Բարի գործեր անենք և առատաձեռն լինենք
1 Այծեմնիկը «լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով» (Գործք 9։36, 39)։ Իր առատաձեռնության շնորհիվ նա սիրված էր թե՛ իրեն ճանաչողների և թե՛ Եհովա Աստծու կողմից։ Եբրայեցիս 13։16 (ԷԹ) համարում ասվում է. «Մի՛ մոռացէք բարեգործութիւնը և ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն»։ Ինչպե՞ս կարող ենք բարի գործեր անել և առատաձեռն լինել ուրիշների հանդեպ։
2 Ուրիշներին օգնելու կերպերից մեկը ‘մեր ստացվածքից’ նրանց բաժին հանելն է (Առակ. 3։9)։ Համաշխարհային գործի համար կատարած մեր նվիրատվությունների շնորհիվ ամբողջ աշխարհում կառուցվում են Թագավորության սրահներ, Համաժողովների սրահներ և մասնաճյուղեր։ Մեր առատաձեռնությունը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց օգուտներ քաղել աստվածապետական ուսուցումից և առողջ հոգևոր ընկերակցությունից։
3 Մխիթարություն տանք։ Երբ աղետ է տեղի ունենում, Եհովայի ժողովուրդը պատրաստ է «բարի գործ[եր]» անել հավատակիցների, ինչպես նաև նրանց համար, ովքեր չեն ընդունում մեր հավատը (Գաղ. 6։10)։ Ֆրանսիայում քիմիական գործարանի պայթյունից հետո մի ամուսնական զույգ, որն ապրում էր այդ գործարանի մոտակայքում, այսպես արտահայտվեց. «Քրիստոնյա եղբայրները անմիջապես օգնության հասան՝ մաքրելով մեր բնակարանը, ինչպես նաև այդ շենքի մյուս մարդկանց բնակարանները։ Մեր հարևանները զարմացել էին՝ տեսնելով, թե որքան մարդ է եկել օգնելու»։ Մեկ ուրիշ քույր ավելացրեց. «Երեցներն իրենց հոգատարությամբ շրջապատեցին մեզ։ Նրանք եկել էին քաջալերելու։ Իրականում մենք դրա կարիքն ավելի շատ ունեինք, քան նյութականի»։
4 Թեև մերձավորների հանդեպ բարի գործեր անելու շատ կերպեր կան, բայց նրանց օգնելու ամենաարդյունավետ ձևը ճշմարտության մասին թանկարժեք գիտությունը նրանց տալն է, որը պարունակում է անձամբ Եհովայի խոստացած «յաւիտենական կեանքի յոյս[ը]» (Տիտոս 1։1, 2)։ Աստվածաշնչի պատգամը իսկապես մխիթարում է նրանց, ովքեր սգում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև իրենց իսկ անկատար վիճակի պատճառով (Մատթ. 5։4)։ Թող որ միշտ բարի գործեր անենք և առատաձեռն լինենք ուրիշների հանդեպ, ‘երբ որ մեր ձեռքում զորություն կա անելու’ (Առակ. 3։27)։