Կծառայե՞ս ենթառահվիրա
1. Ինչո՞ւ արժե ենթառահվիրա ծառայել Հիշատակի երեկոյի շրջանում։
1 Չէի՞ր ցանկանա ընդլայնել ծառայությունդ Հիշատակի երեկոյի շրջանում։ Դա այն ժամանակն է, երբ մենք խորհրդածում ենք Եհովայի մեծ սիրո մասին. չէ՞ որ Աստված իր Որդուն տվեց որպես փրկանք (Հովհ. 3։16)։ Գիտակցելով, թե ինչ սեր է Աստված ցուցաբերել մեր հանդեպ՝ մենք լցվում ենք երախտագիտության զգացումով և ցանկանում ենք պատմել Եհովայի ու մարդկության հետ կապված նրա չքնաղ նպատակների մասին (Ես. 12։4, 5; Ղուկ. 6։45)։ Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթներին մենք անցկացնում ենք հատուկ քարոզարշավ, որի ժամանակ ծանոթներին և մեր տարածքում ապրող մարդկանց հրավիրում ենք մեզ հետ հիշելու Հիսուսի մահը։ Երեկոյին հաջորդող շաբաթներին մենք ջանում ենք զարգացնել այն մարդկանց հետաքրքրությունը, ովքեր ներկա են եղել երեկոյին։ Կընդարձակե՞ս ծառայությունդ մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին։
2. Ինչո՞ւ է մարտ ամիսը առանձնապես հարմար ենթառահվիրա ծառայելու համար։
2 Թող մարտը քեզ համար հատուկ ամիս լինի։ Հատկապես մարտ ամիսը հարմար է ենթառահվիրա ծառայելու համար։ Այս ամսին կարելի է ենթառահվիրա ծառայել 30 կամ 50 ժամով։ Եթե շրջանային վերակացուն այցելելու է ձեր ժողով այդ ամսին, ապա բոլոր ենթառահվիրաները կարող են ներկա լինել ընդհանուր և հատուկ ռահվիրաների հետ հանդիպման ողջ ծրագրին։ Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը տարածելու քարոզարշավը ավելի երկար կտևի։ Այն կսկսվի մարտի 1-ին, իսկ Երեկոն տեղի կունենա մարտի 26-ին։ Բացի այդ, մարտը ունի հինգ շաբաթ և կիրակի։ Ուստի լրջորեն մտածիր, թե արդյոք կարող ես մարտ ամիսը քեզ համար դարձնել տարվա ամենից հատուկ ամիսը։
3. Ինչպե՞ս կարող ենք ծառայությունն ավելացնելու ծրագրեր կազմել։
3 Պլանավորիր հենց այսօրվանից։ Հիմա է ժամանակը, որ քննես գրաֆիկդ ու տեսնես, թե ինչ փոփոխություններ պետք է անել, որպեսզի կարողանաս ենթառահվիրա ծառայել։ Ընտանիքի անդամների համագործակցությունը կարևոր է, ուստի ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկեք ձեր ընտանիքի նպատակները և կազմեք գրաֆիկ (Առակ. 15։22)։ Եթե տեսնես, որ չես կարող ենթառահվիրա ծառայել, մի՛ ընկճվիր։ Գուցե կարողանաս գործերդ այնպես կազմակերպել, որ քո ծառայության օրերին ավելի երկար ծառայես, և նույնիսկ շաբաթվա ընթացքում ուրիշ օր էլ դուրս գաս ծառայության։
4. Ի՞նչ օգուտներ կստանանք՝ ավելացնելով ծառայությունը մարտ, ապրիլ և մայիս ամիսներին։
4 Ավելացնելով ծառայությունը մարտ, ապրիլ և մայիս ամիսներին՝ մենք ավելի մեծ ուրախություն և բավականություն կստանանք Եհովային ծառայելուց և ուրիշներին «տալուց» (Հովհ. 4։34; Գործ. 20։35)։ Իսկ որ ավելի կարևոր է, մեր անձնազոհ ծառայությամբ կուրախացնենք Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։