Ի՞նչ է արվում մեր ծառայության շնորհիվ
1. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում մեր ծառայությանը, և ինչպիսի՞ արձագանք են տալիս մարդիկ։
1 Աստծու Խոսքում քրիստոնյաները նկարագրվում են որպես Եհովայի ծառայության մեջ հաղթողներ, կամ՝ հաղթական երթով ընթացողներ (Բ Կորնթ. 2։14–16)։ Քանի որ մենք մարդկանց հայտնում ենք Աստծու մասին գիտությունը, մեր ծառայությունը անուշ բուրմունքի է նման Եհովայի համար։ Ոմանց գրավում է բարի լուրի քաղցրությունը։ Ուրիշները, սակայն, մերժում են այն։ Բայց այն, որ մարդկանց մեծամասնությունը բացասական արձագանք է տալիս, չի նշանակում, որ մեր աշխատանքն անարդյունք է։ Տեսնենք, թե ինչ է արվում մեր ծառայության շնորհիվ։
2. Ի՞նչ ցույց տալու հնարավորություն է տալիս մեզ մեր ծառայությունը։
2 Եհովային մեծարելը։ Սատանան պնդում է, թե մարդիկ Եհովային ծառայում են եսասիրական նպատակներով (Յոբ 1։9–11)։ Քրիստոնեական ծառայությունը հնարավորություն է տալիս մեզ ցույց տալու, որ Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը անկեղծ է։ Շատ քարոզիչներ շարունակում են հնազանդվել քարոզելու և աշակերտներ պատրաստելու մասին պատվերին՝ չնայած անձնական դժվար հանգամանքներին կամ ընդհանուր առմամբ մարդկանց անտարբերությանը։ Այդպիսի հավատարմությունն ու տոկունությունը ուրախացնում են Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
3. Ինչո՞ւ է կարևոր, որ մենք շարունակենք հռչակել Աստծու անունը և նրա նպատակները։
3 Բացի այդ, մեր ծառայությունը կարևոր դեր է խաղում Աստծու նպատակների իրագործման հարցում։ Սատանայի աշխարհի վրա գալիք կործանման վերաբերյալ Եհովան ասում է. «Ազգերը կ’իմանան որ ես եմ .... Տէրը» (Եզեկ. 39։7)։ Որպեսզի ազգերն իմանան դա, Աստծու ծառաները պետք է շարունակեն նրա անունը և նպատակները հռչակել «ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» (Յայտն. 14։6, 7)։
4. Ի՞նչ իմաստով է քարոզչական գործը հիմք ծառայում դատաստանի համար։
4 Հիմք դատաստանի համար։ Բարի լուրի քարոզչությունը նաև հիմք է ծառայում դատաստանի համար։ Պողոս առաքյալն ասաց, որ Հիսուս Քրիստոսը վրեժ է առնելու նրանցից, ովքեր «Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին» (Բ Թեսաղ. 1։8, 9)։ Մարդիկ դատվելու են բարի լուրի հանդեպ իրենց արձագանքի հիման վրա։ Ինչպիսի մեծ պատասխանատվություն է դրված Աստծու ծառաների վրա։ Արյունապարտ չլինելու համար մենք չպետք է վարանենք մարդկանց հայտնել Թագավորության պատգամը, որը կյանքեր է փրկում (Գործք 20։26, 27)։
5. Ինչպե՞ս է մեր ծառայությունն արտացոլում Աստծու ողորմությունը։
5 Այն, որ մենք շարունակական ջանքեր են գործադրում, որպեսզի օգնենք մեր դրացիներին Աստծու հաճությունը շահել, Եհովայի ողորմության արտահայտությունն է (Ա Տիմոթ. 2։3, 4)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց կյանքում մշտապես փոփոխություններ են տեղի ունենում՝ մենք կրկին ու կրկին այցելում ենք նրանց և հորդորում ենք Եհովային փնտրել, քանի դեռ ժամանակ կա։ Այդպես վարվելով՝ մենք ընդօրինակում ենք «մեր Աստուծոյ գթած ողորմութ[յունը]», որ «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Ղուկ. 1։78; Բ Պետ. 3։9)։
6. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ Եհովայի ծառայությամբ զբաղված լինելով։
6 Մեր ստացած օգուտները։ Եհովայի ծառայությամբ զբաղված լինելը պաշտպանություն է մեզ համար։ Այն օգնում է մեզ մեր մտքում վառ պահել Եհովայի օրը և չապականվել իրերի ներկա չար համակարգով (Բ Պետ. 3։11, 12 ՆԱ, 13, 14; Տիտոս 2։11, 12)։ Ուստի եկեք «հաստատ [լինենք], անշարժ [մնանք], ամեն ժամանակ աւելի առաջա[նանք] Տիրոջ գործումը» և հիշենք, որ քրիստոնեական ծառայության մեջ գործադրած մեր ջանքերը զուր չեն (Ա Կորնթ. 15։58)։