Շնորհակալություն հայտնիր Եհովային նրա սիրառատ բարության համար
Քրիստոսի մահվան օրը նշվելու է մարտի 24–ին
1. Եհովան ինչպե՞ս է սիրառատ բարություն դրսևորել մեր հանդեպ։
1 Սաղմոսերգուն բացականչել է. «Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան [«սիրառատ բարության», ՆԱ] համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին» (Սաղ. 107։8)։ Աստծու սիրառատ բարությունն ավելին է, քան պարզապես մարդկանց հանդեպ նուրբ զգացումներ տածելը։ Դա պարզ երևում է փառաբանության հետևյալ խոսքերից. «Տէր, քո ողորմութիւնը [«սիրառատ բարությունը», ՆԱ] հաստատում է ինձ» (Սաղ. 94։18)։ Ինչպիսի՜ սիրառատ բարություն դրսևորեց Եհովան՝ տալով իր միածին Որդուն հանուն մեզ (Ա Յովհ. 4։9, 10)։
2. Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։
2 Մինչ մոտենում է Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն, մենք ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել «սիրառատ բարության» տեր Աստծուն (Սաղ. 59։17, ՆԱ)։ Բոլորս էլ կցանկանանք ժամանակ հատկացնել մտածելու երկրի վրա Հիսուսի անցկացրած վերջին օրերի մասին (Սաղ. 143։5)։ Օգտակար կլինի հետևել Հիշատակի երեկոյի կապակցությամբ նախատեսված Աստվածաշնչի ընթերցանության հատուկ ծրագրին, որը տրված է 2005 թ. «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկում, նաև հնարավորության դեպքում ընթերցել և ուսումնասիրել «Մեծագոյն Մարդը» գրքի 112–116-րդ գլուխները, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված այլ հրատարակություններ։ Խորությամբ մտածիր քո կարդացած նյութերի մասին (Ա Տիմոթ. 4։15)։ Աղոթքով խորհրդածելով Աստծու Խոսքի շուրջ՝ մենք ոչ միայն սնում ենք մեր սիրտը, այլև արտահայտում մեր սերը Եհովայի հանդեպ (Մատթ. 22։37)։
3, 4. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մեր լիբերիացի եղբայրների դրսևորած ոգին։ բ) Ո՞ւմ ես ցանկանում հրավիրել Հիշատակի երեկոյին։
3 Քաջալերիր մյուսներին շնորհակալություն հայտնել Աստծուն։ Անցյալ տարի ամբողջ աշխարհում Հիշատակի երեկոյին ներկա է եղել 16 760 607 մարդ։ Մի քանի տարի առաջ Լիբերիայի գյուղերից մեկում ապրող եղբայրները նամակ գրեցին քաղաքապետին՝ տեղեկացնելով, որ ցանկանում են Հիշատակի երեկոն անցկացնել նրա քաղաքում։ Այդ մարդը թույլ տվեց եղբայրներին Երեկոյի համար օգտագործել տեղի ֆուտբոլի դաշտը։ Նա նաև հայտարարություն արեց ամբողջ շրջանում՝ հրավիրելով մարդկանց այս իրադարձությանը։ Թեև գյուղում կար ընդամենը 5 քարոզիչ, սակայն Հիշատակի երեկոյին ներկա եղավ 636 մարդ։
4 Նմանապես, մենք ցանկանում ենք օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց մեզ հետ միասին ներկա գտնվելու Հիշատակի երեկոյին։ Գուցե ցանկանաս կազմել այն մարդկանց ցուցակը, ում կուզեիր հրավիրել Երեկոյին։ «Արթնացե՛ք»–ի մարտի 8–ի (ռուս.) և «Դիտարան»–ի մարտի 15–ի համարների վերջին էջում կգտնես հրավեր։ Կարող ես օգտագործել նաև տպագրված հրավիրատոմսերը։ Յուրաքանչյուր հրավիրատոմսի վրա տպիր կամ հստակ գրիր Հիշատակի երեկոյի անցկացման ժամն ու վայրը և տուր դրանք յուրաքանչյուր անհատի, ում կհրավիրես։ Մարտի 24–ին մոտ օրերին կրկին այցելիր յուրաքանչյուրին և վերջնականորեն պայմանավորվիր։
5. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել Աստվածաշունչ ուսումնասիրողներին ներկա լինելու Հիշատակի երեկոյին։
5 Կան Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնք դեռ չեն հաճախում ժողովի հանդիպումներին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց ներկա լինելու և օգուտներ քաղելու այս իրադարձությունից։ Յուրաքանչյուր ուսումնասիրության ընթացքում մի քանի րոպե հատկացրու, որ օգնես նրանց հասկանալու Երեկոյի կարևորությունը։ Այս թեմայով հիանալի նյութեր կարելի է գտնել 2004 թ. մարտի 15–ի «Դիտարանում» (էջ 3–7) և «Գիտություն» գրքում (էջ 127)։
6. Ինչո՞ւ է կարևոր Հիշատակի երեկոյի ժամանակ ողջունել այցելուներին։
6 Ողջունիր այցելուներին։ Երեկոյի ժամանակ մոտեցիր այցելուներին և ողջունիր նրանց (Հռովմ. 12։13)։ Նստիր այն մարդկանց կողքին, որոնց հրավիրել ես, և հարցրու, թե արդյոք ունե՞ն Աստվածաշունչ և երգարան։ Հատկապես կցանկանանք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել և ջերմորեն ողջունել ոչ ակտիվ եղբայրներին ու քույրերին, որոնք ջանք են թափել գալու այս հանդիպմանը։ Մեր սիրալիր հետաքրքրությունը գուցե օգնի նրանց վերստին կանոնավորաբար ընկերակցել ժողովի հետ (Ղուկ. 15։3–7)։ Եկեք այս ամենասուրբ իրադարձության առթիվ մեր ձեռքից եկածն անենք՝ քաջալերելու մարդկանց մեզ հետ միասին շնորհակալություն հայտնել Եհովային նրա «սիրառատ բարության» համար (Սաղ. 31։21, ՆԱ)։