Վկայություն տանք մեր հարազատներին. ինչպե՞ս
1 Ավելի մեծ ուրախություն մեզ համար չի կարող լինել, քան այն, որ նոր աշխարհ մտնենք մեր սիրելի հարազատների հետ՝ Եհովայի երկրպագության մեջ միացած։ Հարազատներին վկայություն տալով՝ այս ուրախալի հեռանկարը կարող ենք դարձնել իրականություն։ Սակայն նոր ու թարմ մոտեցումներով վկայություն տալու համար խորաթափանցություն է պահանջվում։ Մի շրջանային վերակացու նշում է. «Լավագույն արդյունքների են հասնում նրանք, ովքեր հետաքրքրություն են արթնացնում իրենց հարազատների մեջ՝ չափավոր վկայություն տալով»։ Իսկ մե՞նք ինչպես կարող ենք դա անել։
2 Նրանց մեջ հետաքրքրություն արթնացրու։ Նախապես հանգամանորեն մտածիր, թե ինչպես կարող ես քո հարազատների մեջ հետաքրքրություն արթնացնել (Առակ. 15։28)։ Ի՞նչ մտահոգություններ ունեն նրանք։ Ի՞նչ խնդիրների են բախվում։ Թերևս փորձես ինչ–որ հոդված նրանց առաջարկել կարդալու կամ էլ մեջբերես մի այնպիսի աստվածաշնչյան համար, որը նրանց հատկապես կհետաքրքրի։ Եթե քո հարազատները հեռու են ապրում, գուցե կարողանաս նրանց վկայություն տալ նամակով կամ հեռախոսով։ Առանց ճնշում գործադրելու նրանց վրա՝ ցանիր ճշմարտության սերմերը և սպասիր, որ Եհովան աճեցնի դրանք (Ա Կորնթ. 3։6)։
3 Հիսուսը հետևյալը պատվիրեց մի մարդու, որի միջից շատ դևեր էր հեռացրել. «Գնա՛ քո տունը քո ընտանիքի [«հարազատներիդ», ԷԹ] մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց» (Մարկ. 5։19)։ Պատկերացրու, թե ինչպե՜ս տպավորեց դա նրա հարազատներին։ Եվ թեպետ նման դրամատիկ իրավիճակում դու գուցե չհայտնվես, սակայն քո հարազատներին հավանաբար կհետաքրքրի այն, թե դու կամ քո երեխաները՝ լինելով Եհովայի վկաներ, ինչով եք զբաղվում։ Եթե պատմես Աստվածապետական ծառայության դպրոցում քո ունեցած որևէ ելույթի մասին, ինչ–որ հետաքրքիր դրվագ համաժողովից կամ, ասենք, Բեթել կատարած քո այցելությունից կամ էլ քեզ հետ տեղի ունեցած որևէ տպավորիչ դեպք, դա թերևս հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություններ տալ նրանց Եհովայի և նրա կազմակերպության մասին։
4 Եղիր խորաթափանց։ Հարազատներիդ վկայություն տալիս խուսափիր միանգամից շատ բան ասելուց։ Մի եղբայր, վերհիշելով այն ժամանակը, երբ սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել, ասում է. «Ես ժամերով մորս հանգիստ չէի տալիս ու անվերջ պատմում էի գրեթե այն ամենը, ինչ սովորում էի Աստվածաշնչից։ Դրա հետևանքը լինում էր այն, որ հաճախ վիճաբանում էինք, հատկապես հորս հետ»։ Ուստի, նույնիսկ եթե հարազատդ հետաքրքրություն է ցուցաբերում Աստվածաշնչի լուրի հանդեպ, պատասխաններդ ձևակերպիր այնպես, որ անհատի մեջ ավելին իմանալու ցանկություն առաջանա (Առակ. 25։7)։ Միշտ դրսևորիր հարգանք, բարություն և համբերություն, ինչպես որ կվարվեիր ծառայության ժամանակ անծանոթ մարդկանց հետ զրուցելիս (Կող. 4։6)։
5 Մի որոշ ժամանակ Հիսուսի հարազատները կարծում էին, թե նա գժվել է (Մարկ. 3։21)։ Սակայն հետագայում նրանցից ոմանք դարձան հավատացյալներ (Գործք 1։14)։ Եթե սկզբում հարազատներդ այնքան էլ բարեհաճորեն չեն արձագանքում քո ասածներին, մի հանձնվիր։ Հնարավոր է, որ նրանց վերաբերմունքը և հանգամանքները ժամանակի ընթացքում փոխվեն։ Շարունակիր հարմար առիթներ փնտրել՝ պատմելու նրանց մի այնպիսի բանի մասին, որ թերևս շարժի նրանց հետաքրքրությունը։ Ի վերջո դու գուցե կարողանաս օգնել նրանց կանգնելու հավիտենական կյանքի ճանապարհին (Մատթ. 7։13, 14)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչո՞ւ է հարկավոր խորաթափանց լինել, երբ վկայություն ենք տալիս մեր հարազատներին։
2. Ինչպե՞ս կարող ենք հարազատների հանդեպ ցուցաբերած մեր անկեղծ ուշադրությամբ նրանց մեջ հետաքրքրություն արթնացնել։
3. Ինչպե՞ս կարող է մեր հանդեպ հարազատների ունեցած հետաքրքրությունը հնարավորություններ ստեղծել վկայություն տալու համար։
4. Ի՞նչ ծայրահեղությունից պետք է խուսափենք, երբ վկայություն ենք տալիս մեր հարազատներին։
5. Ի՞նչ պետք է անենք, եթե մեր հարազատները բարեհաճությամբ չեն արձագանքում, երբ նրանց վկայություն ենք տալիս։