Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 սեպտեմբեր էջ 26–30
  • Եհովան օգնեց մեզ «ծաղկել այնտեղ, որտեղ տնկվել էինք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան օգնեց մեզ «ծաղկել այնտեղ, որտեղ տնկվել էինք»
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի օրհնությունները գերազանցել են իմ բոլոր սպասելիքները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան միշտ «ուղղել է իմ շավիղները»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նոր նշանակում. ինչպես հարմարվել փոփոխությանը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • 0գտվելով հանգամանքներից՝ քարոզել ենք հեռավոր վայրերում
    2005 Դիտարան
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 սեպտեմբեր էջ 26–30
Մեթսն ու Էն-Քեթրինը՝ իրենց մեքենայի կողքին մի գյուղական տարածքում։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան օգնեց մեզ «ծաղկել այնտեղ, որտեղ տնկվել էինք»

ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԵԹՍ ԵՎ ԷՆ-ՔԵԹՐԻՆ ՔԵՍՀՈԼՄՆԵՐԸ

«ԾԱՂԿԻՐ այնտեղ, որտեղ տնկվել ես»։ Սա կարող է տարօրինակ խորհուրդ թվալ, բայց մի շվեդ զույգ՝ Մեթսն ու Էն-Քեթրինը, բազմիցս այդպես են վարվել։ Ինչպե՞ս է դա եղել, և այդ խորհուրդն ինչպե՞ս է օգնել նրանց։

Քեսհոլմները 1979 թ.-ին սովորել են «Գաղաադ» դպրոցում և տարիների ընթացքում նշանակվել են ծառայելու Զաիրում, Իրանում, Մավրիկիոսում, Մյանմայում, Տանզանիայում և Ուգանդայում։ Գաղաադում էր, որ նրանք ստացան վերը նշված խորհուրդը դասավանդողներից մեկի՝ Ջեկ Ռեդֆորդի կողմից։ Այն բազմիցս օգնեց նրանց «տնկվել», «արմատախիլ լինել» ու «վերատնկվել»։ Տեսնենք, թե նրանք ինչ են պատմում։

Մե՛թս, խնդրում ենք, նախ պատմիր, թե ինչպես իմացար ճշմարտությունը։

Մեթս–Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայրս, որն ապրում էր Լեհաստանում, տեսնում էր, թե ինչ կեղծավորություն է տիրում կաթոլիկ եկեղեցում։ Նա հաճախ ասում էր. «Ինչ-որ տեղ ճշմարտություն կա»։ Ժամանակի ընթացքում ես համոզվեցի դրանում։ Ես բազմաթիվ օգտագործված գրքեր գնեցի։ Մեկը կապույտ գիրք էր, որի վերնագիրն էր «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Գրքի վերնագիրը գրավեց իմ ուշադրությունը, և հենց այդ գիշեր ես սկսեցի կարդալ այն։ Առավոտյան ավարտեցի գիրքը և հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը. 1972 թ. ապրիլն էր։

Այդուհետ սկսեցի Եհովայի վկաների տպագրած բազմաթիվ հրատարակություններ ընթերցել և ստացա կրոնի վերաբերյալ իմ հարցերի պատասխանները։ Ես ասես Հիսուսի պատմած առակի վաճառականը լինեի, ով թանկարժեք մարգարիտ գտնելուց հետո վաճառեց իր ունեցածը, որպեսզի ձեռք բերի այն։ Ես «վաճառեցի» համալսարանում կրթություն ստանալու և բժիշկ դառնալու իմ ծրագրերը, որպեսզի գնեմ ճշմարտության «մարգարիտը» (Մատթ. 13։45, 46)։ Մկրտվեցի 1972 թ. դեկտեմբերի 10-ին։

Մեկ տարվա ընթացքում ծնողներս և կրտսեր եղբայրս նույնպես ընդունեցին ճշմարտությունը և մկրտվեցին։ 1973 թ. հուլիսին սկսեցի լիաժամ ծառայություն անել։ Մեր ժողովի եռանդուն ռահվիրաների մեջ մի հրապուրիչ և հոգևոր քույր կար, որի անունը Էն-Քեթրին էր։ Մենք սիրահարվեցինք և ամուսնացանք 1975 թ.-ին։ Հաջորդ չորս տարիներին ծառայեցինք Շվեդիայի Ստրյոմսունդ քաղաքում՝ մի գեղեցիկ և հոգևոր առումով պտղաբեր տարածքում։

Էն-Քեթրին–Հայրս իմացել է ճշմարտությունը Ստոկհոլմում, երբ սովորում էր համալսարանի վերջին կուրսում։ Այդ ժամանակ ես ընդամենը երեք ամսական էի, բայց հայրս ինձ տանում էր հանդիպումներին ու ծառայության։ Մորս դա դուր չէր գալիս, և նա փորձում էր ապացուցել, որ Վկաները սխալ են։ Բայց չկարողացավ, և ժամանակի ընթացքում նա նույնպես մկրտվեց։ 13 տարեկանում ես մկրտվեցի, իսկ 16-ում ռահվիրա դարձա։ Ծառայում էի Ումեոյում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Դրանից հետո հատուկ ռահվիրա նշանակվեցի։

Մեթսի հետ ամուսնանալուց հետո պատիվ ունեցանք որոշ մարդկանց օգնելու իմանալ ճշմարտությունը։ Նրանցից մեկը Միվոր անունով մի պատանի աղջիկ էր, ով հրաժարվեց մարզիկի կարիերայից և դարձավ փոքր քրոջս ռահվիրա ծառայակիցը։ Նրանք 1984 թ.-ին սովորեցին «Գաղաադ» դպրոցում և Էկվադորում ծառայում են որպես միսիոներներ։

Տարբեր վայրերում որպես միսիոներ ծառայելիս ինչպե՞ս եք հետևել «ծաղկիր այնտեղ, որտեղ տնկվել ես» խորհրդին։

Մեթս–Մենք հաճախ «տնկվել ենք» նոր վայրերում։ Բայց փորձել ենք «խոր արմատներ ունենալ» Հիսուսի մեջ՝ ջանալով ընդօրինակել նրան, հատկապես նրա խոնարհությունը (Կող. 2։6, 7)։ Օրինակ՝ մենք չէինք ակնկալում, որ տեղի Վկաները կհարմարվեն մեզ, փոխարենը փորձում էինք ըմբռնել, թե ինչու են նրանք որոշ բաներ այս կամ այն կերպ անում։ Ուզում էինք հասկանալ նրանց մտածելակերպն ու մշակույթը։ Որքան շատ էինք ընդօրինակում Հիսուսին, այնքան ավելի շատ էինք զգում, որ «առվակների մոտ ենք տնկվել», որպեսզի «ծաղկենք» այնտեղ, որտեղ նշանակվել ենք (Սաղ. 1։2, 3)։

Մեթսն ու Էն-Քեթրինը՝ ձեռքներին ուղեբեռ և սնունդ։

Ժողովներ այցելելու համար ճամփորդելը մեր կյանքի անբաժան մասն էր

Էն-Քեթրին–Վերատնկվելուց հետո աճելու համար ծառը արևի ջերմ լույսի կարիք ունի։ Եհովան մեզ համար միշտ «արև» է եղել (Սաղ. 84։11)։ Նրա շնորհիվ ունենք ջերմ ու սիրառատ եղբայրներից և քույրերից բաղկացած մի մեծ ընտանիք։ Օրինակ՝ Թեհրանի (Իրան) մեր փոքր ժողովում մեր հանդեպ այնպիսի հյուրասիրություն էին ցուցաբերում, որ դա մեզ հիշեցնում էր աստվածաշնչյան ժամանակներում ընդունված հյուրասիրությունը։ Մենք շատ կցանկանայինք մնալ Իրանում, բայց 1980 թ. հուլիսին Եհովայի վկաների գործունեությունը պաշտոնապես արգելվեց այնտեղ, և մեզ տեղեկացրին, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքենք երկիրը։ Մենք նշանակվեցինք Աֆրիկա՝ Զաիր (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։

Մի համեստ տուն՝ Զաիրի գյուղական տարածքում։

Հաճելի հուշեր՝ Զաիրում ծառայած օրերից, 1982 թ.

Երբ իմացա, որ նշանակվել ենք Աֆրիկա, սկսեցի լաց լինել։ Ես լսել էի այնտեղի օձերի և հիվանդությունների մասին, ինչը վախեցրել էր ինձ։ Մեր մտերիմ ընկերները, ովքեր երկար ժամանակ ծառայել էին այնտեղ, ասացին մեզ. «Դեռ այնտեղ չեք եղել։ Փորձեք ու կտեսնեք, թե որքան շատ եք սիրելու Աֆրիկան»։ Այդպես էլ եղավ։ Այնտեղի եղբայրներն ու քույրերը հոգատար էին ու ջերմ։ Եվ երբ վեց տարի անց արգելքի պատճառով ստիպված եղանք հեռանալ Զաիրից, ծիծաղեցի ինձ վրա, քանի որ այդ ժամանակ աղոթում էի Եհովային ու խնդրում, որ նա թույլ տա՝ մնանք այնտեղ։

Տարիների ընթացքում ուրախության ի՞նչ պատճառներ եք ունեցել։

Էն-Քեթրինը նստած է ծալովի աթոռի վրա իրենց Վոլցվագեն Կոմբիի կողքին։

Մեր «ննջասենյակը» Տանզանիայում, 1988 թ.

Մեթս–Տարբեր ազգերի և մշակույթների պատկանող միսիոներ լավ ընկերներ ունենք։ Բացի այդ՝ որոշ նշանակումներում բացառիկ ուրախություն ենք զգացել՝ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ անցկացնելով։ Եղել է ժամանակ, որ մեզանից ամեն մեկը 20 ուսումնասիրություն է ունեցել։ Անմոռանալի են նաև Աֆրիկայի եղբայրների ու քույրերի սերն ու հյուրասիրությունը։ Երբ Տանզանիայի ժողովներ էինք այցելում և մեր «ննջասենյակը»՝ Վոլցվագեն Կոմբին, կայանում էինք մեր հավատակիցներից մեկի տան բակում, նրանք հյուրասիրություն էին ցուցաբերում և անում էին «իրենց կարողությունից էլ ավելին» (2 Կորնթ. 8։3)։ Մեզ համար շատ թանկ էր օրվա այն պահը, որը կոչում էինք «պատմությունների ժամանակ»։ Ամեն օրվա վերջում Էն-Քեթրինի հետ նստում և խոսում էինք օրվա մեջ տեղի ունեցած դեպքերի մասին ու շնորհակալություն հայտնում Եհովային, որ մեզ հետ է եղել։

Էն-Քեթրին–Ինձ համար մեծ ուրախություն է եղել ճանաչել մեր համաշխարհային եղբայրության մաս կազմող բազմաթիվ հավատակիցների։ Սովորել ենք տարբեր լեզուներ, այդ թվում՝ պարսկերեն, ֆրանսերեն, լուգանդա և սվահիլի, և ճաշակել ենք տարբեր մշակույթների համն ու հոտը։ Մենք ուսուցանել ենք նոր աշակերտների, իսկական ընկերներ ձեռք բերել և նրանց հետ «ուս ուսի ծառայել» Եհովային (Սոփ. 3։9)։

Մենք նաև հիացել ենք Եհովայի արարչագործության բազմազանությամբ։ Ամեն անգամ, երբ նոր նշանակում էինք ստանում, այնպիսի զգացում ունեինք, ասես ճամփորդում ենք, ու Եհովան մեր զբոսավարն է։ Նա մեզ այնպիսի բաներ է սովորեցրել, որոնք ինքնուրույն երբեք չէինք սովորի։

Համակցված նկարներ։ 1. Մեթսն ու Էն-Քեթրինը քարոզում են մի կնոջ ու նրա երեխաներին։ 2. Էն-Քեթրինը քարոզում է մասաի ցեղից մի տղայի։

Քարոզում ենք Տանզանիայի տարբեր տարածքներում

Ի՞նչ դժվարությունների եք բախվել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։

Մեթս–Տարիների ընթացքում մենք տարբեր տրոպիկական հիվանդություններով ենք վարակվել, այդ թվում՝ մալարիայով։ Էն-Քեթրինը մի քանի անգամ անհետաձգելի վիրահատություն է տարել։ Մենք նաև մտահոգվում էինք մեր տարեց ծնողների համար, ուստի շնորհակալ ենք մեր հարազատ եղբայրներին ու քույրերին, քանի որ հիմնականում նրանք էին խնամում նրանց։ Նրանք հավատարմորեն կատարում էին այդ դերը համբերությամբ, ուրախությամբ և սիրով (1 Տիմոթ. 5։4)։ Երբեմն համակվում էինք բացասական զգացումներով՝ մտածելով, որ կարող ենք ավելին անել մեր ծնողների համար, ոչ թե միայն հեռվից աջակցել նրանց։

Էն-Քեթրին–1983 թ.-ին, երբ ծառայում էինք Զաիրում, ծանր հիվանդացա խոլերայով։ Բժիշկը Մեթսին ասաց. «Հենց այսօր նրան երկրից դուրս տար»։ Հաջորդ օրը մենք բեռնատար ինքնաթիռով, որն այդ օրը երկրից մեկնող միակ օդային փոխադրամիջոցն էր, ուղևորվեցինք Շվեդիա։

Մեթս–Կարծում էինք, որ մեր միսիոներական ծառայությունը կավարտվի, ուստի դառնագին լաց եղանք։ Սակայն, չնայած բժշկի կանխատեսումներին, Էն-Քեթրինը ոտքի կանգնեց, և մեկ տարի անց մենք վերադարձանք Զաիր։ Այս անգամ նշանակվեցինք Լուբումբաշիի սվահիլախոս փոքրիկ ժողով։

Էն-Քեթրին–Լուբումբաշիում գտնվելու ժամանակ ես հղիացա, բայց երեխան չծնված մահացավ։ Թեև մենք չէինք պլանավորել երեխա ունենալ, բայց նրա կորուստը անտանելի ցավ պատճառեց ինձ։ Այդ ծանր ու տխուր ժամանակներում Եհովայից անսպասելի նվեր ստացանք։ Երբևէ այդքան Աստվածաշնչի ուսումնասիրողներ չէինք ունեցել։ Մեկ տարի էլ չանցած՝ մեր ժողովի քարոզիչների թիվը 35-ից դարձավ 70, իսկ ժողով հաճախողների թիվը 40-ից հասավ 220-ի։ Մենք կլանված էինք ծառայությամբ, և Եհովայի օրհնությունը մեծ մխիթարություն եղավ ինձ համար։ Մինչ օրս հաճախ հիշում և խոսում ենք մեր փոքրիկի մասին։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Եհովան լիարժեքորեն կամոքի մեր ցավը։

Մեթս–Եկավ մի պահ, երբ Էն-Քեթրինը ուժասպառ եղավ։ Ինձ հաստ աղիքի չորրորդ աստիճանի քաղցկեղ ախտորոշեցին, և ես լուրջ վիրահատության կարիք ունեի։ Այժմ ինձ լավ եմ զգում, իսկ Էն-Քեթրինը ծառայության մեջ հնարավորության սահմաններում իր լավագույնն է անում։

Հասկացել ենք, որ միայն մենք չենք դժվարություններ կրում։ 1994 թ.-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո մենք այցելեցինք մեր հավատակիցներին, որոնք փախստականների ճամբարներում էին։ Նրանց հավատը, դիմացկունությունն ու անսպառ հյուրասիրությունը սովորեցրին մեզ, որ Եհովան զորություն ունի օգնելու իր ժողովրդին անցնել ցանկացած փորձության միջով (Սաղ. 55։22)։

Էն-Քեթրին–Մեկ այլ դժվարության բախվեցինք, երբ 2007 թ.-ին ներկա եղանք Ուգանդայի մասնաճյուղի նվիրմանը։ Ծրագրից հետո 25 միսիոներներից և բեթելցիներից բաղկացած խմբով ուղևորվեցինք Քենիա՝ Նայրոբի։ Քենիայի սահման չհասած՝ հանդիպակաց ճանապարհով ընթացող մի բեռնատար մեքենա հանկարծ դուրս եկավ իր ճանապարհից և առճակատ բախվեց մեր ավտոբուսին։ Վարորդը և մեր ընկերներից հինգը տեղում մահացան, իսկ մի քույր հիվանդանոցում մահացավ։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կրկին կտեսնենք մեր սիրելի ընկերներին (Հոբ 14։13-15)։

Ի վերջո ֆիզիկական վնասվածքներիցս ապաքինվեցի։ Բայց ես և Մեթսը այն մի քանի ուղևորների թվում էինք, ովքեր հետտրավմատիկ սթրեսային խանգարում ձեռք բերեցին։ Գիշերները խուճապային ուժգին գրոհներ էի ունենում և արթնանում էի այն զգացումով, ասես սիրտս ուր որ է դուրս կթռչի. սարսափելի էր։ Եհովային ջերմեռանդորեն աղոթելն ու աստվածաշնչյան մխիթարական համարների շուրջ խորհելը օգնեց դիմանալ այդ ամենին։ Մենք նաև դիմեցինք մասնագիտական օգնության, որը բավականին արդյունավետ էր։ Հիմա ախտանշաններն ավելի կառավարելի են, և մենք խնդրում ենք Եհովային, որ օգնի մեզ մխիթարել նման պայքար մղող այլ մարդկանց։

Երբ նկարագրում էիք, թե ինչպես եք հաղթահարել դժվարությունները, մի անգամ ասացիք, որ Եհովան ձեզ տանում էր, ինչպես հում հավկիթներն են տանում։ Ի՞նչ նկատի ունեիք։

Մեթս–Այս արտահայտությունը ծագել է սվահիլի հետևյալ ասացվածքից՝ «տումեբեբվա կամա մայայի մաբիչի», որը նշանակում է «մեզ տարան հում հավկիթների պես»։ Ինչպես մարդն է զգուշությամբ տանում հում հավկիթները, որպեսզի դրանք չկոտրվեն, այնպես էլ Եհովան է քնքշորեն հոգ տարել մեզ համար մեր բոլոր նշանակումներում։ Մենք միշտ ունեցել ենք մեզ անհրաժեշտ բաները, նույնիսկ ավելին։ Կերպերից մեկը, որով զգացել ենք Եհովայի սերն ու հոգատարությունը, Կառավարիչ մարմնի՝ մեր հանդեպ դրսևորած կարեկցանքն է։

Էն-Քեթրին–Եհովան միշտ հոգատարությամբ աջակցել է մեզ։ Դրա հետ կապված՝ ուզում եմ մի դեպք պատմել։ Մի օր ինձ զանգեցին ու ասացին, որ հայրս Շվեդիայում վերակենդանացման բաժանմունքում է։ Մեթսը նոր էր ապաքինվել մալարիայից։ Մենք հնարավորություն չունեինք տուն գնալու համար թռիչքի տոմս գնելու, ուստի որոշեցինք վաճառել մեր մեքենան։ Սակայն հետո ևս երկու զանգ ստացանք, մեկը մի ամուսնական զույգից, ով իմացել էր մեր իրավիճակի մասին և ուզում էր մեզ համար մեկ տոմս գնել, մյուսը մի տարեց քրոջից, ով փող էր հավաքել գանձատուփի մեջ, որի վրա գրել էր՝ «կարիքի մեջ եղողի համար»։ Րոպեների ընթացքում Եհովան մեզ օգնության հասավ (Եբր. 13։6)։

Ձեր լիաժամ ծառայության 50 տարիներին հետադարձ հայացք նետելով՝ ի՞նչ եք սովորել։

Մեթսն ու Էն-Քեթրինը ուրախ կանգնած են կողք-կողքի։

Մեր նշանակումը Մյանմայում

Էն-Քեթրին–Սովորել եմ, որ մեր զորությունը «հանդարտ մնալու և [Եհովային] վստահելու» մեջ է։ Երբ վստահում ենք Եհովային, նա պատերազմում է մեր փոխարեն (Ես. 30։15; 2 Տար. 20։15, 17)։ Յուրաքանչյուր նշանակման մեջ մեր կարողությունների սահմաններում Եհովայի համար առավելագույնը անելով՝ ավելի շատ ենք օրհնվում, քան կօրհնվեինք, եթե այլ գործով զբաղված լինեինք։

Մեթս–Գլխավոր դասը, որ սովորել եմ, այն է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է ապավինեմ Եհովային ու տեսնեմ, թե նա ինչպես է գործում հօգուտ ինձ (Սաղ. 37։5)։ Նա իր խոստման համաձայն՝ միշտ ինձ օգնել է։ Հիմա մենք ծառայում ենք Մյանմայի Բեթելում և մինչ օրս տեսնում ենք Եհովայի ձեռքը մեր կյանքում։

Հույս ունենք, որ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ուզում են ընդլայնել իրենց ծառայությունը, կզգան Եհովայի հավատարիմ սերը, որ մենք ենք զգացել։ Համոզված ենք, որ այդպես էլ կլինի, եթե նրանք թույլ տան, որ Եհովան օգնի իրենց ծաղկել այնտեղ, որտեղ կտնկվեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը