«Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր»
Նոր գրքույկի միջոցով օգնենք ուսումնասիրողին գալու դեպի Եհովայի կազմակերպություն
1. Ո՞րն է «Եհովայի կամքը» գրքույկի նպատակը։
1 Արդեն սկսե՞լ ես օգտագործել «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր» գրքույկը։ Նրա նպատակն է Աստվածաշունչ ուսումնասիրողին ծանոթացնել՝ 1) մեզ՝ Եհովայի վկաներիս հետ, 2) մեր գործունեությանը և 3) մեր կազմակերպությանը։ «Եհովայի կամքը» գրքույկը պարունակում է մեկէջանոց դասեր, որոնք ուսումնասիրության վերջում կարելի է անցնել ընդամենը 5–10 րոպեում։
2. Ի՞նչ կազմություն և առանձնահատկություններ ունի գրքույկը։
2 Ինչպես է կազմված։ Գրքույկը բաղկացած է երեք մասից, որոնցում համապատասխանաբար քննարկվում են վերոհիշյալ երեք կետերը։ 28 դասից յուրաքանչյուրի վերնագիրը գրված է հարցի ձևով, իսկ թավատառով գրված ենթավերնագրերը այդ հարցի պատասխաններն են։ Գրքույկում կան բազմաթիվ լուսանկարներ, որոնք ստացվել են ավելի քան 50 երկրից։ Դրանք ընդգծում են մեր գործունեության միջազգային մասշտաբը։ Որոշ դասերի կցված են «Իմացիր ավելին» վերնագրով շրջանակներ։ Կարող ես խրախուսել ուսումնասիրողին կիրառելու դրանցում տրվող առաջարկները։
3. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել «Եհովայի կամքը» գրքույկը։
3 Ինչպես օգտագործել։ Նախ ուշադրություն դարձրու վերնագրին, որը գրված է հարցի տեսքով։ Հետո դասը կարդալու ընթացքում ընդգծիր ենթավերնագրերը։ Այնուհետև քննարկիր դասի վերջում տրվող հարցերը։ Քննարկումը կարելի է անել դասը ամբողջությամբ կամ մաս-մաս կարդալուց հետո։ Հարկավոր է ճիշտ կողմնորոշվել, թե սուրբգրային որ համարներն է անհրաժեշտ կարդալ։ Մի՛ մոռացիր նաև քննարկել նկարները և «Իմացիր ավելին» շրջանակը։ Սովորաբար դասերը հարկավոր է անցնել հերթով։ Սակայն, եթե անհրաժեշտ է, հերթականությունը կարելի է խախտել։ Օրինակ՝ եթե շուտով համաժողով է լինելու, կարող եք միանգամից քննարկել 11-րդ դասը։
4. Ինչո՞ւ ենք ուրախ, որ ուսումնասիրություն անցկացնելու նոր միջոց ունենք։
4 Աստվածաշունչ ուսուցանելով՝ մենք օգնում ենք մարդուն ծանոթանալու մեր երկնային Հոր հետ։ Սակայն հարկավոր է նրան գիտելիքներ տալ նաև Եհովայի կազմակերպության մասին (Առակ. 6։20)։ Մենք անչափ ուրախ ենք, որ այս նոր գրքույկը մեզ այդպիսի հնարավորություն է տալիս։