Արժեքավոր նպատակ նոր ծառայողական տարվա համար
1. Ի՞նչ նպատակ կարող ենք դնել մեր առջև նոր ծառայողական տարվա համար։
1 Մենք պետք է նպատակներ դնենք մեր առջև, եթե ցանկանում ենք հոգևորապես առաջադիմել։ Անձամբ դու ի՞նչ նպատակներ ունես նոր ծառայողական տարվա համար։ Հրաշալի նպատակ է մեկ կամ մի քանի ամիս որպես ենթառահվիրա ծառայելը։ Քանի որ ուրախություն պատճառող այս ծառայությունը կատարելու համար հարկավոր է նախօրոք պլաններ կազմել, ուստի այժմ հարմար ժամանակ է այդ մասին մտածելու։ Ինչո՞ւ արժե նպատակ դնել ծառայելու որպես ենթառահվիրա։
2. Ինչո՞ւ արժե նպատակ դնել ծառայելու որպես ենթառահվիրա։
2 Ինչու արժե ծառայել որպես ենթառահվիրա։ Ծառայելով որպես ենթառահվիրա՝ մենք «լիարժեք կերպով» ուրախացնում ենք մեր երկնային Հորը, քանի որ ավելի շատ ժամանակ ենք տրամադրում ծառայությանը (1 Թեսաղ. 4։1)։ Երբ մենք մտածում ենք այն ամենի մասին, որ Եհովան արել է մեզ համար, մեր սրտերը մղում են մեզ նրա մասին պատմելու մարդկանց (Սաղ. 34։1, 2)։ Եհովան տեսնում է և բարձր է գնահատում այն զոհողությունները, որ մենք անում ենք ծառայությանը ավելի շատ մասնակցելու համար (Եբր. 6։10)։ Իմանալով, որ մեր կատարած գործով հաճեցնում ենք Եհովային՝ մենք մեծ ուրախություն ենք ապրում (Ա Մնաց. 29։9)։
3, 4. Ի՞նչ օգուտներ ենք ստանում ենթառահվիրայական ծառայությունից։
3 Սովորաբար, որքան հաճախ ենք անում որևէ գործ, այնքան ավելի հեշտ ու հաճելի է դառնում այն։ Դու քեզ ավելի վստահ կզգաս տնետուն քարոզելիս, եթե ծառայությանն ավելի շատ ժամանակ տրամադրես։ Կհմտանաս զրույցներ սկսելու և Աստվածաշունչը գործածելու հարցում։ Որքան շատ խոսես քո հավատի մասին, այնքան ավելի ամուր կդառնա այն։ Շատ քարոզիչներ, որոնք նախկինում որևէ մեկի հետ չեն ուսումնասիրել Աստվածաշունչը, ենթառահվիրայական ծառայության շնորհիվ Աստվածաշնչի ուսումնասիրություն են սկսել։
4 Ենթառահվիրայական ծառայությունը նաև աշխուժություն կմտցնի ծառայության մեջ և կօգնի անհատին դուրս գալ հոգևոր առումով միապաղաղ վիճակից։ Մի քարոզիչ, որը նախկինում ծառայել էր որպես ընդհանուր ռահվիրա, նկատեց, որ չափազանց շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին, և որոշեց մեկ ամիս ծառայել որպես ենթառահվիրա։ Նա ասում է. «Ես չէի կարող պատկերացնել, որ այդ մեկ ամսվա ծառայությունը ինձ այդքան կզորացնի հոգևորապես։ Ես որոշեցի շարունակել ենթառահվիրայական ծառայությունը և արդյունքում նորից ընդհանուր ռահվիրայություն սկսեցի»։
5. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անվստահության զգացումը։
5 Հաղթահարենք խոչընդոտները։ Որոշ քարոզիչներ վարանում են ենթառահվիրայություն սկսել, քանի որ կարծում են, թե հմուտ չեն քարոզչական գործում։ Եթե դու էլ ունես այդպիսի զգացումներ, կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ, ինչպես որ Երեմիային օգնեց (Երեմ. 1։6–10)։ Թեև Մովսեսը «ծանրախօս եւ ծանրալեզու» էր, սակայն Եհովան օգտագործեց նրան՝ իր կամքը կատարելու համար (Ելից 4։10–12)։ Եթե քեզ անվստահ ես զգում ծառայության այդ ձևին մասնակցելու համար, ապա Եհովայից քաջություն խնդրիր։
6. Ինչպե՞ս գուցե հնարավոր լինի ծառայել որպես ենթառահվիրա՝ չնայած առողջական խնդիրներին կամ ծանրաբեռնված գրաֆիկին։
6 Վարանո՞ւմ ես ծառայել որպես ենթառահվիրա առողջական խնդիրների կամ ծանրաբեռնված գրաֆիկ ունենալու պատճառով։ Եթե վատառողջ ես, գուցե կարողանաս ենթառահվիրա ծառայել՝ քեզ հարմար գրաֆիկ կազմելով։ Եթե ծանրաբեռնված գրաֆիկ ունես, գուցե նախընտրես որոշ ոչ կարևոր գործեր թողնել մեկ ուրիշ ամսվա։ Քարոզիչներից ոմանք, որ աշխատում են լրիվ աշխատանքային օրով, կարողացել են ենթառահվիրայական ծառայության համար գնել ժամանակը՝ մեկ կամ երկու օր արձակուրդ վերցնելով (Կող. 4։5)։
7. Ինչո՞ւ արժե անդադար աղոթել ենթառահվիրա ծառայելու մասին։
7 Ինչպես կարող ես ծառայել որպես ենթառահվիրա։ Անդադար աղոթիր ենթառահվիրա ծառայելու քո ցանկության մասին։ Խնդրիր Եհովային, որ օրհնի ծառայությունդ ընդարձակելու նպատակով գործադրած քո ջանքերը (Հռոմ. 12։11, 12)։ Նա կօգնի քեզ, որ իմաստուն որոշումներ կայացնես քո գրաֆիկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (Հակ. 1։5)։ Եթե այդքան էլ մեծ ցանկություն չունես ենթառահվիրա ծառայելու, խնդրիր Եհովային, որ օգնի քեզ ուրախություն գտնել քարոզչական գործում (Ղուկ. 10։1, 17)։
8. Առակաց 15։22–ում գրված խոսքերը կիրառելն ինչպե՞ս կարող է օգնել քեզ ծառայելու որպես ենթառահվիրա։
8 Ընտանյոք հանդերձ քննարկեք ենթառահվիրա ծառայելու հնարավորության մասին (Առակ. 15։22)։ Թերևս ընտանիքի անդամներից որևէ մեկը կարողանա ծառայել որպես ենթառահվիրա մյուսների աջակցությամբ։ Քո նպատակի մասին խոսիր ժողովի անդամների հետ, հատկապես նրանց, որոնց հանգամանքները նման են քո հանգամանքներին։ Դա գուցե մեծ ոգևորություն առաջացնի ենթառահվիրայական ծառայության հանդեպ։
9. Ո՞ր ամիսներին թերևս կարողանաս ծառայել որպես ենթառահվիրա։
9 Քննելով գալիք ծառայողական տարվա քո պլանները՝ մտածիր, թե երբ կկարողանայիր ծառայել որպես ենթառահվիրա։ Եթե աշխատում ես լրիվ աշխատանքային օրով կամ սովորում ես դպրոցում, դու թերևս նկատի առնես այն ամիսները, որոնցում կան արձակուրդի օրեր, կամ էլ հինգ շաբաթ կամ հինգ կիրակի օրեր։ Օրինակ՝ սեպտեմբեր, դեկտեմբեր, մարտ և օգոստոս ամիսներն ունեն հինգ շաբաթ և հինգ կիրակի օրեր։ Մայիս ամիսը ունի հինգ շաբաթ օր, իսկ հունիսը՝ հինգ կիրակի։ Եթե առողջական խնդիրներ ունես, կարող ես մտածել այն ամիսների մասին, որոնց ընթացքում սովորաբար լավ եղանակ է լինում։ Կամ գուցե ցանկանաս որպես ենթառահվիրա ծառայել այն ամսին, երբ ձեր ժողով կայցելի շրջանային վերակացուն։ Քանի որ Հիշատակի երեկոն հաջորդ տարի նշվելու է մարտի 22–ին, ուստի մարտ, ապրիլ և մայիս ամիսները կարող են հրաշալի ժամանակ լինել ենթառահվիրայության համար։ Երբ ընտրես, թե որ ամսին կամ ամիսներին կարող ես ծառայել որպես ենթառահվիրա, այնպիսի գրաֆիկ կազմիր, որի օգնությամբ կկարողանաս լրացնել պահանջվող ժամերի քանակը։
10. Ի՞նչ կարող ես անել, եթե հնարավորություն չունես ենթառահվիրա ծառայելու։
10 Եթե կարծում ես, որ գալիք ծառայողական տարվա ընթացքում չես կարողանա ծառայել որպես ենթառահվիրա, այնուամենայնիվ դու կարող ես ռահվիրայական ոգի դրսևորել։ Շարունակիր ուժերիդ ներածին չափով ծառայել և վստահ եղիր, որ Եհովային հաճելի է տեսնել, որ դու ամեն ջանք թափում ես նրան լավագույն ձևով ծառայելու համար (Գաղ. 6։4)։ Աջակցիր և քաջալերիր նրանց, ովքեր կարող են ծառայել որպես ենթառահվիրա։ Գուցե կարողանաս փոփոխություն մտցնել քո գրաֆիկում, որպեսզի շաբաթվա մեջ մեկ օր ավել ծառայես՝ համագործակցելով նրանց հետ, ովքեր ծառայում են որպես ռահվիրա։
11. Ինչո՞ւ պետք է հրատապության զգացում ունենանք։
11 Եհովայի ժողովուրդը հրատապության զգացում ունի։ Կա մի գործ, որը պետք է ավարտին հասցնել. դա բարի լուրի քարոզչությունն է։ Մարդկանց կյանքը վտանգի տակ է, իսկ «մնացած ժամանակը կարճացել է» (1 Կորնթ. 7։29–31)։ Աստծու և մերձավորի հանդեպ սերը կմղի մեզ անելու հնարավոր ամեն բան ծառայության մեջ։ Եռանդուն ջանքերի և լավ պլանավորման շնորհիվ թերևս կարողանանք գալիք ծառայողական տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս ծառայել որպես ենթառահվիրա։ Իսկապես, ի՜նչ արժեքավոր նպատակ է։