Երաժշտություն, որ թարմություն է պատճառում
1 Երգն ու երաժշտությունը ճշմարիտ երկրպագության կարևոր մաս են կազմում։ Հին Իսրայելում Ասափն իր եղբայրների հետ երգեց. «Գոհացէք Տէրիցը.... Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան, մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ» (Ա Մնաց. 16։8, 9)։ Այսօր մենք երգում ենք Եհովային ժողովի մեր շաբաթական հանդիպումներին (Եփես. 5։19)։ Ի՜նչ հրաշալի հնարավորություն ունենք նրա անունը փառաբանելու (Սաղ. 69։30)։
2 Թագավորության մեղեդիները (նվագախմբային կատարմամբ Թագավորության երգերը) լսելը կարող է հոգևոր մտքեր արթնացնել։ «Երբ այդ մեղեդիները հնչում են, ես սկսում եմ մտաբերել երգերի բառերը,— պատմում է մի քույր։— Իսկապես, դա հրաշալի միջոց է մտքով Եհովայի հետ լինելու և միևնույն ժամանակ երաժշտություն լսելու» (Փիլիպ. 4։8)։
3 Մեղեդիները լսելու առիթներ։ Երբ տանը հնչում են Թագավորության մեղեդիները, ջերմ ու հոգևոր մթնոլորտ է ստեղծվում, ինչը նպաստում է ընտանիքի խաղաղությանը։ «Մենք այն [երաժշտությունը] անընդհատ լսում ենք տանը, ավտոմեքենայի մեջ և երբեք չենք հոգնում, քանի որ այն ձայնագրված է հետաքրքիր զանազանությամբ,— գրում է մի ընտանիք։— Հաճախ է պատահել, որ Թագավորության մեղեդիները խաղաղ մթնոլորտ են ստեղծել, երբ պատրաստվել ենք քրիստոնեական հանդիպումներին գնալու կամ երբ լսել ենք դրանք ավտոմեքենայով համաժողով ուղևորվելիս»։ Մի քույր ասում է. «Մեղեդիները լսելը ինձ լիցք է հաղորդում, երբ զբաղվում եմ տնային գործերով. կարո՞ղ եք պատկերացնել, որ ես լվացած հագուստը ուրախությամբ եմ ծալում։ Ես այս մեղեդիները լսում եմ, երբ ընկճված եմ լինում։ Այս երաժշտությունն, իսկապես, աշխուժացնող հատկություն ունի։ .... Յուրաքանչյուր երգ ուրախություն է արթնացնում հոգումս»։ Կա՞ն արդյոք առիթներ, երբ կարող ես լսել այս թարմացուցիչ երաժշտությունը։
4 Այսօրվա երաժշտությունը մեծ մասամբ արտացոլում է աշխարհի ոգին։ Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին երաժշտության հանդեպ ճաշակ զարգացնել՝ լավագույնս գործածելով Թագավորության մեղեդիների ձայնագրությունները։ Աստվածաշունչն ուսումնասիրող և հետաքրքրություն ցույց տվող շատ մարդկանց նույնպես գուցե հաճելի լինի իմանալ, որ կան այսպիսի հրաշալի մեղեդիներ, որոնք փառք են բերում Եհովային և տրամադրություն են բարձրացնում (Սաղ. 47։1, 2, 6, 7)։