Պատերազմի սարսափները
Պատերազմներն ու դաժան հակամարտությունները ամենազարհուրելի իրողություններից են, որ խոր հետք են թողնում մարդկանց կյանքի վրա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ զինվորներ ու խաղաղ բնակիչներ անձամբ են անցել այդ սարսափների միջով։
ԶԻՆՎՈՐՆԵՐ
«Շուրջբոլորդ ահասարսուռ բաներ ես տեսնում. աջ ու ձախ մարդիկ սպանվում են կամ ծանր վիրավորվում։ Մշտապես անապահովության զգացում ունես» (Գարի, Մեծ Բրիտանիա)։
«Մեջքիս ու դեմքիս փամփուշտներ էին դիպել։ Տեսել եմ բազմաթիվ սպանված մարդկանց, սպանված երեխաների ու տարեցների։ Պատերազմը կարծրացնում է սիրտդ» (Ուիլմար, Կոլումբիա)։
«Երբ քո աչքի առաջ մեկին կրակում են, այդ տեսարանը մտքիցդ դուրս չի գալիս։ Նրա տառապալից ճիչերն ու հառաչանքները դեռ երկար շարունակում են հնչել քո ականջներում։ Դա երբեք չես մոռանում» (Զաֆիյռա, Միացյալ Նահանգներ)։
ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ
«Այնպիսի զգացողություն ունեի, որ էլ երբեք երջանիկ չեմ լինի։ Վախենում էի, որ կկորցնեմ կյանքս, բայց ավելի շատ վախենում էի ընտանիքիս ու ընկերներիս համար» (Օլեկսանդրա, Ուկրաինա)։
«Ահավոր բան է գիշերվա ժամը 2-ից մինչև երեկոյան 11-ը հերթ կանգնել սննդի համար՝ իմանալով, որ ամեն վայրկյան կարող ես սպանվել պատահական փամփուշտից» (Դալեր, Տաջիկստան)։
«Պատերազմը ինձ որբ դարձրեց. երկու ծնողներս էլ սպանվեցին։ Ոչ ոք չկար, որ մխիթարեր ինձ ու հոգ տաներ իմ մասին» (Մարի, Ռուանդա)։
Չնայած այս մարդիկ ճաշակել են պատերազմի դառնությունը, բայց կարողացել են խաղաղություն գտնել։ Դեռ ավելին՝ նրանք համոզված են, որ պատերազմն ու դաժան հակամարտությունները շուտով վերջ կգտնեն։ «Դիտարան» պարբերագրի այս թողարկումը Աստվածաշնչի հիման վրա բացատրում է, թե դա ինչպես տեղի կունենա։