Օգնիր տանտիրոջը տրամաբանելու
1. Ծառայության մեջ ո՞րն է լավագույն մոտեցումը։
1 Ծառայության մեջ ո՞ր մոտեցումն է ավելի արդյունավետ՝ դոգմատի՞կը, թե՞ այն, որն օգնում է տանտիրոջը տրամաբանելու և ճիշտ եզրակացության գալու։ Պողոս առաքյալը երկրորդ տարբերակն օգտագործեց, երբ խոսում էր Թեսաղոնիկեի հրեաների հետ, և «արդյունքում նրանցից ոմանք հավատացյալներ դարձան» (Գործ. 17։2–4)։ Ի՞նչ է նշանակում տրամաբանել ուրիշների հետ։
2. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին բարի լուրը քարոզելիս։
2 Հաշվի առ զգացմունքներն ու հավատալիքները։ Որպեսզի օգնես տարածքիդ մարդկանց տրամաբանելու, պետք է հաշվի առնես նրանց զգացմունքները։ Պողոսը զրույց սկսեց Արեոպագոսում գտնվող հույների հետ՝ նշելով այնպիսի բաներ, որոնք հավանաբար ծանոթ էին նրանց և որոնք նրանք ընդունում էին (Գործ. 17։22–31)։ Ուստի երբ մատուցում ես պատրաստում, հաշվի առ քո տարածքի մարդկանց հավատալիքներն ու նախապաշարումները (1 Կորնթ. 9։19–22)։ Եթե տանտերը առարկում է, փորձիր ընդհանուր բան գտնել և զրույցը դրա վրա կառուցել։
3. Ինչպե՞ս հմտորեն հարցեր օգտագործելը կօգնի մեզ տրամաբանելու ուրիշների հետ։
3 Հմտորեն հարցեր օգտագործիր։ Ճամփորդին չենք կարող ուղղություն ցույց տալ, որ հասնի իր ուզած վայրը, եթե չգիտենք, թե տվյալ պահին որտեղ է գտնվում։ Նմանապես, տանտիրոջը չենք կարող օգնել, որ ճիշտ եզրահանգման գա, եթե չգիտենք, թե ինչ տեսակետ ունի նա։ Մինչև մարդու հետ տրամաբանելը Հիսուսը հաճախ հարցեր էր տալիս, որ հասկանա նրա մտածելակերպը։ Օրինակ՝ երբ մի մարդ նրան հարցրեց՝ «ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ», Հիսուսը մինչև պատասխանելը նրա տեսակետը հարցրեց (Ղուկ. 10։25–28)։ Մեկ ուրիշ անգամ, երբ Պետրոսը տաճարի տուրք գանձողներին սխալ պատասխանեց, Հիսուսը հմտորեն հարցեր օգտագործեց, որ ուղղի նրա մտածելակերպը (Մատթ. 17։24–26)։ Ուստի երբ տանտերը հարց է տալիս կամ սխալ կարծիք է արտահայտում, կարող ենք հարցերի միջոցով օգնել նրան տրամաբանելու։
4. Ինչո՞ւ պետք է փորձենք օգնել տանտիրոջը տրամաբանելու։
4 Երբ տանտիրոջը օգնում ենք տրամաբանելու, ընդօրինակում ենք Մեծ Ուսուցչին՝ Հիսուսին, ինչպես նաև առաջին դարի մյուս հմուտ քարոզիչներին։ Այդպիսով պատվում ենք տանտիրոջը ու հարգանք դրսևորում նրա հանդեպ (1 Պետ. 3։15)։ Արդյունքում հավանականությունը մեծ կլինի, որ նա կցանկանա՝ իրեն այցելենք։