Փառաբանենք Եհովային՝ ոչ պաշտոնական վկայություն տալով
1 Եհովայի հավատարիմ ծառաները միջոցներ են փնտրում ամեն օր նրան փառաբանելու համար (Սաղ. 96։2, 3; Եբր. 13։15)։ Այդ միջոցներից մեկը ոչ պաշտոնական վկայություն տալն է։ Եհովայի երկրպագուներից շատերն այսօր երախտապարտ են այն բանի համար, որ ինչ–որ մեկը, ոչ պաշտոնական վկայություն տալով, հաղորդել է իրենց Թագավորության պատգամը։
2 Հաճախ ինչ–որ մեկին ոչ պաշտոնական վկայություն տալը հնարավորություն է ստեղծում ուրիշներին էլ հաղորդելու Թագավորության պատգամը։ Օրինակ՝ Հիսուսի զրույցը սամարացի կնոջ հետ Հակոբի աղբյուրի մոտ բերեց նրան, որ շատերը հետաքրքրություն ցույց տվեցին բարի լուրի հանդեպ (Յովհ. 4։6–30, 39–42)։ Իսկ երբ Պողոսն ու Շիղան բանտարկության մեջ էին գտնվում Փիլիպպեում, վկայություն տվեցին բանտապետին, և նրա ամբողջ ընտանիքն ընդունեց ճշմարտությունը (Գործք 16։25–34)։
3 Հնարավորություններ։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան ոչ պաշտոնական վկայություն տալու։ Ոմանք վկայություն են տալիս գնումներ կատարելիս, հասարակական տրանսպորտից օգտվելիս կամ բժշկի այցելության իրենց հերթին սպասելիս։ Մյուսները վկայություն են տալիս դպրոցում կամ աշխատավայրում ընդմիջումների ժամանակ։ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններից որևէ մեկը պարզապես տեսանելի տեղում դնելը կարող է հետաքրքրություն առաջացնել մեր հավատալիքների նկատմամբ (Ա Պետ. 3։15)։
4 Ինչպես սկսել։ Յոթնամյա ամաչկոտ մի աղջիկ ժողովի հանդիպմանը լսում է, թե որքան կարևոր է, որ բոլորը քարոզեն։ Ուստի մոր հետ խանութ գնալուց առաջ իր պայուսակի մեջ երկու գրքույկ է դնում։ Մինչ մայրը զբաղված է լինում վաճառասեղանի մոտ, աղջիկը գրքույկներից մեկն առաջարկում է մի կնոջ, որը սիրով ընդունում է այն։ Երբ նրան հարցնում են, թե ինչպես քաջություն ունեցավ մոտենալ այն կնոջը, այս ամաչկոտ աղջիկը պատասխանում է. «Ես պարզապես ասացի՝ պատրա՛ստ, ուշադրությո՛ւն, վա՛զք։ Եվ գնացի»։
5 Ոչ պաշտոնական վկայություն տալու համար մենք բոլորս պետք է այնպիսի ոգի դրսևորենք, ինչպիսին ուներ այդ փոքրիկ աղջիկը։ Ի՞նչը կօգնի մեզ այս հարցում։ Աղոթիր խոսելու քաջություն ունենալու համար (Ա Թեսաղ. 2։2)։ Հետաքրքիր մի թեմայի վերաբերյալ ինչ–որ հարց կամ մեկնաբանություն պատրաստիր, որը կարող ես գործածել զրույցը սկսելու համար։ Եվ վստահ եղիր, որ Եհովան կօրհնի քո ջանքերը (Ղուկ. 12։11, 12)։
6 Ոչ պաշտոնական վկայություն տալով մարդկանց, որոնց հանդիպում ենք ամեն օր՝ մենք կփառաբանենք Եհովային և ինքներս ուրախություն կստանանք։ Իսկ դա գուցե օգնի ինչ–որ մեկին կանգնել հավիտենական կյանքի առաջնորդող ճանապարհին։