Ամենակարևոր գործը ո՞րն է քեզ համար
1 Կրոնական կազմակերպություններից շատերը հատուկ շեշտ են դնում բարեգործական աշխատանքների վրա, ինչպիսիք են՝ բժշկության ու կրթության բնագավառների կարիքները հոգալու նպատակով տարբեր շինություններ կառուցելը կամ ֆինանսավորելը։ Սակայն Եհովայի վկաները, մարդկանց հանդեպ «բարերարութիւնը ու կարօտեալներուն ողորմութիւն» անելը չմոռանալով հանդերձ, առաջնահերթությունը տալիս են մարդկանց հոգևորապես օգնելուն (Եբր. 13։16, Արևմտ. Աստ.)։
2 Առաջին դարի քրիստոնյաների օրինակը։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը շատ բարի գործեր է կատարել, բայց նրա համար ամենակարևոր գործը եղել է ճշմարտության մասին վկայելը (Ղուկ. 4։44; Յովհ. 18։37; Գործք 10։38)։ Նա իր հետևորդներին պատվիրել է. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, ....նորանց սովորեցնելով» (Մատթ. 28։19, 20)։ Նա ասաց, որ իր հանդեպ հավատ դրսևորող անհատները ավելի մեծ մասշտաբով էին կատարելու այն գործը, որ նա սկսել էր (Յովհ. 14։12)։ Հիսուսի համար ամենակարևոր գործը քարոզչությունն էր, քանի որ այն օգնում էր մարդկանց գտնել փրկության ճանապարհը (Յովհ. 17։3)։
3 Պողոս առաքյալը քարոզչական գործը համարում էր ‘իր վրա դրված հարկ’. մի բան, որ նա չէր կարող անտեսել (Ա Կորնթ. 9։16, 17)։ Նա պատրաստ էր հանուն իր ծառայության գնալ ցանկացած զոհողության, դիմանալ փորձությունների ու ամեն տեսակ զրկանք կրել (Գործք 20։22–24)։ Նույնանման ոգի դրսևորել են նաև Պետրոս առաքյալն ու իր համագործակիցները։ Նույնիսկ բանտարկությունների ու ծեծերի ենթարկվելով՝ նրանք «չէին դադարում.... սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։40–42)։
4 Իսկ մե՞նք։ Թագավորության մասին բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու աշխատանքը համարո՞ւմ ենք ամենակարևոր գործը։ Հիսուսի նման, մտահոգվո՞ւմ ենք այն մարդկանց մասին, ովքեր «յոգնած եւ ցիրուցան եղած [են], ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթ. 9։36)։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և աստվածաշնչյան մարգարեությունները հստակորեն ցույց են տալիս, որ այս չար համակարգի վախճանը մոտ է։ Ուստի այն բանի գիտակցումը, որ քարոզչությունն այսօր ամենակարևոր գործն է, կմղի մեզ շարունակել եռանդորեն քարոզել։
5 Քննիր հանգամանքներդ։ Քանի որ հանգամանքները հաճախ փոխվում են, օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ մտածել, թե ինչ փոփոխություններ կարող ենք մտցնել մեր կյանքում, որպեսզի ավելի շատ մասնակցենք քարոզչական գործին։ Մի քույր, որ 50–ական, 60–ական և 70–ական թվականներին ծառայել էր որպես ընդհանուր ռահվիրա, վատառողջության պատճառով ստիպված էր եղել դադարեցնել ռահվիրայությունը։ Ժամանակի ընթացքում, սակայն, նա ապաքինվեց։ Իսկ վերջերս քննելով իր հանգամանքները՝ եկավ այն եզրակացության, որ կարող է նորից ռահվիրայություն սկսել։ Որքա՜ն մեծ էր նրա ուրախությունը, որ 90 տարեկան հասակում նրան վիճակվեց սովորել Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Գուցե մոտենում է քո թոշակի անցնելու կամ գուցե ուսումդ ավարտելու ժամանակը։ Հանգամանքների նման փոփոխությունը հնարավորություն չի՞ ստեղծում քեզ համար ռահվիրայություն սկսելու։
6 Երբ Հիսուսը նկատեց, որ Մարթան «սպասաւորութիւնով շատ զբաղած էր», նրբանկատորեն բացատրեց, որ նա ավելի մեծ օգուտներ կստանա, եթե նման հարցերին ավելի պարզ մոտեցում ցուցաբերի (Ղուկ. 10։40–42, Արևմտ. Աստ.)։ Իսկ դու կարո՞ղ ես ավելի պարզ կյանք վարել։ Հարկ կա՞, որ ընտանիքում երկու ամուսիններն էլ աշխատեն։ Կյանքում որոշակի փոփոխություններ մտցնելով՝ հնարավոր չի՞ լինի արդյոք ապրուստը հոգալ ընտանիքի միայն մեկ անդամի աշխատավարձով։ Փոփոխություններ կատարելը շատ քրիստոնյաների համար հոգևոր առումով օգտավետ է եղել, քանի որ այդպիսով նրանք կարողացել են ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։
7 Եկեք բոլորս հետևենք Հիսուսի ու առաքյալների օրինակին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան կօրհնի մեր անկեղծ ջանքերը, որ գործադրում ենք Թագավորության բարի լուրը քարոզելու այս կարևոր գործում լիարժեք մասնակցություն ունենալու համար (Ղուկ. 9։57–62)։