17 հոկտեմբերի, ուրբաթ
Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով (Եփես. 5։8)։
Որպեսզի շարունակենք վարվել լույսի զավակների պես, մենք Աստծու սուրբ ոգու կարիքն ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս բարոյազուրկ աշխարհում մաքուր մնալը հեշտ չէ (1 Թեսաղ. 4։3-5, 7, 8)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ, որ մերժենք այս աշխարհի մտածելակերպը, այդ թվում՝ տարածված փիլիսոփայական գաղափարներն ու Աստծու մտածելակերպին հակասող տեսակետները։ Այն կարող է նաև օգնել մեզ, որ անենք «այն ամենը, ինչ բարի է [և] արդար» (Եփես. 5։9)։ Սուրբ ոգու օգնությունը ստանալու կերպերից մեկը դրա համար աղոթելն է։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եհովան տալիս է մեզ իր ոգին նաև այն ժամանակ, երբ միասին հավաքվում ենք, որ գովաբանենք իրեն (Եփես. 5։19, 20)։ Այդ ոգին դրական ազդեցություն է թողնում մեզ վրա և օգնում է, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ w24.03, էջ 23-24, պրբ. 13-15
18 հոկտեմբերի, շաբաթ
Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ (Ղուկ. 11։9)։
Ավելի շատ համբերության կարի՞ք ունես։ Եթե այո, ապա խնդրիր Եհովայից։ Համբերատարությունը ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի կարող ենք աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգին տա մեզ և օգնի զարգացնել դրա պտուղը։ Երբ մեր համբերությունը փորձվում է, մենք «շարունակում ենք խնդրել» Աստծուց իր սուրբ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13)։ Կարող ենք նաև Եհովային խնդրել, որ օգնի՝ հարցերին նայենք իր տեսանկյունից։ Դրանից հետո լավ կլինի՝ մեր ձեռքից եկածն անենք, որ ամեն օր համբերություն դրսևորենք։ Եթե շարունակ Եհովայից համբերություն խնդրենք և ձգտենք դրսևորել այդ հատկությունը, այն խոր արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր անհատականության մի մասը։ Կօգնի նաև աստվածաշնչյան օրինակների շուրջ խորհրդածելը։ Աստծու Խոսքում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ կսովորենք, թե ինչպես կարելի է համբերություն դրսևորել։ w23.08, էջ 22-23, պրբ. 10-11
19 հոկտեմբերի, կիրակի
Ցանցերը գցեք ջուրը (Ղուկ. 5։4)։
Հիսուսը հավաստիացրեց Պետրոս առաքյալին, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին և մյուս առաքյալներին ևս մեկ անգամ հրաշքով օգնեց ձուկ բռնել (Հովհ. 21։4-6)։ Անկասկած, այդ հրաշքը Պետրոսին համոզվածությամբ լցրեց, որ Եհովան կարող է հոգ տանել նրա նյութական կարիքների մասին։ Թերևս առաքյալը հիշեց Հիսուսի այն խոսքերը, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր «միշտ առաջին տեղում են դնում Աստծու թագավորությունը» (Մատթ. 6։33)։ Այդ ամենն օգնեց, որ Պետրոսն իր կյանքում առաջին տեղում դնի ոչ թե իր աշխատանքը, այլ քարոզչական գործը։ 33 թ. Պենտեկոստեին նա քաջաբար քարոզեց հազարավոր մարդկանց՝ օգնելով նրանց ընդունել բարի լուրը (Գործ. 2։14, 37-41)։ Դրանից հետո Պետրոսը օգնեց սամարացիներին և այլազգիներին ընդունել Քրիստոսին (Գործ. 8։14-17; 10։44-48)։ Հստակ է, որ Եհովան նրա միջոցով զորավոր գործեր արեց՝ ամեն տեսակ մարդկանց բերելով քրիստոնեական ժողով։ w23.09, էջ 20, պրբ. 1; էջ 23, պրբ. 11