Օգնենք մեր հավատակիցների ոչ Վկա կողակիցներին
1. Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ ասել, որ ժողովի բոլոր անդամները ցանկանում են իրենց հավատակիցների ոչ Վկա կողակիցներին տեսնել ճշմարտության մեջ։
1 Ձեր ժողովում կա՞ն քարոզիչներ, որոնց կողակիցները ճշմարտության մեջ չեն։ Անկասկած, նրանցից յուրաքանչյուրը մեծ ցանկություն ունի իր կողակցին տեսնելու իր կողքին։ Կարող ենք վստահությամբ ասել, որ ժողովի մյուս անդամները նույնպես ուզում են տեսնել նրան ճշմարիտ երկրպագությանը միացած։ Ընդօրինակելով Աստծուն՝ նրանք ցանկանում են, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հավատակիցների ոչ Վկա կողակիցներին ընդունելու ճշմարտությունը։
2. Ինչո՞ւ պետք է ըմբռնումով մոտենանք, երբ շփվում ենք մեր հավատակցի ոչ Վկա կողակցի հետ։
2 Նախևառաջ փորձենք մեր հավատակցի ոչ Վկա կողակցի տեսանկյունից նայել իրերին։ Պետք է հասկանանք, որ նրանցից շատերն իսկապես սիրում են իրենց ընտանիքը և փորձում են լինել լավ կողակից ու ծնող, պարզապես նրանց կրոնական համոզմունքները տարբերվում են մեր հավատալիքներից։ Գուցե մեր հավատակցի ոչ Վկա ամուսինը կամ կինը շատ բան չգիտի մեր մասին, և ինչ էլ գիտի, լսել է կանխակալ կարծիք ունեցող կամ ապատեղեկացված ծանոթներից։ Նաև տեսնում է, որ այժմ իր կողակիցը շատ ժամանակ է հատկացնում հոգևոր գործերին, այնինչ նախկինում այդ ժամանակն էլ էր տրամադրում ընտանիքին, ուստի գուցե խանդի։ Եթե ըմբռնումով մոտենանք, կկարողանանք բարյացակամորեն, հարգալից և անկաշկանդ շփվել նրա հետ (Առակ. 16։20–23)։
3. Ո՞րն է մեր հավատակցի ոչ Վկա կողակցին շահելու լավագույն ձևը։
3 Անձնական հետաքրքրություն ցույց տանք։ Փորձը ցույց է տալիս, որ եթե ցանկանում ենք օգնել մեր քրոջ կամ եղբոր ոչ Վկա կողակցին հետաքրքրվելու ճշմարտությամբ, նախ պետք է շահենք նրան մեր գործերով և ոչ թե անմիջապես աստվածաշնչյան թեմաների շուրջ զրույցներ վարելով (1 Պետ. 3։1, 2)։ Այդ նպատակին հասնելու համար կարևոր է անձնական հետաքրքրություն ցույց տալ։ Ժողովի քույրերը կարող են հետաքրքրվել մեր հավատակցի կնոջով, իսկ եղբայրները՝ քրոջ ամուսնով։ Ինչպե՞ս նրանք կարող են դա անել։
4. Ինչպե՞ս կարող ենք անձնական հետաքրքրություն ցույց տալ։
4 Եթե գիտես ձեր ժողովի քարոզիչներից մեկին, որի կողակիցը Վկա չէ, նախ խորհրդակցիր նրա հետ, և եթե հարմար է, այցելիր նրա կողակցին՝ ծանոթանալու նպատակով։ Մի՛ հուսահատվիր, եթե նրա ոչ Վկա կողակիցը սկզբում անտարբեր լինի։ Քո ջերմ վերաբերմունքն ու անձնական հետաքրքրությունը կարող են փոխել նրա կարծիքը Եհովայի վկաների նկատմամբ (Հռոմ. 12։20)։ Որոշ հասուն քրիստոնյաներ ճաշի են հրավիրում իրենց հավատակցի ընտանիքի անդամներին, այդ թվում նաև ոչ Վկա կողակցին, որպեսզի մոտիկից ծանոթանան և ցրեն նրա նախապաշարումները։ Սկզբում նրանք խոսում են այդ անձնավորությանը հետաքրքրող թեմաներից, իսկ երբ արդեն ընկերանում են, աստվածաշնչյան թեմաների շուրջ են զրուցում կամ էլ հրավիրում են ներկա լինելու ժողովի հանդիպումներից մեկին (մանավանդ որ նա արդեն ճանաչում է ժողովի անդամներից ոմանց), որպեսզի տեսնի, թե ինչ է սովորում իր կինը կամ ամուսինը։ Նույնիսկ եթե նա հետաքրքրություն ցույց չի տալիս, միևնույն է, գովում են նրան իր Վկա կողակցին աջակցելու համար։
5. Ինչպե՞ս կարող են երեցները օգնել քրոջ կամ եղբոր ոչ Վկա կողակցին։
5 Երեցները կարող են մեծ դեր խաղալ ժողովի անդամների ոչ Վկա կողակիցներին օգնելու հարցում։ Նրանք պետք է վկայություն տալու առիթներ փնտրեն։ Օրինակ՝ այն կողակիցը, որը նախկինում չէր ցանկանում զրուցել հոգևոր թեմաների շուրջ, գուցե ցանկություն արտահայտի լսելու քաջալերական մտքեր Աստվածաշնչից, երբ հիվանդանոցում լինի կամ առողջական լուրջ խնդիրներ ունենա։ Իսկ եթե նման ընտանիքում դժբախտություն պատահի, օրինակ, ընտանիքի անդամներից մեկը մահանա, երեցները կարող են մխիթարել նրանց՝ զրուցելով բոլորի հետ, այդ թվում նաև ոչ Վկա կողակցի։
6. Ինչո՞ւ պետք է օգնենք մեր քրոջ կամ եղբոր ոչ Վկա կողակցին։
6 Միայն պատկերացրու, թե որքան կուրախանա մեր քույրը կամ եղբայրը, երբ նրա ոչ Վկա կողակիցը դրականորեն արձագանքի և դառնա Եհովայի ճշմարիտ երկրպագուներից մեկը։ Դա մեծ ուրախություն կպատճառի նաև Եհովային, հրեշտակներին ու ժողովի մյուս անդամներին (Ղուկ. 15։7, 10)։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ոչ Վկա կողակիցը սկզբում անտարբեր է, մենք ուրախ լինելու պատճառ ունենք, քանի որ շարունակական ջանքեր ենք գործադրում Եհովային հաճեցնելու համար, իսկ նա «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
Փորձը ցույց է տալիս, որ եթե ցանկանում ենք օգնել մեր քրոջ կամ եղբոր ոչ Վկա կողակցին հետաքրքրվելու ճշմարտությամբ, նախ պետք է շահենք նրան մեր գործերով և ոչ թե անմիջապես աստվածաշնչյան թեմաների շուրջ զրույցներ վարելով