Դու կարո՛ղ ես ոչ պաշտոնական վկայություն տալ
1. ա) Ի՞նչ է ոչ պաշտոնական վկայությունը։ բ) Այս հանդիպմանը ներկա եղողներից ովքե՞ր են առաջին անգամ լսել ճշմարտությունը ոչ պաշտոնական վկայության միջոցով։
1 Գիտե՞ս, թե քանի մարդ է ձեր ժողովից առաջին անգամ լսել ճշմարտությունը ոչ պաշտոնական վկայության միջոցով։ Երևի զարմանաս՝ իմանալով այդ թիվը։ Ոչ պաշտոնական վկայությունն այն է, երբ մարդկանց հետ բարի լուրի մասին խոսում ենք մեր առօրյա գործերով զբաղվելիս՝ ճանապարհորդելիս, բարեկամներին կամ հարևաններին այցելելիս, գնումներ անելիս, դպրոցում, աշխատավայրում և այլն։ Մի անգամ հարցում արվեց ավելի քան 200 Վկաների շրջանում, և պարզվեց, որ 40 տոկոսն առաջին անգամ ճշմարտությունը լսել է ոչ պաշտոնական վկայության միջոցով։ Ուստի կարելի է ասել, որ քարոզելու այս մեթոդը շատ արդյունավետ է։
2. Ոչ պաշտոնական վկայության ի՞նչ օրինակներ կարելի է գտնել Աստվածաշնչում։
2 Առաջին դարի քրիստոնյաները հաճախ էին ոչ պաշտոնական վկայություն տալիս։ Օրինակ՝ Սամարիայի միջով անցնելիս Հիսուսը վկայություն տվեց մի կնոջ, որը եկել էր ջուր հանելու Հակոբի աղբյուրից (Հովհ. 4։6–26)։ Փիլիպպոսը եթովպացի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ, որը Եսայիա մարգարեի գիրքն էր կարդում, զրույց սկսեց՝ հարցնելով. «Հասկանո՞ւմ ես արդյոք, ինչ որ կարդում ես» (Գործ. 8։26–38)։ Փիլիպպեում Պողոս առաքյալը, երբ բանտարկված էր, վկայություն տվեց բանտապետին (Գործ. 16։23–34)։ Մեկ այլ դեպքում, երբ տնային կալանքի տակ էր, առաքյալը «սրտաբաց ընդունում էր բոլոր նրանց, ովքեր իր մոտ էին գալիս, և նրանց Աստծու թագավորությունն էր քարոզում ու սովորեցնում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործ. 28։30, 31)։ Դու ևս կարող ես ոչ պաշտոնական վկայություն տալ, նույնիսկ եթե ամաչկոտ ես։ Ինչպե՞ս։
3. Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարելու ամաչկոտությունը։
3 Ինչը կօգնի զրույց սկսելու։ Մեզանից շատերը դժվարանում են զրույց սկսել անծանոթների հետ։ Նույնիսկ մեր ծանոթների հետ այնքան էլ հեշտ չէ զրույց սկսել ճշմարտության մասին։ Սակայն մենք կցանկանանք խոսել, եթե խորհրդածենք Եհովայի բարության, իր ծառաներին տված թանկարժեք ճշմարտությունների և այս աշխարհում տիրող սոսկալի վիճակի մասին (Յովն. 4։11; Սաղ. 40։5; Մատթ. 13։52)։ Նաև Եհովային կարող ենք խնդրել, որ մեզ «համարձակությամբ լցնի» (1 Թեսաղ. 2։2)։ «Գաղաադի» մի ուսանող ասաց. «Հաճախ նկատել եմ, որ աղոթքն օգնում է, երբ դժվարանում եմ մարդկանց հետ խոսել»։ Եթե վարանում ես խոսել, մտքումդ կարճ աղոթիր (Նէեմ. 2։4)։
4. Սկզբում ի՞նչ նպատակ կարող ենք դնել և ինչո՞ւ։
4 «Ոչ պաշտոնական» անվանումը ցույց է տալիս, որ պարտադիր չէ զրույց սկսել հատուկ մատուցմամբ կամ սուրբգրային համարով։ Գուցե օգտակար լինի պարզապես զրույց սկսել՝ առանց մտածելու, որ պետք է վկայություն տանք հենց այդ պահին։ Շատ քարոզիչներ ասում են, որ այդպես անելով՝ իրենք ստանում են այն վստահությունը, որն անհրաժեշտ է բարի լուրը պատմելու համար։ Իսկ եթե անձնավորությունը չի ցանկանում խոսել, կարիք չկա նրան ստիպելու։ Սիրալիր կերպով եզրափակիր զրույցը և հեռացիր։
5. Ի՞նչն է օգնում մի ամաչկոտ քրոջ ոչ պաշտոնական վկայություն տալու։
5 Մի քույր, չնայած որ ամաչկոտ է, գնումներ կատարելիս նախ տեսողական կապ է ստեղծում և բարեհամբույր ժպտում է։ Եթե նրան փոխադարձաբար ժպտում են, մի կարճ միտք է հայտնում։ Եթե անհատը բարյացակամ է տրամադրված, քույրը իրեն ավելի վստահ է զգում և փորձում է շարունակել զրույցը։ Նա ուշադիր լսում է և ջանում է հասկանալ, թե բարի լուրի հատկապես որ երեսակն է մարդուն գրավում։ Այդպես նա շատ գրականություն է տարածել և նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրություններ է սկսել։
6. Ինչպե՞ս կարող ենք զրույց սկսել ոչ պաշտոնական իրավիճակում։
6 Ինչպես սկսել զրույցը։ Ի՞նչ կարող ենք ասել մարդուն՝ զրույց սկսելու նպատակով։ Երբ Հիսուսը ջրհորի մոտ զրուցեց սամարուհու հետ, նա սկզբում նրանից պարզապես ջուր խնդրեց (Հովհ. 4։7)։ Մենք էլ կարող ենք զրույց սկսել՝ ջերմորեն ողջունելով կամ հարց տալով մարդուն։ Խոսելիս գուցե կարողանաս որևէ սուրբգրային միտք հայտնելու առիթ ստեղծել և ճշմարտության սերմը ցանել նրա սրտում (Ժող. 11։6)։ Ոմանք ասում են այնպիսի միտք, որը հետաքրքրություն կառաջացնի ու կմղի հարց տալու։ Օրինակ՝ բժշկին սպասելիս կարող ես զրույց սկսել՝ ասելով. «Երանի գա մի օր, որ այլևս հիվանդ չլինենք»։
7. Ինչպե՞ս կարող է դիտունակ լինելն օգնել ոչ պաշտոնական վկայություն տալու ուրիշներին։
7 Դիտունակ լինելու շնորհիվ նույնպես կարող ենք զրույց սկսել։ Եթե նկատում ենք ծնողի, որի երեխան իրեն լավ է պահում, կարող ենք գովել ծնողին ու հարցնել. «Ի՞նչն է օգնել ձեզ՝ երեխային լավ դաստիարակություն տալու»։ Մի քույր ուշադրություն է դարձնում, թե աշխատանքի վայրում ինչի մասին են խոսում իր գործընկերները, և հետո նրանց հետ զրուցում է իրենց հետաքրքրող թեմաների շուրջ։ Օրինակ՝ երբ նա իմացավ, որ իր աշխատակցուհիներից մեկը ցանկանում է ամուսնանալ, վերջինիս տվեց «Արթնացե՛ք»-ի այն համարը, որտեղ քննարկվում էր, թե ինչպես պլանավորել և կազմակերպել ամուսնական արարողությունը։ Դրա շնորհիվ քույրը հետագայում հնարավորություն ունեցավ նրա հետ աստվածաշնչային քննարկումներ անցկացնելու։
8. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր գրականությունը՝ զրույց սկսելու համար։
8 Զրույց սկսելու մեկ այլ միջոց է ուրիշների մոտ մեր հրատարակություններն ընթերցելը։ Մի եղբայր բաց է անում «Դիտարան» կամ «Արթնացե՛ք» պարբերագիրը և սկսում է լուռ ընթերցել այն հոդվածը, որի վերնագիրը կարող է հետաքրքրել շրջապատի մարդկանց։ Եթե նկատում է, որ ինչ-որ մեկը նայում է պարբերագրին, մի հարց է տալիս նրան կամ հոդվածի վերաբերյալ կարճ մեկնաբանություն է անում։ Այսպես նա հաճախ է զրույց սկսում և վկայություն տալիս։ Մեր հրատարակություններից որևէ մեկը տեսանելի տեղում թողնելով՝ կարող ենք հետաքրքրություն առաջացնել աշխատակիցների կամ համադասարանցիների մեջ և մղել հարցեր տալու։
9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք ոչ պաշտոնական վկայություն տալու առիթներ ստեղծել։ բ) Ինչպե՞ս ես դու այդպիսի առիթներ ստեղծել։
9 Ստեղծենք առիթներ։ Հաշվի առնելով քարոզչական գործի հրատապությունը՝ չպետք է սպասենք, թե երբ ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություն կստեղծվի։ Ընդհակառակը՝ պետք է ինքներս փնտրենք վկայություն տալու առիթներ, երբ մեր առօրյա գործերով ենք զբաղված։ Նախօրոք մտածիր այն մարդկանց մասին, ում հավանաբար կհանդիպես, և խորհիր, թե ինչպես կարող ես հաճելի զրույց սկսել։ Քեզ մոտ ունեցիր Աստվածաշունչ, ինչպես նաև գրականություն, որպեսզի տաս հետաքրքրություն ցույց տվող անհատներին (1 Պետ. 3։15)։
10 Հնարամիտ լինելով՝ շատ քարոզիչներ ոչ պաշտոնական վկայություն տալու առիթներ են ստեղծել։ Մի քույր, որն ապրում է հսկվող շենքում, շենքի ժամանցի ու հանգստի վայրում բնության գեղեցիկ տեսարաններ պատկերող «փազլներ» է հավաքում։ Երբ անցնող մարդիկ կանգ են առնում և հիանում ստեղծված պատկերով, քույրը, օգտագործելով առիթը, սկսում է նրանց հետ զրուցել «նոր երկնքի ու նոր երկրի» խոստման մասին (Հայտն. 21։1–4)։ Իսկ դու կարո՞ղ ես ոչ պաշտոնական վկայություն տալու առիթներ ստեղծել։
11. Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այն անհատի հետաքրքրությունը, ում հետ խոսել ենք ոչ պաշտոնական ծառայության ժամանակ։
11 Զարգացրու հետաքրքրությունը։ Եթե անհատը հետաքրքրվել է, շարունակիր զարգացնել նրա հետաքրքրությունը։ Եթե տեղին է, կարող ես ասել. «Մեծ բավականություն ստացա ձեզ հետ զրուցելուց։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել մեր զրույցը»։ Որոշ քարոզիչներ այդ անհատին պարզապես տալիս են իրենց հասցեն ու հեռախոսահամարը և ասում. «Ինձ դուր եկավ մեր զրույցը։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ մեր քննարկած թեմայի վերաբերյալ, կարող եք ինձ գտնել այս հասցեով կամ հեռախոսահամարով»։ Եթե չես կարող անձամբ օգնել այդ մարդուն, անմիջապես լրացրու «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և տուր ձեր ժողովի քարտուղարին։ Նա այն կփոխանցի համապատասխան ժողովին։
12. ա) Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք և նշենք այն ժամանակը, որ տրամադրում ենք ոչ պաշտոնական վկայությանը։ բ) Ի՞նչ արդյունքներ է բերել ոչ պաշտոնական վկայությունը (տե՛ս «Ոչ պաշտոնական վկայությունը լավ արդյունքներ է բերում» շրջանակը)։
12 Ոչ պաշտոնական վկայության ժամանակը հարկավոր է գրանցել։ Անպայման նշիր այդ ժամանակը, նույնիսկ եթե օրվա մեջ խոսել ես ընդամենը մի քանի րոպե։ Մտածիր. եթե յուրաքանչյուր քարոզիչ ամեն օր հինգ րոպե ոչ պաշտոնական վկայություն տա, ապա ամսվա վերջում ամբողջ աշխարհում դա կկազմի ավելի քան 17 միլիոն ժամ։
13. Ի՞նչը պետք է մղի մեզ ոչ պաշտոնական վկայություն տալու։
13 Մենք ոչ պաշտոնական վկայություն տալու ամենալուրջ պատճառներն ունենք՝ սերը Եհովա Աստծու և մեր դրացու հանդեպ (Մատթ. 22։37–39)։ Մեր սիրտը լի է Եհովայի հանդեպ երախտագիտության զգացումով նրա հատկությունների ու նպատակների համար, և սա մղում է մեզ խոսելու «նրա թագավորության փառավոր մեծության» մասին (Սաղ. 145։7, 10–12)։ Դիմացինի հանդեպ անկեղծ հետաքրքրվածությունը մղում է մեզ օգտագործելու ամեն հարմար առիթ, որ խոսենք բարի լուրի մասին, քանի դեռ ժամանակ կա (Հռոմ. 10։13, 14)։ Շատ մեծ նախապատրաստություն պետք չէ ոչ պաշտոնական վկայության համար։ Ուստի բոլորս էլ կարող ենք ոչ պաշտոնական վկայություն տալ և զգալ այն ուրախությունը, որ ստանում ենք, երբ ճշմարտությունը պատմում ենք անկեղծ սիրտ ունեցող մարդուն։
[Նկար 4–րդ էջի վրա]
Գուցե օգտակար համարես նպատակ դնել մարդկանց հետ ծանոթանալու և զրուցելու
[Նկար 5–րդ էջի վրա]
Հնարամիտ լինելով՝ շատ քարոզիչներ ոչ պաշտոնական վկայություն տալու առիթներ են ստեղծել
[Նկար 5–րդ էջի վրա]
Զրույց սկսելու առաջարկներ
◼ Աղոթքով օգնություն խնդրիր, որ կարողանաս սկսել զրույցը
◼ Խոսիր նրանց հետ, ովքեր բարեհամբույր են և չեն շտապում
◼ Տեսողական կապ հաստատիր, ժպտա և խոսիր ընդհանուր հետաքրքրությունների մասին
◼ Եղիր լավ լսող
[շրանակ 6–րդ էջի վրա]
Ոչ պաշտոնական վկայությունը լավ արդյունքներ է բերում
• Մի եղբայր ավտոտեխսպասարկման կետում սպասում էր, մինչ իր մեքենան վերանորոգում էին։ Նա իր շուրջը գտնվող մարդկանց քարոզեց ու նրանց տեղեկատու թերթիկներ տվեց՝ հրավիրելով հանրային ելույթի։ Դրանից մեկ տարի անց համաժողովին եղբայրներից մեկը ջերմորեն ողջունեց այս եղբորը, սակայն վերջինս նրան չճանաչեց։ Ողջունող եղբայրը այն մարդկանցից մեկն էր, ում այս եղբայրը մեկ տարի առաջ թերթիկ էր տվել, երբ իր ավտոմեքենան տարել էր վերանորոգման։ Այդ մարդը գնացել էր ունկնդրելու հանրային ելույթը և խնդրել էր, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Այժմ նա և նրա կինը մկրտված են։
• Մի քույր, որը ճշմարտությունը լսել է ոչ պաշտոնական վկայության միջոցով, ասում է, որ ինքը հատուկ քարոզչական տարածք ունի։ Ի՞նչ նկատի ունի նա։ Քույրը նպատակասլաց վկայություն է տալիս այն մարդկանց, ում հետ ծանոթանում է իր երեք երեխաների միջոցով։ Նրա տարածքի մեջ մտնում են այն հարևաններն ու ծնողները, որոնց հանդիպում է դպրոցում և ծնողական ժողովների ժամանակ։ Ամեն անգամ իրեն ներկայացնելիս նա մի քանի խոսքով անկեղծորեն ասում է, որ Աստվածաշունչը մեծապես օգնել է իրեն երեխաների դաստիարակության հարցում, իսկ հետո անցնում է մեկ այլ թեմայի։ Դժվար քայլն արդեն արված է. նա կարողանում է հեշտությամբ զրույց սկսել Աստվածաշնչի մասին։ Այս կերպ քույրը օգնել է 12 մարդու, որ հոգևորապես աճեն ու մկրտվեն։
• Երբ մի քրոջ այցելեց մի ապահովագրական գործակալ, քույրը այդ առիթը բաց չթողեց և վկայություն տվեց։ Նա հարցրեց գործակալին, թե արդյոք կցանկանա լավ առողջության, երջանկության և հավիտենական կյանքի երաշխիք ունենալ։ Վերջինս ասաց, որ ցանկանում է, և հարցրեց, թե ապահովագրության որ ձևը նա նկատի ունի։ Քույրը ցույց տվեց, թե ինչ խոստում է տրված Աստվածաշնչում, և առաջարկեց մեր հրատարակություններից մեկը, որն այդ մարդն ընթերցեց մի երեկոյի ընթացքում։ Հետագայում նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, հաճախել ժողովի հանդիպումներին, իսկ ավելի ուշ մկրտվեց։
• Ինքնաթիռում քույրը զրույց սկսեց իր կողքին նստած կնոջ հետ և վկայություն տվեց։ Թռիչքի վերջում նա իր հասցեն ու հեռախոսահամարը տվեց այդ կնոջը և հորդորեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, երբ հաջորդ անգամ Եհովայի վկաները այցելեն։ Հենց հաջորդ օրը երկու Վկաներ թակեցին այդ կնոջ տան դուռը։ Նա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց, արագորեն առաջադիմեց ու մկրտվեց, իսկ շատ չանցած ինքը սկսեց Աստվածաշնչի երեք ուսումնասիրություն անցկացնել։
• 100 տարեկան մի կույր եղբայր, որն ապրում է ծերանոցում, հաճախ ասում է. «Մենք Թագավորության կարիք ունենք»։ Դա մղեց բուժքույրերին ու հիվանդներին հարցեր տալու, ինչը հնարավորություն տվեց եղբորը նրանց բացատրելու, թե ինչ է Թագավորությունը։ Այնտեղ աշխատող կանանցից մեկը հարցրեց, թե ինչ է նա անելու Դրախտում։ Եղբայրը պատասխանեց. «Ես կրկին կտեսնեմ ու կքայլեմ և կայրեմ հաշմանդամի իմ սայլակը»։ Քանի որ նա չի տեսնում, խնդրում է այդ կնոջը, որ պարբերագրերն ընթերցի իր համար։ Երբ այդ եղբոր դուստրն այցելության եկավ, այդ կինը հարցրեց աղջկան, թե արդյոք կարող է պարբերագրերը տուն տանել։ Մի բուժքույր աղջկան ասաց. «Հիմա ծերանոցում բոլորի զրույցի թեման սա է՝ «Մենք Թագավորության կարիք ունենք»»։
• Քույրը ռեստորանում հերթի մեջ էր և լսեց, որ մոտակայքում նստած մի խումբ տարեցներ զրուցում են քաղաքականության մասին։ Նրանցից մեկն ասաց, որ կառավարությունը չի կարող լուծել իրենց խնդիրները։ Քույրն ինքն իրեն ասաց. «Այս առիթը չպիտի բաց թողնեմ»։ Նա մտքում կարճ աղոթեց ու մոտեցավ նրանց։ Իրեն ներկայացնելուց հետո քույրը խոսեց Աստծու Թագավորության մասին և ասաց, որ այն լուծելու է բոլոր մարդկանց խնդիրները։ Այնուհետև առաջարկեց իր մոտ եղած գրքույկներից մեկը։ Հենց այդ պահին նրանց մոտեցավ տնօրենը։ Քույրը կարծեց, թե վերջինս խնդրելու է իրեն հեռանալ։ Սակայն տնօրենն ասաց, որ լսում էր զրույցը և նույնպես ցանկանում է ունենալ այդ գրքույկից։ Աշխատակցուհիներից մեկը, որը նույնպես լսում էր խոսակցությունը, արտասվելով մոտեցավ նրանց։ Պարզվեց, որ նա ժամանակին Աստվածաշունչ էր ուսումնասիրել ու թողել, բայց այժմ ցանկանում է վերսկսել այն։