Խուսափիր «դատարկ բաների» հետամուտ լինելուց
1 Այսօր հաղորդակցության տարածված միջոցներից մեկը էլեկտրոնային փոստն է։ Թեև բնական է այս ճանապարհով ընտանիքի անդամներին կամ ընկերներին անձնական դեպքեր պատմելը և մտքեր փոխանակելը, սակայն ի՞նչ «դատարկ բաների» ետևից կարող ենք ընկնել էլեկտրոնային փոստի չափից դուրս օգտագործման դեպքում (Առակ. 12։11, ԷԹ)։
2 Զգույշ եղեք էլեկտրոնային փոստից օգտվելիս։ Ոմանք մտածում են, թե Եհովայի վկաների կազմակերպության հետ ավելի լավ կապի մեջ են լինում, երբ էլեկտրոնային փոստով թարմ տեղեկություններ են ստանում։ Դրա մեջ կարող են մտնել դեպքեր ծառայությունից, իրադարձություններ Բեթելի կյանքից, լուրեր աղետների կամ հալածանքների մասին և նույնիսկ Թագավորական ծառայության դպրոցում հայտարարված ինֆորմացիա, որը տարածելու համար չէ։ Ուրիշներն էլ, թվում է թե շահագրգռված են նման նամակներ ուղարկել՝ հույս ունենալով, որ առաջինը իրենք այդ տեղեկությունը կհայտնեն ընկերներին։
3 Երբեմն տեղեկությունն ու պատահած դեպքերը աղավաղվում կամ չափազանցվում են։ Կամ գուցե ցնցող տպավորություն գործելու ցանկությունից մղված՝ սխալ տեղեկություն է փոխանցվում։ Նրանք, ովքեր շտապում են այսպիսի նյութեր տարածել, հաճախ իրենք իսկ տեղյակ չեն լինում բոլոր փաստերին (Առակ. 29։20)։ Որոշ դեպքերում, երբ պատմությունը անհավատալի է, այն մեկից մյուսին է փոխանցվում որպես հետաքրքիր նորություն։ Այսպիսի ոչ ստույգ կամ մոլորեցնող հաղորդագրությունները իրենցից «առասպելներ» են ներկայացնում, որոնք չեն նպաստում Աստծո հանդեպ անկեղծ նվիրվածություն ցուցաբերելուն (Ա Տիմոթ. 4։6, 7)։
4 Երբ որևէ տեղեկություն ես ուղարկում, որը հետագայում պարզվում է, որ ստույգ չէ, ապա որոշ չափով պատասխանատվություն ես կրում, եթե այն ինչ–որ մեկին անհանգստություն է պատճառել։ Երբ Դավիթին սխալ տեղեկություն հայտնեցին, իբր իր բոլոր որդիները սպանվել էին, վշտից նա իր «հանդերձները պատառեց»։ Սակայն իրականում միայն նրա մի որդին էր մահացել։ Ու թեև դա բավականին մեծ ցավ էր նրա համար, սակայն աղավաղված տեղեկությունը ավելի խոր վիշտ պատճառեց նրան (Բ Թագ. 13։30–33)։ Ինչ խոսք, չենք ցանկանա անել մի բան, ինչը կարող է մոլորության մեջ գցել կամ վհատեցնել մեր եղբայրներին։
5 Աստծո նշանակած միջոցը։ Հիշեք, որ մեր երկնային Հայրը ունի իր հաստատած հաղորդակցության միջոցը. հարկ եղած տեղեկությունը նա հաղորդում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով։ Այդ «ծառայի» պարտականությունն է որոշել, թե ինչ տեղեկություն է հարկավոր հաղորդել Եհովայի բոլոր հավատարիմ ծառաներին և թե երբ է դա անելու ճիշտ ժամանակը։ Այս հոգևոր կերակուրը հնարավոր է ստանալ միայն սահմանված աստվածապետական կարգով։ Եկեք միշտ Աստծո նշանակած միջոցից օգտվենք վստահելի տեղեկություն ստանալու համար, և ոչ թե ինտերնետից (Մատթ. 24։45)։
6 Ինտերնետի Web-հանգույցները։ Մենք ունենք ինտերնետի մեր պաշտոնական Web-հանգույցը՝ www.watchtower.org։ Այս հանգույցը բավարար է հասարակությանը տեղեկություն փոխանցելու համար։ Անհրաժեշտություն չկա, որ ինչ–որ անհատ, կոմիտե կամ ժողով Եհովայի վկաների մասին Web էջ ստեղծի։ Ոմանք ինտերնետ են մտցրել մեր գրականությունների ողջ բովանդակությունը՝ աստվածաշնչյան բոլոր մեջբերումներով ու վկայակոչումներով հանդերձ, և նույնիսկ համաժողովի նյութի պատճեններ են առաջարկել՝ նվիրատվություն կատարելու պայմանով։ Անկախ նրանից՝ մեջը շահույթ կա, թե՝ ոչ, Եհովայի վկաների գրականությունը կրկնօրինակելն ու էլեկտրոնային փոստով տարածելը հեղինակային իրավունքների խախտում է։ Թեև ոմանք կարծում են, թե դրանով ծառայություն են մատուցում եղբայրներին, սակայն դա թույլատրված չէ և հարկավոր է դադարեցնել։
7 Էլեկտրոնային ճանապարհով հաղորդակցվելիս առողջ դատողություն և զգաստություն դրսևորելով՝ ցույց կտանք, որ մեր մտքերը ‘լցված են ամեն տեսակ պատվական ու վայելուչ գանձերով’ (Առակ. 24։4, Արևմտ. Աստ.)։