Մխիթարենք սրտով կոտրվածներին
1 Մարդիկ այսօր ավելի քան երբևէ մխիթարության կարիք ունեն։ Մեր Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի նման՝ մենք ջանում ենք «բժշկել կոտրած սիրտ ունեցողներին» (Ես. 61։1)։
2 Ինչպես մխիթարել։ Մարդկանց մխիթարելու համար մենք պետք է քարոզենք հավասարակշռված կերպով և դրական ոգով։ Եթե հնարավորինս քիչ խոսենք այն մասին, թե աշխարհում ինչ վատ գործեր կան, և ինչ կեղծ ուսմունքներ են տարածված, ապա ավելի շատ կկարողանանք զրուցել աստվածաշնչյան ճշմարտության, երջանիկ ապագայի հույսի և Աստծու մխիթարական խոստումների մասին։ Սա չի նշանակում, որ Արմագեդոնի մասին ընդհանրապես չպետք է խոսենք։ Մեզ հանձնարարված է հռչակել ոչ միայն «Տիրոջ ընդունելի տարին», այլ նաև «մեր Աստծու վրեժխնդրության օրը» և զգուշացնել «ամբարշտին իր չար ճանապարհից»։ Բայցևայնպես, մենք չպետք է այնքան խոսենք Արմագեդոնի և դրա բերած կործանումից նախազգուշացնելու մասին, որ բարի լուրի թեման մնա ստվերում (Ես. 61։2; Եզեկ. 3։18; Մատթ. 24։14)։
3 Տնից տուն ծառայելիս։ Այսօր արտասովոր բան չէ, որ մարդիկ հուսալքված են հիվանդության, հարազատի մահվան, անարդարության կամ տնտեսական խնդիրների պատճառով։ Ընդօրինակելով Քրիստոսին՝ մենք «խղճում» և կարեկցանքով ենք վերաբերվում նրանց, ում հանդիպում ենք մեր ծառայության ժամանակ (Ղուկ. 7։13; Հռոմ. 12։15)։ Թեև մենք հիշատակում ենք մեկ կամ երկու աստվածաշնչյան համարներ, որոնք կապ ունեն որոշակի խնդրի հետ, սակայն մենք պետք է «արագ լինենք լսելու մեջ» և թույլ տանք, որ անհատն արտահայտի իր զգացումները (Հակ. 1։19)։ Այդպես վարվելով՝ կկարողանանք ավելի լավ մխիթարել մարդկանց։
4 Զրույցի ընթացքում հարմար պահին կարող ենք ասել. «Ես կցանկանայի մի քանի քաջալերական մտքեր ասել Աստվածաշնչից»։ Հարկավոր է ողջամիտ լինել և աշխատել չհերքել անհատի հայտնած ամեն մի սխալ տեսակետ։ Փոխարենը՝ մեր գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ Աստվածաշնչի օգնությամբ անհատին հորդորենք ու մխիթարենք, որպեսզի զորացնենք նրան։ Դրա համար թերևս կարող ես տանտիրոջը տալ «Մխիթարություն վհատվածներին» թերթիկը կամ քննարկել այնտեղ գրված մի քանի քաջալերական մտքեր։
5 Ուրիշներին քաջալերելու հնարավորություններ փնտրիր։ Ճանաչո՞ւմ ես որևէ մեկին, ով մխիթարության կարիք է զգում՝ լինի դա հարևան, աշխատակից, համադասարանցի թե ընտանիքի անդամ։ Թերևս ջանաս այցելել այդպիսի անհատներին իրենց տանը և Աստվածաշնչի օգնությամբ քաջալերել նրանց։ Իմանալով, թե նրանք ինչու մխիթարության կարիք ունեն՝ դու կկարողանաս նախապատրաստվել զրույցին։ Մխիթարելու նպատակով ոմանք նամակներ են գրում կամ զանգահարում են։ Մերձավորի հանդեպ անկեղծ սերը կմղի մեզ կարեկցանք դրսևորել և Գրությունների օգնությամբ մխիթարել (Ղուկ. 10։25–37)։
6 Այո, մեզ հանձնարարվել է մխիթարել սգավորներին, սրտով կոտրվածներին և հրաշալի ապագայի հույս ներշնչել նրանց։ Ամբողջ աշխարհում ապրող մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Ուրախությամբ խոսելով այն բազմաթիվ հրաշալի բաների մասին, որ խոստացել է Աստված՝ մենք կմխիթարենք և կհուսադրենք անկեղծ սիրտ ունեցողներին։ Եկե՛ք միշտ հիշենք կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու անհրաժեշտության մասին։