտարված անհատի հետ մեր հարաբերություններում ինչո՞ւ պետք է հավատարմորեն առաջնորդվենք Աստվածաշնչի պահանջներով։
14 Ժողովից վտարված անհատին վերաբերող սուրբգրային պահանջներին հավատարմորեն հետևելով՝ ցույց կտանք մեր սերը Եհովայի հանդեպ և թույլ կտանք, որ նա պատասխան տա իրեն անարգողին (Առակ. 27։11)։ Շնորհիվ դրա՝ կունենանք Եհովայի հավանությունն ու օրհնությունը։ Եհովայի մասին Դավիթ թագավորը գրեց. «Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է» (Սաղ. 101։6)։