Դպրոց, որն օգնում է մեզ գործնականում կիրառել սովորածը
1 Մենք ցանկանում ենք օգուտներ քաղել Աստվածապետական ծառայության դպրոցի 2006 թ. ծրագրից՝ սովորելով, թե ինչպես կարող ենք սուրբգրային ուսմունքները կիրառել մեր սուրբ ծառայության մեջ և առօրյա կյանքում։ Մեր ձգտումն է կատարել այն ամենը, ինչ սովորում ենք (Յովհ. 13։17; Փիլիպ. 4։9)։
2 Մեկնաբանություններ։ Այս տարվա ծրագրում ունկնդիրներին կհատկացվի ևս մեկ րոպե՝ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը բաժնում մեկնաբանություններ տալու համար։ Սա նշանակում է, որ ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրը պետք է ուշադիր լինի, որպեսզի ելույթի իր հատվածը ավարտի ոչ թե վեց, այլ հինգ րոպեում։ Մեկնաբանություն տվողները նույնպես պետք է ուշադիր լինեն, որպեսզի չանցնեն իրենց հատկացված ժամանակից։ Նախապես լավ պատրաստվելու շնորհիվ անհատը կկարողանա օգտակար տեղեկություններ փոխանցել 30 կամ ավելի քիչ վայրկյանների ընթացքում։ Ունկնդիրներին հատկացված հինգ րոպեում մոտավորապես տասը անհատներ պետք է կարողանան իմաստալից մեկնաբանություններ տալ։
3 Ելույթներ, որ ուսուցանում են։ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը և ուսուցողական ելույթը պետք է կենտրոնացած լինեն այն բանի վրա, թե ինչպես կարելի է տվյալ նյութը կիրառել մեր ծառայության մեջ և անձնական կյանքում։ Ելույթ ունեցողը պետք է ունկնդիրներին գործողության մղելուց ավելին անի։ Նա պետք է նշի, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ անել, ինչպես դա անել, և որոնք են օգուտները։ Նա կարող է ասել. «Ահա թե ինչպիսի առաջնորդություն է տալիս մեզ այս համարը» կամ՝ «Ահա թե ինչպես կարող ենք այս համարները գործածել ծառայության մեջ»։ Երեցներն ու ծառայող օգնականները, որոնք ծանոթ են տեղի հանգամանքներին, պետք է ձգտեն որքան հնարավոր է կոնկրետ ցույց տալ նյութի գործնական կիրառությունը։
4 Գործնական արժեքը ցույց տալու հարցում հատկապես արդյունավետ են աստվածաշնչյան օրինակները։ Ելույթ ունեցողը որևէ սուրբգրային օրինակ հիշատակելիս կարող է ասել. «Մենք նույնպես կարող ենք հայտնվել նմանատիպ իրավիճակում»։ Նա պետք է համոզված լինի, որ աստվածաշնչյան ցանկացած օրինակի կիրառությունը ներդաշնակ է համատեքստին, ամբողջ Աստվածաշնչին և ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ տված գրականությանը (Մատթ. 24։45)։
5 Իմաստությունը գիտելիքներն ու հասկացողությունը հաջողությամբ գործի դնելու ունակությունն է։ «Ամէն բանի գլուխը իմաստութիւնն է» (Առակ. 4։7, ծնթ.)։ Ուստի մինչ շարունակում ենք գործնական իմաստություն ձեռք բերել Աստվածապետական ծառայության դպրոցի դասընթացներից, եկեք բարելավենք այդ իմաստությունն ուրիշներին փոխանցելու արվեստը։