Մաս 8—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Ուսումնասիրողներին դեպի կազմակերպությունն ուղղենք
1 Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու մեր նպատակը ոչ միայն աստվածաշնչային ուսմունքներ սովորեցնելն է, այլև ուսումնասիրողներին օգնելը, որ դառնան քրիստոնեական ժողովի մի մասնիկը (Զաք. 8։23)։ «Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում» գրքույկը մեզ կարող է օգնել իրականացնելու այդ նպատակը։ Գրքույկից մի օրինակ տուր Աստվածաշունչը նորերս ուսումնասիրող անհատին և քաջալերիր կարդալ այն։ Բացի դրանից, ամեն շաբաթ ուսումնասիրության ժամանակ մի քանի րոպե հատկացրու Եհովայի կազմակերպության մասին ինչ–որ բան պատմելուն։
2 Ժողովի հանդիպումները։ Մեծամասամբ ուսումնասիրողները սկսում են ծանոթանալ Աստծու կազմակերպությանը և գնահատել այն, երբ մեզ հետ միասին հաճախում են ժողովի հանդիպումներին (Ա Կորնթ. 14։24, 25)։ Ուստի դու կարող ես նրանց տեղեկություններ հայտնել ժողովի հինգ հանդիպումների վերաբերյալ՝ ամեն անգամ պատմելով դրանցից մեկի մասին։ Հիշատակիր հաջորդ հանրային ելույթի վերնագիրը։ Ցույց տուր, թե ինչ նյութեր են քննարկվելու «Դիտարանի» ուսումնասիրությանը և ժողովի Գրքի ուսումնասիրությանը։ Պատմիր, թե ինչպես է անցկացվում Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպումը։ Երբ Դպրոցում հանձնարարություն ունենաս, կարող ես նրանց հետ կրկնել թեման։ Պատմիր ուշագրավ մտքեր, որ ներկայացվել են հանդիպումների ժամանակ։ Օգտվելով մեր հրատարակություններում տեղ գտած նկարներից՝ օգնիր նրանց հասկանալ, թե հանդիպումներին ինչ է տեղի ունենում։ Առաջին իսկ ուսումնասիրությունից նրանց հրավիրիր հանդիպումներին։
3 Հիշատակի երեկոյին, համաժողովներին կամ շրջանային վերակացուի այցելությանը նախորդող ժամանակաշրջանում մի քանի րոպե հատկացրու այս միջոցառումների նշանակությունը բացատրելուն և ձգտիր ուսումնասիրողների մեջ խանդավառություն առաջացնել։ Ժամանակի ընթացքում պատասխաններ տուր այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչու ենք կոչվում Եհովայի վկաներ, ինչու ենք մեր հանդիպման վայրերն անվանում Թագավորության սրահներ, ինչ պարտականություններ ունեն երեցներն ու ծառայող օգնականները, ինչպես են կազմակերպված քարոզչական գործն ու տարածքները, ինչպես է լույս տեսնում մեր գրականությունը, ինչպես է ֆինանսավորվում կազմակերպությունը, ինչ դեր են խաղում մասնաճյուղերն ու Կառավարիչ մարմինը քարոզչական գործը վերահսկելու հարցում։
4 Ուսանելի տեսաֆիլմեր։ Աստվածաշունչ ուսումնասիրողները կարող են ծանոթանալ Եհովայի հիանալի կազմակերպությանը նաև տեսաֆիլմերի միջոցով։ Մի կին, որը հինգ տարի շարունակ ստանում էր մեր պարբերագրերը և այլ հրատարակություններ, հուզվեց՝ դիտելով «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը։ Նա վստահում էր իրեն այցելող Վկաներին, սակայն տեսաֆիլմը դիտելուց հետո զգաց, որ կարող է վստահել նաև կազմակերպությանը։ Այդ կնոջ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և հաջորդ շաբաթ նա ներկա եղավ Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպումներին։
5 Ուսումնասիրողների հետ ամեն շաբաթ մի քանի րոպե զրուցելով և մեր ձեռքի տակ եղած գործիքներն արդյունավետորեն օգտագործելով՝ կարող ենք նրանց աստիճանաբար ուղղել դեպի այն կազմակերպությունը, որը Եհովան օգտագործում է այսօր։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչո՞ւ օգտակար կլինի ամեն շաբաթ ուսումնասիրության ժամանակ Եհովայի կազմակերպության մասին ինչ–որ բան պատմել։
2. Ինչպե՞ս կարող ես Աստվածաշունչ ուսումնասիրողներին քաջալերել հաճախելու ժողովի հանդիպումներին։
3. Կազմակերպության վերաբերյալ ի՞նչ հարցեր կարող ենք քննարկել։
4, 5. Մեր տեսաֆիլմերն ինչպե՞ս կարող են գնահատանք առաջացնել կազմակերպության հանդեպ։