Ինչո՞ւ չի հաջողվում վերացնել պատերազմները
Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու չի հաջողվում վերջ դնել պատերազմներին ու հակամարտություններին, և բացահայտում է, թե որոնք են դրանց բուն պատճառները։
ՄԵՂՔԸ
Աստված մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային, իր պատկերով է ստեղծել (Ծննդոց 1։27)։ Դա նշանակում է, որ նրանք ի բնե ունակ էին ընդօրինակելու Աստծու հատկանիշները՝ ներառյալ խաղաղասիրությունը և սերը (1 Կորնթացիներ 14։33; 1 Հովհաննես 4։8)։ Սակայն Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն և մեղք գործեցին։ Այդուհետ բոլորս նրանցից մեղք ու մահ ենք ժառանգում (Հռոմեացիներ 5։12)։ Ժառանգաբար փոխանցված մեղքի հետևանքով մարդիկ սխալ հակումներ ունեն. նրանց մեջ վատ մտքեր են ծնվում ու դրդում դաժան արարքների (Ծննդոց 6։5; Մարկոս 7։21, 22)։
ՄԱՐԴԿԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աստված մարդկանց չի ստեղծել իրար վրա իշխելու համար։ Աստվածաշնչում ասվում է, որ մարդն «անգամ չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Դրա համար էլ մարդկային կառավարություններն ի վիճակի չեն արմատախիլ անել պատերազմն ու բռնությունը։
ՍԱՏԱՆԱՆ ՈՒ ԴԵՎԵՐԸ
Աստվածաշունչը հայտնում է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այդ Չարը Բանսարկու Սատանա կոչվող ոգեղեն արարածն է, որը էությամբ դաժան մարդասպան է (Հովհաննես 8։44)։ Նա և իր նման ուրիշ չար ոգեղեն արարածներ՝ դևերը, պատերազմների ու բռնության անտեսանելի սադրիչներն են (Հայտնություն 12։9, 12)։
Մարդիկ չեն կարող վերացնել պատերազմների ու բռնարարքների բուն պատճառները, բայց Աստված կարող է։