Մի՛ վարանիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել
1. Ի՞նչ կերպով մենք չենք «խնայում բարությունը»։
1 Աստծու Թագավորության մասին բարի լուրը ակտիվորեն հռչակելով՝ մենք չենք «խնայում բարությունը» մեզ նշանակված տարածքում ապրող մարդկանցից (Առակ. 3։27)։ Գոյություն չունի ավելի լավ լուր, որը պետք է տարածվի մարդկության մեջ, քան այն լուրը, որ Աստծու կառավարման ներքո լավ ժամանակներ են լինելու։ Թեև դու սրտանց պատմում ես մարդկանց Թագավորության հույսի մասին՝ ոչ պաշտոնական վկայություն տալով կամ գրականություն առաջարկելով, լավ կլինի նպատակ դնել անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություն, եթե դեռ չես անցկացնում։
2. Ի՞նչը մեզ կարող է հետ պահել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուց։
2 Երբեմն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու ամենամեծ արգելքներից մեկը մեր սեփական մտածելակերպն է։ Ոմանք վարանում են Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել անվստահության կամ հագեցած գրաֆիկ ունենալու պատճառով։ Հետևյալ խորհուրդները կարող են օգնել քեզ, որ չվարանես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել (Մատթ. 28։19; Գործեր 20։20)։
3. Ինչո՞ւ մենք կարող ենք Աստվածաշունչ սովորեցնել։
3 Անվստահությունը։ Թերևս դու սահմանափակ կրթություն ունես կամ գուցե այլ պատճառներով վստահ չես, որ կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Առաջին դարի արդյունավետ քրիստոնյա քարոզիչները «անուսում և հասարակ մարդիկ» էին։ Ինչի՞ շնորհիվ էին նրանք կարողանում սովորեցնել ճշմարտությունը ուրիշներին։ Նրանք «Հիսուսի հետ են եղել» (Գործեր 4։13)։ Նրանք սովորել էին Մեծ Ուսուցչից՝ Հիսուսից, որի ուսմունքներն ու մեթոդները պահպանվել են Գրություններում մեզ համար։ Անգամ եթե սահմանափակ կրթություն ունես, դու ստանում ես հոգևոր կրթություն, որն անգերազանցելի է (Ես. 50։4; 2 Կորնթ. 3։5)։
4. Ի՞նչ կարող ենք սովորել Ամովսի օրինակից։
4 Եհովան երբեմն մարգարեների միջոցով խրատում էր մեղավոր կառավարիչներին կամ այլ բարձր դիրք ունեցողներին։ Նրանցից ոմանք, ինչպես օրինակ՝ Ամովսը, հասարակ ծագում ունեցող մարդիկ էին։ Ամովսն ընդունեց. «Ես մարգարե չեմ և մարգարեի որդի չեմ, այլ տավարած եմ ես և մոլաթուզ քաղող» (Ամովս 7։14)։ Չնայած դրան՝ Ամովսը չվարանեց Եհովայի դատաստանների լուրը հայտնել հորթի պաշտամունքի քահանա Ամասիային (Ամովս 7։16, 17)։ Մենք պետք է միշտ հիշենք, որ Աստծու գործն ենք կատարում, և նա կօգնի մեզ, որ կարողանանք կատարել այն (2 Տիմոթ. 3։17)։
5. Ինչո՞ւ պետք է ջանանք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, անգամ եթե հագեցած գրաֆիկ ունենք։
5 Հագեցած գրաֆիկը։ Նույնիսկ եթե գրաֆիկդ հագեցած է, հավանաբար արդեն ժամանակ ես հատկացրել ծառայությանը կանոնավորաբար մասնակցելու համար։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը կարող է լինել մեր ծառայության ամենահաճելի առանձնահատկություններից մեկը։ Մեծ առանձնաշնորհում է տեսնել, թե ինչպես է Եհովայի Խոսքը ներգործում անհատի կյանքի վրա (Եբր. 4։12)։ Եհովային հաճելի է, երբ մենք զոհողություններ ենք անում, որպեսզի օգնենք որևէ մեկին «ճշմարտության ճշգրիտ գիտությանը գալ» (1 Տիմոթ. 2։4)։ Նույնիսկ հրեշտակներն են ուրախություն ապրում, երբ որևէ մեկը զղջում է իր նախկին ապրելակերպի համար և հոգևոր առաջադիմություններ է անում (Ղուկ. 15։10)։
6. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք Աստծու կամքը կատարելու հետ կապված։
6 Աստծու «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։4)։ Ի՜նչ առանձնաշնորհում ունենք գործելու Աստծու կամքին ներդաշնակ՝ չվարանելով անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։