Կրթիր երեխայիդ՝ օգտվելով մեր կայքից
1. Ո՞րն է մեր կայքի «Երեխաներ» բաժնի նպատակը։
1 Մեր կայքը (jw.org) նախատեսված է բոլոր տարիքի մարդկանց համար։ Կայքի «Երեխաներ» բաժինը (Աստվածաշնչյան ուսմունքներ > Երեխաներ) օգնում է փոքր երեխաներին և նրանց ծնողներին մտերմանալու ինչպես իրար, այնպես էլ Եհովայի հետ (2 Օրենք 6։6, 7)։ Ինչպե՞ս կարող ես օգտվել այս բաժնից՝ երեխայիդ կրթելու համար։
2. Ինչպե՞ս կարող ես ընտրել երեխայի տարիքին համապատասխան նյութ։
2 Եղիր ճկուն։ Ամեն երեխա իր կարիքներն ունի (1 Կորնթ. 13։11)։ Ինչպե՞ս կարող ես ընտրել երեխայի տարիքին համապատասխան նյութ և ուսումնասիրել նրա հետ։ Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչը նրան կհետաքրքրի։ Որքա՞ն նյութ նա կարող է հասկանալ։ Որքա՞ն երկար կարող է ուշադրությունը կենտրոնացած պահել»։ Եթե երեխադ երեք տարեկան է կամ ավելի փոքր, կարող ես նրա հետ «Իմ դասը Աստվածաշնչից» բաժնից քննարկել զանազան դասեր։ Ուրիշ ընտանիքներ հաճույքով քննարկում են պատմություններ «Սովորեցրեք ձեր երեխաներին» բաժնից։ Սակայն սրանք բոլորը չեն, որ կարող ես քննարկել երեխայի հետ։
3. Ինչպե՞ս կարող են ծնողները արդյունավետորեն օգտագործել «Ընտանեկան երկրպագության ծրագրեր» բաժնի պատմությունները և առաջադրանքները։
3 Ընտանեկան երկրպագության ծրագրեր։ Այս ծրագրերի միջոցով ընտանիքի գլուխները կարող են ուսումնասիրություն անցկացնել իրենց երեխաների հետ։ Սեղմիր բեռնելու կոճակը և կարդա «Ծնողներին» բաժինը, որպեսզի իմանաս, թե ինչպես օգտագործել պատմությունները և առաջադրանքները։ Առաջադրանք-նկարների, օրինակ՝ ներկելու էջերի միջոցով կարելի է սովորեցնել փոքր երեխաներին։ Իսկ ավելի մեծերին կարելի է սովորեցնել փնտրտուքներ անելու առաջադրանքների միջոցով։ Յուրաքանչյուր ծրագրի բոլոր առաջադրանքները առնչվում են նույն աստվածաշնչային պատմությանը կամ դասին, ուստի բոլոր տարիքի երեխաները կարող են մասնակցել ընտանեկան երկրպագության նույն ծրագրին։
4. Ի՞նչ կարելի է գտնել «Դարձիր Եհովայի ընկերը» բաժնում։
4 Դարձիր Եհովայի ընկերը։ «Դարձիր Եհովայի ընկերը» բաժնի ֆիլմերը, երգերը և առաջադրանքները օգնում են ծնողներին Աստծու Խոսքը արմատավորելու իրենց փոքր երեխաների մեջ (2 Օրենք 31։12)։ Յուրաքանչյուր մուլտֆիլմ սովորեցնում է մի որևէ կարևոր դաս։ Առաջադրանքները, օրինակ՝ այն խաղերը, որոնք երեխային առաջարկում են ինչ-որ բան գտնել, շեշտում են այդ դասերի կարևորությունը։ Քանի որ երեխաները սիրում են երգել և քանի որ երգերը օգնում են հիշելու սովորածը, կայքում պարբերաբար դրվում են ինչպես Թագավորության երգեր, այնպես էլ երեխաների համար գրված երգեր։
5. Ինչո՞ւ ծնողները պետք է խնդրեն Եհովային, որ իրենց օգնի ճշմարտությունը սովորեցնելու երեխային։
5 Ծնողնե՛ր, Եհովան ուզում է, որ դուք լինեք լավ հայրեր ու մայրեր։ Ուստի խնդրեք նրան, որ օգնի ձեզ՝ երեխաներին սովորեցնելու ճշմարտությունը (Դատ. 13։8)։ Եհովայի աջակցությամբ դուք կարող եք կրթել ձեր երեխային այնպես, որ նա դառնա «իմաստուն.... փրկության համար Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով» (2 Տիմոթ. 3։15; Առակ. 4։1–4)։