Դպրոց, որը նախապատրաստում է մեզ անելու կյանքում ամենակարևոր գործը
1 Մարդիկ ուսումնական հաստատություն են հաճախում, որպեսզի ստանան կրթություն, որի օգնությամբ կկարողանան հասնել իրենց նպատակներին։ Իսկ ո՞ր նպատակը կարող է լինել ավելի կարևոր, եթե ոչ փառաբանելը Նրան, ով որ մեզ կյանք է պարգևել և օգնելը մարդկանց՝ սովորելու Նրա նպատակների և ուղիների վերաբերյալ։ Աստվածապետական ծառայության դպրոցը նախատեսված է նրա համար, որ մենք ձեռք բերենք անհրաժեշտ հմտություններ՝ մեր հավատը փոխանցելու ուրիշների։ Ուստի, ամեն շաբաթ այցելելով Դպրոց՝ մենք սովորում ենք, թե ինչպես կատարել կյանքում ամենակարևոր գործը։
2 Անցած ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տպագրվել էր «2003 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագիրը»։ Ծրագրում հրահանգներ են տրված, թե ինչպես պետք է անցկացվի Դպրոցը։ Գուցե քեզ համար օգտակար կլինի, եթե ծրագիրը պահես «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքում, որը հարկավոր է ամեն շաբաթ բերել Աստվածապետական ծառայության դպրոցի հանդիպմանը։ Քննարկենք 2003 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրի մի քանի հատկանշական կողմեր։
3 Դաս։ Սկսած հունվարից՝ Աստվածապետական ծառայության դպրոցի ամեն մի հանդիպում կսկսվի դասերի, ընթերցանության, ուսումնասիրության կամ էլ ուսուցման վերաբերյալ հինգ րոպեանոց ելույթով։ Այս ելույթով հանդես կգա կա՛մ դպրոցի վերակացուն, կա՛մ էլ նրա կողմից նշանակված մի որևէ ընդունակ երեց։ Ելույթ ունեցողը կարող է քննարկել, թե որն է տվյալ դասի իմաստը և թե այդ դասը ինչով է կարևոր։ Այնուհետև նա պետք է ավելի հանգամանորեն խոսի դասի վերաբերյալ՝ քննարկելով սուրբգրային օրինակներ և բացատրելով, թե ինչպես կիրառել դասը, հատուկ ուշադրություն դարձնելով, թե այդպես վարվելն ինչպես կարող է բարելավել մեր քարոզչական ծառայությունը։
4 Առաջադրանք № 1։ Այս ուսուցողական ելույթով հանդես եկող եղբայրներին այս տարի էլ նույն խորհուրդն է տրվում, ինչ առաջ. «կարևորը.... [նյութի] գործնական արժեքն ընդգծելն» է։ Դա նշանակում է ժողովին ցույց տալ, թե ինչպես կիրառել տվյալ տեղեկությունը։ Եթե դու պետք է հանդես գաս այս առաջադրանքով, աչքի անցկացրու «Ծառայության դպրոց» գրքի 48, 49–րդ էջերը, որտեղ խորհուրդներ են տրվում ելույթ ունենալու վերաբերյալ, նաև օգտվիր այն հղումներից, որ տրված են գրքի վերջում զետեղված «Ցանկ»–ի «Գործնական կիրառում»–ի տակ։
5 Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր։ Եթե մինչև հիմա քեզ չի հաջողվել հետևել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ծրագրին, ապա ինչո՞ւ չվճռես դա անել այս տարի։ Ովքեր այսպես տրամադրվեն, կկարողանան տարվա վերջում ավարտել Քրիստոնեական Հունարեն Գրությունների ընթերցանությունը։ Այն մասին, թե ինչ օգուտներ կարելի է ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունը Հունարեն Գրություններից սկսելով, կարելի է կարդալ «Ծառայության դպրոց» գրքի 10–րդ էջում (պարբ. 4)։
6 Ուշագրավ մտքեր Աստվածաշնչի ընթերցանությունից։ Այս ելույթի տևողությունը երկարացվել է մինչև տասը րոպե, որպեսզի ունկնդիրները կարողանան մեկնաբանություններ տալ տվյալ շաբաթվա ընթերցանության համար նախատեսված նյութից։ Ելույթ ունեցողը պետք է հետևի, որ չանցնի իրեն հատկացված ժամանակից։ Այս ելույթը տեղի կունենա ամեն շաբաթ, այդ թվում այն շաբաթ, երբ պետք է անցկացվի բանավոր կրկնություն։ Կարդալով հանձնարարված գլուխները՝ ուշադրություն դարձրու, թե ինչ օգտակար մտքեր կան, որոնք հնարավոր կլիներ քննարկել ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, կիրառել քարոզչական ծառայության մեջ և կյանքում։ Եհովան իր ո՞ր հատկություններն է դրսևորել՝ գործ ունենալով մարդկանց ու ազգերի հետ։ Ո՞ր միտքը զորացրեց քո հավատը և է՛լ ավելի մեծացրեց քո երախտագիտությունը Եհովայի հանդեպ։ Անկաշկանդ մեկնաբանություններ տուր հանձնարարված գլուխների վերաբերյալ, այդ թվում այն համարների, որոնք պետք է ընթերցվեն 2–րդ առաջադրանքի ժամանակ, քանի որ այս ելույթով հանդես եկող եղբայրը դրանց վերաբերյալ մեկնաբանություններ չի տա։
7 Առաջադրանք № 2։ Ամեն շաբաթ առաջին ուսումնական առաջադրանքը կլինի բարձրաձայն ընթերցանությունը։ Ամսվա բոլոր շաբաթներին, բացի վերջինից, ընթերցանությունը կկատարվի Աստվածաշնչից։ Իսկ վերջին շաբաթվա ընթերցանությունը կլինի «Դիտարանից»։ Եղբայրը պետք է ընթերցանությունն անի առանց առաջաբանի ու վերջաբանի խոսքերի։ Սա նրան հնարավորություն կտա գլխավորապես ուշադրություն դարձնել իր ընթերցանության բարելավմանը (Ա Տիմոթ. 4։13)։
8 Առաջադրանքներ № 3, № 4։ Այս առաջադրանքների մի մասի համար նյութը վերցված է «Քննարկման նյութեր՝ աստվածաշնչյան թեմաներով» գրքույկից, իսկ մյուսների համար տրված է միայն թեման։ Այն դեպքում, երբ տվյալ առաջադրանքը պատրաստելու համար տրված նյութը բավական սահմանափակ է կամ ընդհանրապես բացակայում է, ելույթ ունեցողը հնարավորություն է ստանում թեման կառուցել՝ ինքնուրույն փնտրտուքներ անելով մեր քրիստոնեական հրատարակություններում։ Այսպես նաև հնարավորություն է ընձեռվում քույրերին առաջադրանքը ներկայացնելու ժամանակ իրենց նյութը հարմարեցնել օգնականին։
9 Պայմանական իրադրություններ։ Ինչպես նշված է «Ծառայության դպրոց» գրքի 45–րդ էջում, դպրոցի վերակացուն ինքը կարող է նշանակել պայմանական իրադրությունը։ Եթե նա չի նշանակում, քույրերը կարող են իրենք ընտրել իրադրությունը 82–րդ էջի ցուցակից։ Եթե քույրը, ասենք, հանդես գա երկու ամիսը մեկ, ապա 30 պայմանական իրադրությունների առկայությունը նրան հնարավորություն կտա հինգ տարվա մեջ հանդես գալ ամենատարբեր իրադրություններով։ Այն քույրերը, որոնք ընտրում են 30–րդ իրադրությունը, այն է՝ «Ձեր տարածքին համապատասխան մեկ ուրիշ պայմանական իրադրություն», պետք է առաջադրանքի բլանկի (S-89) ստորին մասում կամ հակառակ երեսին նշեն, թե ինչ իրադրություն են ընտրել։ Դպրոցի վերակացուն քրոջ գրքի 82–րդ էջում գտնվող ցուցակում համապատասխան պայմանական իրադրության դիմաց կնշի, թե քույրը երբ է հանդես եկել։ Նա կարող է սա անել քրոջ ուսումնական բլանկում նշում անելու հետ միաժամանակ։
10 Ուսումնական բլանկ։ Քո ուսումնական բլանկը գտնվում է քո դասագրքում (էջ 79–81)։ Ուստի հարկավոր է ամեն անգամ՝ ելույթ ունենալուց հետո, դասագիրքը տալ դպրոցի վերակացուին, որպեսզի նա նշի, թե որ դասի վրա է հարկավոր աշխատել։ Վերակացուն պետք է այդ նշումները միշտ անի։
11 Բանավոր կրկնություն։ Աստվածապետական ծառայության դպրոցում անցած նյութի կրկնությունը բանավոր կլինի։ Այն կանցկացվի երկու ամիսը մեկ՝ 30 րոպե տևողությամբ։ Կրկնության հարցերը կտպագրվեն «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։ Եթե այն շաբաթը, երբ պետք է անցկացվի բանավոր կրկնություն, համընկնում է այն շաբաթվա հետ, երբ պետք է շրջանային համաժողով անցկացվի կամ այցելի շրջանային վերակացուն, ապա բանավոր կրկնությունը հարկավոր է անցկացնել հաջորդ շաբաթ, իսկ հաջորդ շաբաթվա ելույթները պետք է տեղափոխվեն նախորդ շաբաթ։
12 Լրացուցիչ դասարաններ։ Այն ժողովներում, որտեղ դպրոցին ցուցակագրվել է ավելի քան 50 հոգի, երեցները գուցե հարկ համարեն լրացուցիչ դասարաններ կազմել։ «Դասարան կարելի է կազմակերպել.... կա՛մ բոլոր ուսումնական ելույթների համար, կա՛մ էլ միայն վերջին երկուսի» («Ծառայության դպրոց», էջ 285)։ Այսպես կարելի է անել այն պատճառով, որ որոշ ժողովներում քույրերը շատ են, իսկ եղբայրները շատ քիչ՝ 2–րդ առաջադրանքով հանդես գալու համար։ Այդ դասարաններն անցկացնելու համար երեցները պետք է նշանակեն ընդունակ եղբայրների։
13 Հատուկ խորհրդատուն։ Ինչպես նշված է Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրում, հատուկ խորհրդատու պետք է նշանակվի երեցների խորհրդի կողմից։ Նա անհատական կարգով խորհուրդներ կտա այն երեցներին ու ծառայող օգնականներին, որոնք ներկայացնում են ուշագրավ մտքեր Աստվածաշնչից և հանդես են գալիս ուսուցողական ելույթներով։ Հատուկ խորհրդատուն պետք է փորձառու լինի, որի խորհուրդները մյուս երեցները հաշվի կառնեն։ Նրա տված խորհուրդը պետք է օգտակար լինի։ Նա պետք է գովի եղբորը հմուտ ձևով խոսելու և ուսուցանելու համար ու ցույց տա, թե որ հարցում կամ հարցերում դեռևս աշխատելու տեղ կա։ Եթե տվյալ եղբայրը հաճախակի է ելույթ ունենում, ապա կարիք չկա, որ հատուկ խորհրդատուն նրա ամեն մի ելույթից հետո խորհուրդ տա նրան։ Բայց միևնույն ժամանակ նա պետք է խորաթափանց լինի ու գիտակցի, որ նույնիսկ այն եղբայրները, ովքեր հանդես են գալիս հանրային ելույթներով, կարող են օգուտներ ստանալ իր կողմից տրված խորհրդից հռետորական հմտությունները կատարելագործելու մեջ (Ա Տիմոթ. 4։15)։
14 Ինչի վրա դպրոցի վերակացուն պետք է ուշադրություն դարձնի։ Ի՞նչը կօգնի դպրոցի վերակացուին մատուցվող նյութը վերլուծելու հարցում։ «Ծառայության դպրոց» գրքի 53 համարակալված գլուխներից գրեթե յուրաքանչյուրը (երրորդ շրջանակում) պարունակում է համառոտակի ամփոփում, որի հիման վրա վերակացուն կարող է կողմնորոշվել, թե ինչի վրա ուշադրություն դարձնել։ Նա պետք է նաև հաշվի առնի դասագրքում տրված մյուս խորհուրդները, որոնք կօգնեն արագորեն որոշել, թե որքանով էր շարադրանքը կապակցված և նյութը՝ լավ մատուցված։ Օրինակ, կարելի է օգտվել 55–րդ էջի վերին մասում գտնվող հարցերից կամ դաս 24–ի 16–րդ պարբերության մեջ արտահայտված մտքերից։
15 Լրացրու ազատ տողերը։ Բացի լայն լուսանցքներից, «Ծառայության դպրոց» գրքում կան նաև ազատ տողեր, որոնք նախատեսված են քո անձնական գրառումների համար։ Դա կարող ես անել անձնական ուսումնասիրության ընթացքում, ինչպես նաև Աստվածապետական ծառայության դպրոցում (տե՛ս էջ 77, 92, 165, 243, 246, և 250)։ Ամեն շաբաթ դասագիրքը հետդ բեր հանդիպմանը։ Դասի վերաբերյալ ելույթը լսիր գրքին հետևելով։ Դասագրքից օգտվիր նաև Դպրոցի մյուս ելույթներն ունկնդրելիս։ Ուշադրություն դարձրու, թե ինչ խորհուրդներ է տալիս դպրոցի վերակացուն, նաև նկատիր, թե ելույթներ ունեցողները ինչ ուսուցողական մեթոդներ են օգտագործում՝ հարցեր, օրինակներ, պատկերավոր արտահայտություններ, զննական միջոցներ և հակադրություններ։ Բովանդակալից գրառումներ անելով՝ հնարավորություն կունենաս հետագայում օգտվել Դպրոցից քաղված բազմաթիվ մտքերից։
16 Հիսուս Քրիստոսը գիտեր, որ Աստծո Թագավորության բարի լուրի քարոզչությունը ամենամեծ առանձնաշնորհումն է, որ մարդ կարող է ունենալ։ Դա էր նրա հիմնական գործը (Մարկ. 1։38)։ Նա ասաց. «Ես ուրիշ քաղաքներին էլ պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ» (Ղուկ. 4։44)։ Մենք ընդունել ենք Հիսուսի՝ իրեն հետևելու հրավերը, ուստի նույնպես ջանք չենք խնայում քարոզելու բարի լուրը և միշտ ձգտում ենք բարելավելու մեր ‘օրհնության պատարագի’ որակը (Եբր. 13։15)։ Իսկ այս նպատակին հասնելու համար եկեք վճռենք միշտ ներկա լինել Աստվածապետական ծառայության դպրոցին. մի դպրոց, որը կօգնի մեզ հմտություններ ձեռք բերել՝ անելու կյանքում ամենակարևոր գործը։