Հնարավոր է երջանիկ լինել կրոնապես բաժանված ընտանիքում
«Ի՞նչ գիտես, թե չես փրկի քո [կողակցին]» (1 ԿՈՐՆԹ. 7։16)։
ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԳՏՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Ի՞նչ կարող է անել քրիստոնյան, որ կրոնապես բաժանված ընտանիքում խաղաղ մթնոլորտ ստեղծի։
Քրիստոնյան ինչպե՞ս կարող է օգնել ընտանիքի ոչ Վկա անդամներին դառնալու ճշմարիտ երկրպագու։
Ի՞նչ կարող են ուրիշները անել, որ օգնեն կրոնապես բաժանված ընտանիքներում ապրող իրենց հավատակիցներին։
1. Երբ ինչ-որ մեկը ընդունում է Թագավորության լուրը, ի՞նչ ազդեցություն դա կարող է թողնել իր ընտանիքի վրա։
ՄԻ ԱՆԳԱՄ, երբ Հիսուսն իր առաքյալներին ուղարկեց քարոզելու, ասաց. «Երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթ. 10։1, 7)։ Այս բարի լուրը խաղաղություն ու երջանկություն էր բերելու նրանց, ովքեր իսկապես կգնահատեին ու կընդունեին այն։ Սակայն Հիսուսը առաքյալներին զգուշացրեց, որ շատերը հակառակվելու էին իրենց քարոզչությանը (Մատթ. 10։16–23)։ Հատկապես ցավալի էր լինելու, երբ ընտանիքի անդամները մերժեին Թագավորության լուրը (կարդա՛ Մատթեոս 10։34–36)։
2. Կրոնապես բաժանված ընտանիքներում ապրող քրիստոնյաները ինչո՞ւ կարող են երջանիկ լինել։
2 Արդյո՞ք դա նշանակում է, որ կրոնապես բաժանված ընտանիքներում ապրող քրիստոնյաները չեն կարող երջանիկ լինել։ Ամենևի՛ն։ Թեև ընտանիքի անդամների կողմից հալածանքը երբեմն կարող է դաժան լինել, միշտ չէ, որ դա այդպես է։ Նաև անպայման չէ, որ այդպիսի հալածանքը հարատև լինի։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք արձագանքում հալածանքին կամ անտարբերությանը։ Ավելին, Եհովան օրհնում է իրեն հավատարիմներին. չնայած անբարենպաստ պայմաններին՝ նրանց ուրախություն է պարգևում։ Քրիստոնյաները կարող են է՛լ ավելի երջանիկ լինել՝ 1) ջանալով խաղաղ մթնոլորտ ստեղծել տանը և 2) անկեղծորեն փորձելով օգնել ընտանիքի ոչ Վկա անդամներին դառնալու ճշմարիտ երկրպագուներ։
ԽԱՂԱՂ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԻՐ ՏԱՆԸ
3. Կրոնապես բաժանված ընտանիքում քրիստոնյան ինչո՞ւ պետք է խաղաղ մթնոլորտ ստեղծի։
3 Որպեսզի արդարության սերմը պտուղ բերի ընտանիքում, շատ կարևոր է խաղաղ մթնոլորտը (կարդա՛ Հակոբոս 3։18)։ Նույնիսկ եթե քրիստոնյայի ընտանիքը միավորված չէ ճշմարիտ երկրպագության մեջ, նա պետք է ջանք թափի, որ տանը խաղաղ մթնոլորտ ստեղծի։ Ինչպե՞ս։
4. Քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ներքին խաղաղություն պահպանել։
4 Քրիստոնյաները պետք է պահպանեն իրենց ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է սրտանց աղոթել, ինչի շնորհիվ կունենանք «Աստծու խաղաղությունը», որը հնարավոր չէ համեմատել որևէ բանի հետ (Փիլիպ. 4։6, 7)։ Երջանկությունն ու խաղաղությունը գալիս են Եհովայի մասին գիտելիքներ ստանալուց և աստվածաշնչյան սկզբունքները կիրառելուց (Ես. 54։13)։ Շատ կարևոր է նաև նախանձախնդրորեն մասնակցել քարոզչական ծառայությանը, ինչպես նաև ժողովի հանդիպումներին։ Սովորաբար կրոնապես բաժանված ընտանիքներում ապրող Վկաները ինչ-որ կերպ կարողանում են մասնակցել քրիստոնեական գործունեությանը։ Նկատի առնենք Էնզայիa օրինակը, որի ամուսինը խիստ հակառակվում է։ Էնզան մասնակցում է քարոզչությանը տնային պարտականություններն անելուց հետո։ Քույրն ասում է. «Ամեն անգամ, երբ ջանք եմ թափում, որ ուրիշներին հայտնեմ բարի լուրը, Եհովան առատորեն օրհնում է ինձ, ու ես լավ արդյունքներ եմ ունենում»։ Ինչ խոսք, այսպիսի օրհնությունը բերում է խաղաղություն, բավարարվածության զգացում ու երջանկություն։
5. Կրոնապես բաժանված ընտանիքներում քրիստոնյաները հաճախ ի՞նչ դժվարության են բախվում և որտեղի՞ց կարող են օգնություն ստանալ։
5 Մենք պետք է անկեղծ ջանքեր թափենք ընտանիքի ոչ Վկա անդամների հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու համար։ Թերևս դա դժվար լինի, որովհետև նրանք երբեմն գուցե ցանկանան, որ աստվածաշնչյան սկզբունքներին հակառակ վարվենք։ Եթե կառչած մնանք արդար սկզբունքներից, նրանցից ոմանք գուցե բարկանան, սակայն, ի վերջո, դա կնպաստի խաղաղությանը։ Ինչ խոսք, եթե անզիջում լինենք այնպիսի հարցերում, որոնք չեն խախտում աստվածաշնչյան սկզբունքները, անտեղի տարաձայնությունների առիթ կտանք (կարդա՛ Առակներ 16։7)։ Երբ բախվում ենք դժվարության, կարևոր է փնտրտուքներ անել հավատարիմ և իմաստուն ծառայի տված հրատարակություններում և խորհուրդ հարցնել երեցներից (Առակ. 11։14)։
6, 7. ա) Ինչո՞ւ են ոմանք հակառակություն ցույց տալիս, երբ իրենց ընտանիքի անդամները սկսում են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ բ) Աստվածաշունչ ուսումնասիրողը կամ Վկան ինչպե՞ս պետք է արձագանքի ընտանիքի հակառակությանը։
6 Խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար հարկավոր է ապավինել Եհովային և հասկանալ ընտանիքի ոչ Վկա անդամների զգացմունքները (Առակ. 16։20)։ Նույնիսկ այն անհատները, ովքեր նոր են սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը, կարող են այս հարցում խորաթափանցություն դրսևորել։ Որոշ ամուսիններ կամ կանայք թերևս դեմ չլինեն, որ իրենց կողակիցը ուսումնասիրի Աստվածաշունչը։ Նրանք գուցե նույնիսկ ընդունեն, որ դա կնպաստի ընտանիքի բարօրությանը։ Սակայն ուրիշները թերևս կատաղի հակառակություն ցույց տան։ Եսթերը, որն այժմ Վկա է, ասում է, որ երբ իր ամուսինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, ինքը «ահավոր բարկացել էր»։ «Ես կա՛մ դեն էի շպրտում նրա գրականությունը, կա՛մ վառում էի այն»,— ասում է նա։ Հովարդը, որը սկզբում դեմ էր, որ իր կինը ուսումնասիրի Աստվածաշունչը, նշում է. «Շատ ամուսիններ վախենում են, որ իրենց կանայք կխաբվեն ու աղանդավոր կդառնան։ Ամուսինը գուցե չիմանա՝ ինչպես դիմադրել այդ կարծեցյալ վտանգին, ու թշնամական վերաբերմունք դրսևորի»։
7 Աստվածաշունչ ուսումնասիրողին, որի կողակիցը հակառակվում է, հարկավոր է օգնել հասկանալու, որ նա չպետք է դադարեցնի ուսումնասիրությունը։ Հաճախ նա կարող է լուծել խնդիրները՝ լինելով մեղմ ու հարգանք դրսևորելով ոչ Վկա կողակցի հանդեպ (1 Պետ. 3։15)։ Հովարդն ասում է. «Այնքան շնորհակալ եմ, որ կինս հանգստություն էր պահպանում ու խիստ չէր արձագանքում»։ Իսկ նրա կինը նշում է. «Հովարդը ստիպում էր, որ դադարեցնեմ ուսումնասիրությունը։ Նա ասում էր, որ խելքս կերել են։ Վիճելու փոխարեն՝ ես պատասխանում էի, որ գուցե նա ճիշտ է, սակայն նաև ավելացնում էի, որ անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որ հարցում են ինձ խաբում։ Ուստի խնդրեցի նրան, որ կարդա այն գիրքը, որն ուսումնասիրում էի։ Հովարդը կարդաց ու չկարողացավ չհամաձայնվել գրածներին։ Դա մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա»։ Լավ կլինի հիշել, որ ոչ Վկա ամուսինը կամ կինը գուցե լքված զգա իրեն կամ մտածի, որ իրենց ամուսնությունը վտանգի տակ է, երբ իր կողակիցը գնում է՝ մասնակցելու քրիստոնեական գործունեությանը։ Բայց եթե կողակիցը բարյացակամորեն ու սիրառատ կերպով խոսի նրա հետ, նա թերևս ձերբազատվի իր անհանգստություններից։
ՕԳՆԻՐ ՆՐԱՆՑ, ՈՐ ԴԱՌՆԱՆ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ
8. Պողոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց այն քրիստոնյաներին, որոնց կողակիցները չեն ապրում աստվածաշնչյան սկզբունքներով։
8 Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս քրիստոնյաներին, որ չհեռանան իրենց կողակցից զուտ այն պատճառով, որ վերջինս չի ապրում աստվածաշնչյան սկզբունքներովb (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։12–16)։ Եթե քրիստոնյան հիշի, որ ոչ Վկա կողակիցը հնարավոր է՝ Եհովայի ծառա դառնա, կկարողանա պահպանել իր ուրախությունը՝ ապրելով կրոնապես բաժանված ընտանիքում։ Այդուհանդերձ, ինչպես ցույց են տալիս հետևյալ դեպքերը, ճշմարտությունը հայտնելիս հարկավոր է որոշակի զգուշություն դրսևորել։
9. Ընտանիքի ոչ Վկա անդամին աստվածաշնչյան ճշմարտությունը հայտնելիս ի՞նչ զգուշություն է հարկավոր դրսևորել։
9 Ջեյսընը, հիշելով, թե ինչպես արձագանքեց, երբ իմացավ աստվածաշնչյան ճշմարտությունը՝ պատմում է. «Ես ուզում էի այդ մասին հայտնել բոլորին»։ Երբ ուսումնասիրողը սկսում է հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունը, կարող է այնքան ուրախանալ, որ անընդհատ այդ մասին խոսի։ Նա գուցե ակնկալի, որ ընտանիքի մյուս անդամները անմիջապես կընդունեն Թագավորության լուրը, բայց նրանք հնարավոր է՝ հակառակվեն։ Ինչպե՞ս ազդեց Ջեյսընի խանդավառությունը իր կնոջ վրա։ «Նա հոգնեցնում էր ինձ»,— հիշում է նրա կինը։ Մի կին, որն իր ամուսնուց 18 տարի անց ընդունեց ճշմարտությունը, ասում է. «Հարկավոր էր, որ ինձ աստիճանաբար հայտնեին այդ մասին»։ Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում մեկի հետ, որի կողակիցը չի ցանկանում մասնակցել ճշմարիտ երկրպագությանը, կանոնավորաբար ժամանակ հատկացրու, որ բացատրես նրան, թե ինչպես կարող է կողակցի հետ նրբանկատորեն խոսել ճշմարտության մասին։ Մովսեսն ասաց. «Իմ խրատը անձրևի պես կկաթի, իմ խոսքերը ցողի պես կշաղեն, ինչպես մեղմ անձրևը՝ խոտի վրա» (2 Օրենք 32։2)։ Ճիշտ ժամանակին ցողած ճշմարտության մի քանի կաթիլները հաճախ ավելի լավ արդյունքներ են բերում, քան դրանով անհատին հեղեղելը։
10-12. ա) Պետրոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց այն անհատներին, որոնց կողակիցները քրիստոնյա չեն։ բ) Ինչպե՞ս մի ուսումնասիրող սովորեց կիրառել 1 Պետրոս 3։1, 2-ում արձանագրված խորհուրդը։
10 Պետրոս առաքյալը կրոնապես բաժանված ընտանիքներում ապրող քրիստոնյա կանանց սուրբ ոգու ներշնչմամբ խորհուրդ տվեց. «Հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով ձեր մաքուր վարքն ու խոր հարգանքը» (1 Պետ. 3։1, 2)։ Կինը կարող է շահել իր ամուսնուն և օգնել, որ դառնա ճշմարիտ երկրպագու՝ հպատակվելով նրան ու խոր հարգանք դրսևորելով, նույնիսկ եթե վերջինս կոպիտ է վարվում իր հետ։ Նմանապես, քրիստոնյա ամուսինը պետք է Աստծուն հաճելի կերպով վարվի ու ընտանիքի գլխի իր դերը սիրառատ կերպով կատարի՝ չնայած ոչ Վկա կնոջ հակառակությանը (1 Պետ. 3։7–9)։
11 Ժամանակակից շատ օրինակներ ցույց են տալիս, թե որքան արժեքավոր է Պետրոսի խորհուրդը։ Նկատի առնենք Սելմայի դեպքը։ Երբ նա Եհովայի վկաների օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ամուսնուն՝ Սթիվին, դա դուր չեկավ։ Սթիվը ասում է. «Ես ջղայնացել էի, խանդով ու վախով էի լցվել»։ Իսկ Սելման նշում է. «Նույնիսկ ճշմարտությունն իմանալուց առաջ Սթիվի հետ ապրելը նման էր ականապատված դաշտով քայլելուն, քանի որ նա տաքարյուն էր։ Իսկ երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, նրա բնավորության այդ գիծը ավելի սրվեց»։ Ի՞նչը շտկեց իրավիճակը։
12 Սելման հիշում է, թե ինչ էր սովորել այն Վկայից, որն իր հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում։ «Մի անգամ ասացի նրան, որ այդ օրը չեմ ուզում ուսումնասիրել,— պատմում է նա։— Դրա նախորդ գիշերը ես ցանկացել էի մի բան ապացուցել Սթիվին, ու նա ապտակել էր ինձ։ Այդ պատճառով ես տխուր էի ու խղճահարությամբ էի լցված ինքս իմ հանդեպ։ Երբ պատմեցի քրոջը պատահածի ու իմ զգացմունքների մասին, նա խնդրեց, որ կարդամ 1 Կորնթացիներ 13։4–7-ը։ Կարդալիս սկսեցի մտածել. «Սթիվը երբեք այսպես չի վարվում ինձ հետ»։ Սակայն քույրը օգնեց ինձ այլ կերպ մտածելու՝ հարցնելով. «Սրանցից քանի՞սն ես կիրառել ամուսնուդ հանդեպ»։ Ես պատասխանեցի. «Ոչ մեկը։ Նրա հետ շատ դժվար է մի հարկի տակ ապրել»։ Քույրը մեղմորեն ասաց. «Սե՛լմա, հիմա ո՞վ է ուզում քրիստոնյա դառնալ՝ դո՞ւ, թե՞ Սթիվը»։ Հասկանալով, որ պետք է փոխեմ մտածելակերպս՝ աղոթեցի Եհովային, որ օգնի ինձ ավելի շատ սեր դրսևորելու Սթիվի հանդեպ։ Աստիճանաբար ամեն ինչ սկսեց փոխվել»։ 17 տարի անց Սթիվն ընդունեց ճշմարտությունը։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԸ
13, 14. Ժողովի անդամներն ինչպե՞ս կարող են օգնել նրանց, ովքեր ապրում են կրոնապես բաժանված ընտանիքում։
13 Ինչպես որ բարակ անձրևի կաթիլներն են թրջում հողը՝ նպաստելով բույսերի աճին, այնպես էլ ժողովի շատ անդամներ նպաստում են կրոնապես բաժանված ընտանիքում ապրող քրիստոնյայի երջանկությանը։ «Իմ եղբայրների ու քույրերի սերն էր, որ օգնեց ինձ հաստատ կանգնելու ճշմարտության մեջ»,— ասում է Բրազիլիայում ապրող Էլվինան։
14 Ժողովի անդամների դրսևորած բարությունն ու հետաքրքրությունը մեծ ազդեցություն կարող են թողնել ընտանիքի ոչ Վկա անդամի սրտի վրա։ Նիգերիայում ապրող մի մարդ, որը ճշմարտությունն ընդունեց իր կնոջից 13 տարի անց, ասում է. «Մի օր, երբ մի Վկայի հետ տեղ էի գնում, նրա մեքենան փչացավ։ Հարևան գյուղում նա գտավ իր հավատակիցներին, և նրանք մեզ գիշերելու տեղ տվեցին։ Այդ մարդիկ հոգ տարան մեր մասին, ասես փոքրուց ճանաչում էին մեզ։ Ես անմիջապես տեսա այն քրիստոնեական սերը, որի մասին կինս միշտ պատմում էր»։ Անգլիայում ապրող մի կին, որն ընդունել է ճշմարտությունը ամուսնուց 18 տարի հետո, հիշում է. «Վկաները երկուսիս ճաշի էին հրավիրում։ Միշտ այնպիսի զգացում ունեի, որ ինձ սպասում են»c։ Նույն երկրում ապրող մի տղամարդ, որն ի վերջո Վկա դարձավ, ասում է. «Եղբայրներն ու քույրերը գալիս էին մեր տուն կամ մեզ էին իրենց տուն հրավիրում։ Ես զգում էի նրանց հոգատարությունը։ Այդ հոգատարությունը հատկապես տեսա, երբ հիվանդանոցում էի. շատերն էին գալիս ինձ այցելելու»։ Կարո՞ղ ես կերպեր փնտրել՝ նմանատիպ հետաքրքրություն դրսևորելու հավատակցիդ ընտանիքի այն անդամների հանդեպ, ովքեր Վկա չեն։
15, 16. Ի՞նչը կարող է օգնել քրիստոնյային պահպանելու ուրախությունը, երբ ընտանիքի մյուս անդամները չեն ընդունում ճշմարտությունը։
15 Անշուշտ, ոչ բոլոր կողակիցները, երեխաները, ծնողներն ու այլ հարազատները կընդունեն ճշմարտությունը, նույնիսկ եթե տարիներ շարունակ Վկա հարազատը լավ վարք դրսևորի ու նրբանկատորեն վկայություն տա։ Ոմանք շարունակում են անտարբեր լինել կամ խիստ հակառակվել (Մատթ. 10։35–37)։ Այդուհանդերձ, եթե քրիստոնյան աստվածահաճո հատկություններ է դրսևորում, լավ արդյունքներ կարող են լինել։ Մի տղամարդ, որը հետագայում Վկա դարձավ, ասում է. «Երբ Վկա կողակիցը դրսևորում է այդ հիասքանչ հատկությունները, երբեք չես կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում ոչ Վկա կողակցի մտքում ու սրտում։ Ուստի երբեք հույսդ մի՛ կտրիր ոչ Վկա կողակցից»։
16 Քրիստոնյան կարող է երջանիկ լինել, նույնիսկ եթե ընտանիքի անդամը այդպես էլ չի ընդունում ճշմարտությունը։ Մի քույր, որի ամուսինը չի ընդունում Թագավորության լուրը, թեև նա 21 տարի ջանացել է օգնել նրան, ասում է. «Ես կարողանում եմ պահպանել ուրախությունս՝ ձգտելով հաճեցնել Եհովային, նվիրված մնալով նրան և ջանալով հոգևորապես առողջ լինել։ Շնորհիվ այն բանի, որ ներգրավված եմ հոգևոր գործերի մեջ, այսինքն՝ անում եմ անձնական ուսումնասիրություն, հաճախում եմ ժողովի հանդիպումներին, մասնակցում եմ քարոզչությանը և օգնում եմ ժողովի անդամներին, ավելի եմ մոտենում Եհովային ու կարողանում եմ պահպանել սիրտս» (Առակ. 4։23)։
ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ
17, 18. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան չկորցնել իր հույսը կրոնապես բաժանված ընտանիքում։
17 Եթե, ապրելով կրոնապես բաժանված ընտանիքում, պահում ես հավատարմությունդ, մի՛ հանձնվիր։ Հիշիր, որ «Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին» (1 Սամ. 12։22)։ Նա քեզ հետ է, քանի դեռ կառչած ես իրեն (կարդա՛ 2 Տարեգրություն 15։2)։ Ուստի «անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ», «Եհովային հանձնիր քո ճանապարհը, վստահիր նրան» (Սաղ. 37։4, 5)։ «Աղոթքում հարատևիր» և հավատա, որ մեր սիրառատ երկնային Հայրը կարող է օգնել քեզ տոկալու ամեն տեսակ դժվարությունների ներքո (Հռոմ. 12։12)։
18 Խնդրիր Եհովային, որ իր սուրբ ոգով օգնի քեզ տանը խաղաղ մթնոլորտ ստեղծելու (Եբր. 12։14)։ Այո՛, հնարավոր է խաղաղ պայմաններ հաստատել, ինչի շնորհիվ, ի վերջո, ընտանիքի ոչ Վկա անդամների սիրտը գուցե փափկի։ «Ամեն բան Աստծու փառքի համար անելով»՝ երջանիկ կլինես և մտքի ու սրտի խաղաղություն կունենաս (1 Կորնթ. 10։31)։ Եվ որքա՜ն է ոգևորում այն միտքը, որ ունես ժողովի քույրերի ու եղբայրների սիրառատ աջակցությունը։
[ծանոթագրություններ]
a Անունները փոխված են։
b Պողոսի խորհուրդը չի բացառում ամուսնալուծությունը ծայրահեղ իրավիճակներում։ Դա լուրջ անձնական որոշում է։ Տե՛ս «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, էջ 220, 221։
c Աստվածաշունչը չի արգելում ոչ Վկաների հետ ճաշելը (1 Կորնթ. 10։27)։
[նկար 28-րդ էջի վրա]
Ճիշտ ժամանակ ընտրիր քո հավատալիքների մասին պատմելու համար
[նկար 29-րդ էջի վրա]
Հոգատարություն դրսևորիր ոչ Վկա կողակիցների հանդեպ