Նոր շրջանային համաժողով
Ինչպե՞ս անսասան մնալ կատաղի հալածանքի բախվելիս։ Ինչպե՞ս հաղթել Սատանային ու նրա աջակիցներին, որոնք անընդհատ դրդում են մեզ վերադառնալու այս անաստված աշխարհը։ 2009 ծառայողական տարվա շրջանային համաժողովը կպատասխանի այս կարևոր հարցերին։ Համաժողովի խորագիրն է «Շարունակիր բարիով հաղթել չարին» (Հռոմ. 12։21)։ Իսկ ի՞նչ թեմաներ են քննարկվելու։
Մարզային վերակացուն կմատուցի հետևյալ ելույթները՝ «Զորացնենք ինքներս մեզ՝ չարին բարիով հաղթելու համար», «Մի՛ եղիր ինքնավստահ», «Աստված շուտով վերջ կդնի չարին» և «Ամրացնենք մեր հավատը՝ աշխարհին հաղթելու համար»։ Շրջանային վերակացուն կներկայացնի «Հիմա՛ է արթուն մնալու ժամանակը» (հիմնված Հռոմեացիներ 13։11–13–ի վրա) և «Մի վհատվիր նեղության օրը» (հիմնված Առակաց 24։10–ի վրա) ելույթները։ Մենք անհամբերությամբ կսպասենք նաև նրա երրորդ ելույթին, որը կոչվում է «Ուշադրություն դարձնենք շրջանի կարիքներին»։ Մեկ ուրիշ քաջալերիչ ելույթ է «Կարո՞ղ ես «կատարել այդ ծառայությունը»՝ լինելով ռահվիրա»։ Երկու ելույթաշարերից առաջինը վերնագրված է «Զգուշացիր Սատանայի նենգություններից»։ Այն կօգնի մեզ նկատելու և մերժելու Բանսարկուի ծուղակները ժամանցի, կրթության և գիտության ոլորտներում։ Երկրորդ ելույթաշարի խորագիրն է «Զորացեք, որպեսզի կանգուն մնաք այս չար օրերում»։ Մենք կիմանանք, թե ինչպես կարող ենք լիարժեքորեն կիրառել Եփեսացիներ 6։10–18-ում գրված խորհուրդները։
Թագավորության լուրի քարոզչությունը սերտորեն առնչվում է չարին հաղթելու հետ (Հայտն. 12։17)։ Զարմանալի չէ, որ Սատանան անդադար հալածում է Եհովայի վկաներին (Ես 43։10, 12)։ Բայց նա ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ մենք վճռել ենք «շարունակել բարիով հաղթել չարին»։ Ուրեմն քո գործերն այնպես պլանավորիր, որ լիովին օգուտներ քաղես շրջանային համաժողովի չորս մասերից։