Գործնական մոտեցում ցույց տուր
1. Ի՞նչ ենք սովորում վաղ քրիստոնյաների տարբեր մոտեցումներից։
1 Վաղ քրիստոնյաները բարի լուրը քարոզում էին տարբեր մշակույթի և կրոնի մարդկանց (Կող. 1։23)։ Նրանք նույն բանի մասին էին խոսում, այսինքն՝ Աստծու Թագավորության, բայց դա անում էին տարբեր կերպերով՝ հաշվի առնելով, թե ում հետ են խոսում։ Օրինակ՝ քանի որ հրեաները խոր հարգանք ունեին Աստծու Խոսքի հանդեպ, Պետրոս առաքյալը նրանց հետ խոսելիս մեջբերեց Հովել մարգարեի գրքից (Գործ. 2։14–17)։ Ուշադրություն դարձրու նաև այն բանին, թե Պողոս առաքյալն ինչպես տրամաբանեց հույների հետ. այդ մասին գրված է Գործեր 17։22–31-ում։ Այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ հարգում են Աստվածաշունչը, ուստի տնետուն ծառայելիս կարող ենք այն անկաշկանդ օգտագործել։ Սակայն պետք է շրջահայաց լինենք, երբ խոսում ենք այն մարդկանց հետ, որոնց չի հետաքրքրում Աստվածաշունչը կամ կրոնը, կամ ովքեր պատկանում են ոչ քրիստոնեական կրոնի։
2. Ինչպե՞ս կարող ենք տարածելու համար նախատեսված գրականության միջոցով օգնել թե՛ նրանց, ովքեր հարգում են Աստվածաշունչը, և թե՛ նրանց, ովքեր չեն հարգում։
2 Տարածելու համար նախատեսված գրականությունը արդյունավետ առաջարկիր։ Այս ծառայողական տարում տարածելու համար նախատեսված գրականությունը կփոխվի երկու ամիսը մեկ, և կտարածենք ամսագրեր, գրքույկներ ու թերթիկներ։ Եթե տարածքում մարդիկ չեն հետաքրքրվում Աստվածաշնչով, կարող ենք նրանց ուշադրությանը ներկայացնել այնպիսի հոդված, որը նրա՛նց կհետաքրքրի։ Գուցե առաջին այցելության ժամանակ Աստվածաշնչից չընթերցենք կամ Աստվածաշնչի մասին չխոսենք, բայց երբ վերայցելենք, կարող ենք նպատակ ունենալ օգնել բնակչին հավատ զարգացնելու Արարչի և նրա Խոսքի հանդեպ։ Իսկ եթե քարոզում ենք այնտեղ, որտեղ մարդիկ հարգում են Աստվածաշունչը, գրականությունը ներկայացնելիս կարող ենք օգտագործել Աստվածաշնչի հետ կապված մատուցում։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, «Լսիր Աստծուն» և «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները կարող ենք օգտագործել ցանկացած ժամանակ՝ անկախ նրանից, թե այդ ամիս ինչ հրատարակություն ենք տարածում։ Գլխավորն այն է, որ մեր մոտեցումը գործնական լինի։
3. Քո տարածքի մարդկանց սրտերը ի՞նչ առումով են հողի նման։
3 Պատրաստիր հողը։ Մարդու սիրտը նման է հողի (Ղուկ. 8։15)։ Որոշ սրտեր հարկավոր է ավելի շատ մշակել, որպեսզի աստվածաշնչյան սերմերն արմատ գցեն և աճեն։ Առաջին դարի ավետարանիչները կարողացան տարբեր մարդկանց սրտերում ցանել սերմը, և այդ աշխատանքը նրանց տվեց բավարարության զգացում և ուրախություն (Գործ. 13։48, 52)։ Մենք էլ կարող ենք նման հաջողության հասնել, եթե գործնական մոտեցում ցույց տանք։