18 հոկտեմբերի, շաբաթ
Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ (Ղուկ. 11։9)։
Ավելի շատ համբերության կարի՞ք ունես։ Եթե այո, ապա խնդրիր Եհովայից։ Համբերատարությունը ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի կարող ենք աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգին տա մեզ և օգնի զարգացնել դրա պտուղը։ Երբ մեր համբերությունը փորձվում է, մենք «շարունակում ենք խնդրել» Աստծուց իր սուրբ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13)։ Կարող ենք նաև Եհովային խնդրել, որ օգնի՝ հարցերին նայենք իր տեսանկյունից։ Դրանից հետո լավ կլինի՝ մեր ձեռքից եկածն անենք, որ ամեն օր համբերություն դրսևորենք։ Եթե շարունակ Եհովայից համբերություն խնդրենք և ձգտենք դրսևորել այդ հատկությունը, այն խոր արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր անհատականության մի մասը։ Կօգնի նաև աստվածաշնչյան օրինակների շուրջ խորհրդածելը։ Աստծու Խոսքում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ կսովորենք, թե ինչպես կարելի է համբերություն դրսևորել։ w23.08, էջ 22-23, պրբ. 10-11
19 հոկտեմբերի, կիրակի
Ցանցերը գցեք ջուրը (Ղուկ. 5։4)։
Հիսուսը հավաստիացրեց Պետրոս առաքյալին, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին և մյուս առաքյալներին ևս մեկ անգամ հրաշքով օգնեց ձուկ բռնել (Հովհ. 21։4-6)։ Անկասկած, այդ հրաշքը Պետրոսին համոզվածությամբ լցրեց, որ Եհովան կարող է հոգ տանել նրա նյութական կարիքների մասին։ Թերևս առաքյալը հիշեց Հիսուսի այն խոսքերը, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր «միշտ առաջին տեղում են դնում Աստծու թագավորությունը» (Մատթ. 6։33)։ Այդ ամենն օգնեց, որ Պետրոսն իր կյանքում առաջին տեղում դնի ոչ թե իր աշխատանքը, այլ քարոզչական գործը։ 33 թ. Պենտեկոստեին նա քաջաբար քարոզեց հազարավոր մարդկանց՝ օգնելով նրանց ընդունել բարի լուրը (Գործ. 2։14, 37-41)։ Դրանից հետո Պետրոսը օգնեց սամարացիներին և այլազգիներին ընդունել Քրիստոսին (Գործ. 8։14-17; 10։44-48)։ Հստակ է, որ Եհովան նրա միջոցով զորավոր գործեր արեց՝ ամեն տեսակ մարդկանց բերելով քրիստոնեական ժողով։ w23.09, էջ 20, պրբ. 1; էջ 23, պրբ. 11
20 հոկտեմբերի, երկուշաբթի
Եթե դուք չպատմեք ինձ այդ երազը և չմեկնեք այն, ձեզ կտոր-կտոր կանեն (Դան. 2։5)։
Երուսաղեմի կործանումից մոտ երկու տարի հետո Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հսկա արձանի մասին երազ է տեսնում, որը նրան գցում է մտատանջությունների մեջ։ Նա սպառնում է սպանել իր ենթակայության տակ եղող բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին, եթե նրանք չկարողանան պատմել իր տեսած երազը և տալ դրա մեկնությունը (Դան. 2։3-5)։ Դանիելը պետք է արագ գործեր, հակառակ դեպքում՝ շատերը կկորցնեին իրենց կյանքը։ Նա «մտնում է թագավորի մոտ ու խնդրում, որ իրեն ժամանակ տա երազի մեկնությունը հայտնելու համար» (Դան. 2։16)։ Դրա համար քաջություն ու հավատ էր պետք։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ մինչ այդ Դանիելը երազներ է մեկնել։ Նա խնդրում է իր երեք ընկերներին, որ «աղոթեն երկնքի Աստծուն, որ նա գթասիրտ լինի իրենց հանդեպ ու բացահայտի այդ գաղտնիքը» (Դան. 2։18)։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին։ Աստծու օգնությամբ Դանիելը մեկնում է Նաբուգոդոնոսորի երազը, և Դանիելի ու նրա ընկերների կյանքը փրկվում է։ w23.08, էջ 2, պրբ. 4