Քեզ մի՛ սահմանափակիր զբաղված գրաֆիկի պատճառով
1. Ինչո՞ւ են ոմանք վարանում Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։
1 Ոմանք վարանում են Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել, որովհետև զբաղված գրաֆիկ ունեն։ Ուսումնասիրողի մասին հոգալը ժամանակ է պահանջում։ Ժամանակ է պետք ուսուցմանը պատրաստվելու և այն անցկացնելու համար, ինչպես նաև ուսումնասիրողին օգնելու համար, որ հաղթահարի հոգևոր ճանապարհին հանդիպող խոչընդոտները։ Պողոս առաքյալն ասաց, որ ինքը իր հոգին տվեց թեսաղոնիկեցիների համար, որպեսզի նրանք ճանաչեն Եհովային (1 Թեսաղ. 2։7, 8)։ Ինչպե՞ս կարող ենք անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ զբաղված լինելով հանդերձ։
2. Աստծու հանդեպ սերը մղում է մեզ ինչպե՞ս օգտագործելու ժամանակը։
2 Ժամանակ հատկացրու։ Միանգամայն պարզ է, որ Եհովային երկրպագելու համար ժամանակ է պետք։ Օրինակ՝ մենք կանոնավորաբար գնում ենք ժողովի հանդիպումներին, ծառայության, Աստվածաշունչ ենք կարդում, աղոթում ենք։ Եթե ամուսնացած մարդը, որ զբաղված գրաֆիկ ունի, ուրախությամբ է ժամանակ անցկացնում իր կողակցի հետ, ապա որքա՜ն առավել մենք ուրախությամբ պետք է ժամանակ «գնենք» Եհովային երկրպագելու համար. չէ՞ որ սիրում ենք նրան (Եփես. 5։15–17; 1 Հովհ. 5։3)։ Հիսուսի խոսքերից երևում է, որ երկրպագության կարևորագույն մասերից մեկը աշակերտ պատրաստելու գործն է (Մատթ. 28։19, 20)։ Այս մասին խորհրդածելը կօգնի մեզ, որ չվարանենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։
3. Ինչպե՞ս կարող ենք ուսուցումն անցկացնել, եթե հանգամանքների պատճառով մեր գրաֆիկը խախտվում է։
3 Ի՞նչ կարող ենք անել, եթե աշխատում ենք, աստվածապետական հանձնարարություններ կամ էլ առողջական քրոնիկ խնդիր ունենք։ Որոշ քարոզիչներ, ովքեր ստիպված են երբեմն բացակայել տնից, ուսուցումն անցկացնում են հեռախոսի կամ էլ սկայպի միջոցով։ Ովքեր առողջական խնդիրներ ունեն, ուսումնասիրողին հրավիրում են տուն՝ տանը ուսումնասիրություն անցկացնելու համար։ Ուրիշները, երբ իրենք անձամբ ի վիճակի չեն եղել, մի վստահելի քարոզչի խնդրել են իրենց փոխարեն ուսումնասիրություն անցկացնել։
4. Ի՞նչ օրհնություններ է բերում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը։
4 Պողոսը մեծ ուրախություն էր ստանում՝ իր ժամանակն ու ուժերը տրամադրելով ծառայությանը (Գործ. 20։35)։ Խորհրդածելով Թեսաղոնիկեում իր կատարած ծառայության մասին՝ նա ցանկացավ շնորհակալություն հայտնել Եհովային (1 Թեսաղ. 1։2)։ Ծառայությունից ստացած մեր ուրախությունն ու բավարարվածության զգացումը կավելանա, եթե թույլ չտանք, որ զբաղված գրաֆիկը սահմանափակի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու մեր հնարավորությունը։