Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Եհովան արժանի է փառաբանության։ Ինչպե՞ս ենք մենք փառաբանում նրան։ Ի՞նչ դժվարությունների են բախվում ոմանք Եհովային փառաբանելու հետ կապված։ Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր այժմ փառաբանում են Աստծուն։ 2008 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովին բավարարող պատասխաններ կտրվեն այդ հարցերին։ Համաժողովի թեման է՝ «Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթ. 10։31)։ Տեսնենք, թե ինչ է սպասում մեզ այդ երկօրյա առատ հոգևոր խնջույքին։
Մարզային վերակացուն կներկայացնի «Ինչո՞ւ մենք պետք է փառք տանք Աստծուն» և «Աստծու պահանջները կատարելու մեջ եղեք օրինակելի» վերնագրերով ելույթները։ Նա նաև կմատուցի հանրային ելույթը, որի վերնագիրն է՝ «Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք փառք են բերում Աստծուն», և եզրափակիչ ելույթը՝ «Միասնաբար փառաբանում ենք Աստծուն ամբողջ աշխարհում»։ Նա նաև կանցկացնի Աստվածապետական ծառայության դպրոցը։ Շրջանային վերակացուն կներկայացնի հետևյալ ելույթները՝ «Ուրախություն ստանանք Աստծու փառքն արտացոլելուց», «Ուշադրություն դարձնենք շրջանի կարիքներին» և «Շարունակեք ամուր հաստատված մնալ ճշմարտության մեջ» ելույթը, որը հիմնված է 2 Պետրոս 1։12–ի վրա։ Բացի այդ, կլսենք «Փառք ենք բերում Աստծուն՝ ծառայելով որպես ռահվիրա» վերնագրով ելույթը։ Երկու ելույթաշարերից մեկում, որն ունի «Փառք բերենք Աստծուն մեր կյանքի բոլոր ոլորտներում» խորագիրը, մանրամասնորեն կքննարկվի 1 Կորնթացիներ 10։31 համարում գրված ներշնչյալ խոսքերի իմաստը։ Իսկ «Սրբազան ծառայություն ենք մատուցում Եհովային փառք բերելու համար» խորագրով ելույթաշարում կխոսվի մեր երկրպագության տարբեր երեսակների մասին։ Կիրակի օրը կներկայացվի «Դիտարանի» համառոտ ամփոփումը և կքննարկվի այդ օրվա համարը։ Կլինի նաև մկրտություն։
Մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում ճանաչել Աստծուն։ Շատերը չափազանց զբաղված են իրենց անձնական գործերով և ժամանակ չունեն Եհովայի մեծության մասին մտածելու (Հովհ. 5։44)։ Սակայն մենք վստահ ենք, որ արժե ժամանակ տրամադրել քննարկելու, թե ինչպես կարող ենք «ամեն բան Աստծու փառքի համար անել»։ Գործերդ այնպես ծրագրիր, որ ներկա գտնվես այս համաժողովին և լիարժեք օգուտներ քաղես բոլոր չորս բաժիններից։