Ունեցիր Քրիստոսի մտածելակերպը
«Ունե[ցեք] այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ» (ՀՌՈՄ. 15։5)։
1. Ինչո՞ւ պետք է ջանանք մտածել Քրիստոսի պես։
«ԻՆՁ մո՛տ եկեք,— ասաց Հիսուսը։— Ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29)։ Այս ջերմ հրավերը վառ կերպով ցույց է տալիս, որ Հիսուսը սիրում էր մարդկանց։ Ոչ մի մարդ չէր կարող ավելի լավ օրինակ լինել, քան Հիսուսը։ Թեև Քրիստոսն ուներ մեծ զորություն և իշխանություն, նա բոլորի, հատկապես կարիքավորների հետ վարվում էր քնքշությամբ ու կարեկցանքով։
2. Ի՞նչ կքննարկենք այս և հաջորդ հոդվածներում։
2 Այս և հաջորդ հոդվածներում կքննենք, թե ինչպես կարող ենք մեր մեջ մշակել «Քրիստոսի միտքը» և թե ինչպես կարող ենք այն դրսևորել գործնականում (1 Կորնթ. 2։16)։ Ուշադրություն կդարձնենք Հիսուսի հետևյալ հատկություններին. մեղմություն և խոնարհություն, բարություն, հնազանդություն Աստծուն, քաջություն և անփոփոխ սեր։
Ընդօրինակիր Հիսուսի մեղմությունը
3. ա) Խոնարհության ի՞նչ դաս սովորեցրեց Հիսուսը աշակերտներին։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ աշակերտները չկարողացան «արթուն մնալ»։
3 Հիսուսը՝ Աստծու կատարյալ Որդին, կամավոր եկավ երկիր՝ ծառայելու անկատար ու մեղավոր մարդկանց միջավայրում։ Նրանցից ոմանք հետագայում սպանելու էին նրան։ Բայցևայնպես, Հիսուսը երբեք չկորցրեց իր ուրախությունը և ինքնատիրապետումը (1 Պետ. 2։21–23)։ Ուրիշների թերություններին բախվելիս մենք չենք կորցնի մեր ուրախությունն ու ինքնատիրապետումը, եթե «մեր աչքերը հառենք» Հիսուսի օրինակին (Եբր. 12։2)։ Հիսուսն իր աշակերտներին առաջարկեց մտնել իր լծի տակ ու իր հետ միասին տանել այդ լուծը, որպեսզի նրանք կարողանային սովորել իրենից (Մատթ. 11։29)։ Իսկ ի՞նչ կարող էին սովորել։ Հիսուսը հեզ էր ու մեղմ։ Նա համբերությամբ տանում էր աշակերտների թերությունները։ Իր վերջին գիշերը Քրիստոսը լվաց նրանց ոտքերը՝ սովորեցնելով լինել «սրտով խոնարհ», մի դաս, որը նրանք երբեք չէին մոռանա (կարդա՛ Հովհաննես 13։14–17)։ Ավելի ուշ, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը «արթուն չմնացին», Հիսուսը ըմբռնումով մոտեցավ նրանց։ «Սիմո՛ն, քնա՞ծ ես,— հարցրեց նա Պետրոսին։— Արթո՛ւն մնացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկ. 14։32–38)։
4, 5. Հիսուսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ բախվում ենք ուրիշների թերություններին։
4 Եթե մեր հավատակիցը սիրում է մրցել, իսկույն վիրավորվում է կամ չի կիրառում երեցների կամ «հավատարիմ և իմաստուն ծառայի» խորհուրդը, ինչպե՞ս ենք արձագանքում (Մատթ. 24։45–47)։ Գուցե մեզ համար սովորական է, որ Սատանայի աշխարհում մարդիկ բացասական հատկություններ են ցուցաբերում, մինչդեռ երբ նման հատկություններ տեսնում ենք մեր եղբայրների և քույրերի մեջ, գուցե դժվարանանք ներել նրանց։ Եթե մյուսների թերությունները հեշտությամբ են մեզ բարկացնում, ապա լավ կլինի՝ ինքներս մեզ հարց տանք. «Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ արտացոլել «Քրիստոսի միտքը»»։ Միշտ հիշիր, որ Հիսուսը չէր նեղանում իր աշակերտներից, նույնիսկ եթե հոգևոր թուլության նշաններ էր տեսնում նրանց մեջ։
5 Քննենք Պետրոս առաքյալի դեպքը։ Հիսուսը նրան ասաց, որ դուրս գա նավից և ջրի վրա քայլելով գա իր մոտ։ Պետրոսը այդպես էլ արեց, բայց երբ նայեց փոթորկին, վախեցավ և սկսեց սուզվել։ Բարկացա՞վ Հիսուսը։ Ասա՞ց. «Տեղն է քեզ։ Թող սա դաս լինի քեզ համար»։ Ո՛չ։ «Անմիջապես ձեռքը մեկնելով՝ Հիսուսը բռնեց նրան ու ասաց. «Ո՛վ դու թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր»» (Մատթ. 14։28–31)։ Կարո՞ղ ենք օգնության ձեռք մեկնել մեր եղբորը կամ քրոջը, եթե նա ակնհայտորեն հավատի պակաս է դրսևորում։ Հիսուսը հենց այդպես վարվեց Պետրոսի հետ։
6. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը առաքյալներին դիրքի ձգտելու առնչությամբ։
6 Քննենք մեկ ուրիշ դեպք։ Պետրոսը և մյուս առաքյալները շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը։ Հակոբոսն ու Հովհաննեսը ուզում էին նստել Հիսուսի աջ ու ձախ կողմերում, երբ նա իշխեր որպես Թագավոր։ Մնացած տասը առաքյալները, լսելով այդ մասին, վրդովվեցին։ Հավանաբար, Հիսուսը գիտեր, որ նրանք նման մտայնություն ձեռք էին բերել այն հասարակությունից, որտեղ մեծացել էին։ Կանչելով նրանց իր մոտ՝ Քրիստոսն ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով որ ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի, և ով որ ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի ձեր ծառան լինի»։ Հետո, բերելով իր օրինակը, ասաց. «Ինչպես որ մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։20–28)։
7. Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը նպաստել ժողովի միասնությանը։
7 Եթե խորհրդածենք Հիսուսի խոնարհության շուրջ, կկարողանանք «փոքրի պես վարվել» մեր եղբայրների մեջ (Ղուկ. 9։46–48)։ Այդպես վարվելը նպաստում է միասնությանը։ Եհովան, ինչպես մի մեծ ընտանիքի հայր, ուզում է, որ իր զավակները «իրարու հետ միաբանութեամբ բնակին», համերաշխ լինեն (Սաղ. 133։1, ԱԱ)։ Հիսուսը իր Հորն աղոթեց, որ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները միասնական լինեն, հետո ասաց. «Որպեսզի աշխարհը իմանա, որ դու ինձ ուղարկեցիր, և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես որ ինձ սիրեցիր» (Հովհ. 17։23)։ Այսպիսով՝ մեր միասնությունը փաստում է, որ մենք Քրիստոսի հետևորդներն ենք։ Որպեսզի այդ միասնությունը մեզ ուրախություն պատճառի, ուրիշների թերություններին պետք է նայենք Քրիստոսի աչքերով։ Նա ներողամիտ էր և սովորեցնում էր, որ Եհովան կների մեզ միայն այն դեպքում, եթե ինքներս ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ (կարդա՛ Մատթեոս 6։14, 15)։
8. Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից, ովքեր երկար տարիներ է, ինչ ծառայում են Աստծուն։
8 Մենք կարող ենք շատ բան սովորել նաև նրանցից, ովքեր երկար տարիներ է, ինչ ծառայում են Աստծուն։ Հիսուսի պես՝ նրանք ըմբռնումով են մոտենում մյուսների թերություններին։ Եհովայի այդ ծառաները գիտեն, որ կարեկցանքն օգնում է «կրելու նրա՛նց թուլությունները, ովքեր ուժեղ չեն», և նպաստում է միասնությանը։ Բացի այդ, կարեկցանքը մղում է նրանց ունենալու Քրիստոսի մտածելակերպը։ Եհովայի այդ երկրպագուները ուզում են, որ իրենց եղբայրներն էլ ունենան այն մտայնությունը, որը քաջալերում էր Պողոս առաքյալը։ Նա հռոմեացի քրիստոնյաներին գրեց. «Այն Աստվածը, որը տոկունություն և մխիթարություն է տալիս, թող հնարավոր դարձնի, որ դուք իրար մեջ ունենաք այն նույն մտածելակերպը, որը Քրիստոս Հիսուսն ուներ, որ միահամուռ կերպով և մեկ բերանով փառավորեք Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը» (Հռոմ. 15։1, 5, 6)։ Այո՛, մեր միասնությամբ փառք ենք բերում Եհովային։
9. Ինչո՞ւ Եհովայից պետք է խնդրենք նրա սուրբ ոգին։
9 Հիսուսը «սրտով խոնարհ» լինելը կապեց մեղմության հետ, որը Աստծու սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Հետևաբար, որպեսզի սերտորեն հետևենք Քրիստոսին, պետք է ոչ միայն ուսումնասիրենք նրա կյանքն ու գործերը, այլև Եհովայից խնդրենք նրա սուրբ ոգին։ Մենք պետք է ջանանք մշակել ոգու պտուղը՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղ. 5։22, 23)։ Դա կօգնի մեզ Հիսուսի պես խոնարհ ու մեղմ լինելու։ Այդպես վարվելով՝ կուրախացնենք մեր երկնային Հորը՝ Եհովային։
Հիսուսը բարի էր
10. Ինչպե՞ս Հիսուսը բարություն ցուցաբերեց։
10 Բարությունը նույնպես սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Բարի մարդը բարյացակամ է, մեղմ, կարեկից ու ներողամիտ։ Հիսուսը հենց այդպիսի մարդ էր։ Նա միշտ բարություն էր դրսևորում մարդկանց հանդեպ, և նրանք, ովքեր անկեղծորեն փնտրում էին Հիսուսին, «սրտաբաց ընդունվում» էին նրա կողմից (կարդա՛ Ղուկաս 9։11)։ Քրիստոսը խղճում էր մարդկանց, «որովհետև [նրանք] կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։35, 36)։
11, 12. ա) Ինչպե՞ս Հիսուսը գործնականում կարեկցանք ցուցաբերեց։ բ) Ի՞նչ կարող ես սովորել այս դեպքից։
11 Հիսուսը ոչ միայն խղճում և կարեկցում էր մարդկանց, այլև գործնական քայլեր էր ձեռնարկում նրանց օգնելու համար։ Քննենք մի օրինակ։ Մի կին 12 տարի շարունակ տառապում էր արյունահոսությամբ։ Նա գիտեր, որ ըստ Մովսիսական օրենքի՝ ինքը անմաքուր է, և ով դիպչի իրեն, նույնպես անմաքուր կհամարվի (Ղեւտ. 15։25–27)։ Սակայն այն, թե ինչ հեղինակություն ուներ Հիսուսը և թե ինչպես էր վարվում մարդկանց հետ, ըստ ամենայնի, վստահեցրել էին այդ կնոջը, որ նա կարո՛ղ է և ցանկանո՛ւմ է բուժել իրեն։ «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»,— ասում էր կինը։ Համարձակությամբ լցվելով՝ նա այդպես էլ արեց և անմիջապես բուժվեց։
12 Հիսուսը զգաց, որ ինչ–որ մեկը դիպավ իրեն, և նայեց շուրջը՝ տեսնելու, թե ով էր։ Կինը, հավանաբար վախենալով, որ իրեն կկշտամբեն Օրենքը խախտելու համար, դողալով ծնկի եկավ նրա առաջ և պատմեց ողջ եղելությունը։ Հանդիմանե՞ց Հիսուսը այդ աղքատ և տառապած կնոջը։ Ամենևին։ Նա քաջալերեց նրան՝ ասելով. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ» (Մարկ. 5։25–34)։ Որքա՜ն մխիթարված պետք է որ լիներ այդ կինը՝ լսելով նրա բարի խոսքերը։
13. ա) Ինչո՞վ էր Հիսուսի վերաբերմունքը տարբերվում փարիսեցիների վերաբերմունքից։ բ) Ինչպե՞ս էր Քրիստոսը վերաբերվում երեխաներին։
13 Ի տարբերություն կարծրասիրտ փարիսեցիների՝ Հիսուսը երբեք իր իշխանությունն այնպես չէր բանեցնում, որ մարդկանց բեռը ավելանա (Մատթ. 23։4)։ Նա բարյացակամորեն և համբերությամբ սովորեցնում էր Եհովայի ճանապարհները։ Քրիստոսը ջերմ կապվածություն էր զգում իր հետևորդների հանդեպ և միշտ բարությամբ էր վարվում նրանց հետ (Առակ. 17։17; Հովհ. 15։11–15)։ Նույնիսկ երեխաներն էին իրենց լավ զգում Հիսուսի կողքին, Հիսուսն էլ իրեն լավ էր զգում նրանց կողքին։ Նա այնքան զբաղված չէր, որ ժամանակ չունենար փոքրիկների համար։ Մի անգամ աշակերտները, որոնք կրոնական առաջնորդների նման մտածում էին միայն սեփական անձի կարևորության մասին, փորձեցին արգելել ծնողներին, որ իրենց փոքրիկներին բերեն Հիսուսի մոտ։ Հիսուսին դա դուր չեկավ։ Նա աշակերտներին ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը»։ Հետո, օրինակ բերելով երեխաներին, ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով որ Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ» (Մարկ. 10։13–15)։
14. Ի՞նչ օգուտներ են քաղում երեխաները, երբ նրանց հանդեպ առողջ հետաքրքրություն են ցուցաբերում։
14 Մարկոս 10։16–ում ասվում է, որ Հիսուսն «իր թևերի մեջ առավ երեխաներին ու օրհնեց» նրանց։ Մի պահ մտածիր, թե տարիներ անց ինչ կզգային արդեն չափահաս դարձած այդ փոքրիկները՝ հիշելով իրենց կյանքի այս դրվագը։ Նմանապես այսօր, երբ երեցներն ու մյուս հավատակիցները առողջ և անշահախնդիր հետաքրքրություն են ցույց տալիս ժողովի երեխաների հանդեպ, նրանք հետագայում սիրով ու գորովանքով են հիշում նրանց։ Իսկ որ ավելի կարևոր է, այդ երեխաները հասկանում են, որ Եհովայի ոգին իր ժողովրդի վրա է։
Բարություն ցուցաբերիր այս չար աշխարհում
15. Ինչո՞ւ չպիտի զարմանանք, որ այսօր մարդիկ քիչ են բարություն դրսևորում։
15 Այսօր շատերն ասում են, որ ժամանակ չունեն բարություն դրսևորելու։ Դպրոցում թե աշխատավայրում, ճանապարհորդելիս թե ծառայելիս, մի խոսքով՝ ամենուրեք Եհովայի ծառաները բախվում են աշխարհի ոգուն։ Դա գուցե մեզ վհատեցնի, բայց դժվար թե զարմացնի։ Մենք գիտենք, որ Եհովան Պողոս առաքյալին ներշնչեց գրելու, թե ինչպիսին կլինեն մարդիկ «վերջին օրերում»՝ «անձնասեր.... բնական կապվածություն չունեցող» (2 Տիմոթ. 3։1–3)։
16. Ինչպե՞ս կարող ենք բարություն ցուցաբերել ժողովում։
16 Ի տարբերություն աշխարհի՝ քրիստոնեական ժողովում տիրում է ջերմ ու հաճելի մթնոլորտ։ Ընդօրինակելով Հիսուսին՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել այդ մթնոլորտի պահպանմանը։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ ժողովում շատերը օգնության և քաջալերանքի կարիք են զգում, որովհետև ունեն առողջական կամ այլ խնդիրներ։ Այս «վերջին օրերում» նման խնդիրները գնալով շատանում են։ Հետաքրքիր է, որ դրանք նոր չեն։ Առաջին դարում ևս քրիստոնյաները նման խնդիրների էին բախվում, հետևաբար աջակցության կարիք ունեին։ Մենք ևս կարող ենք այդպես վարվել։ Օրինակ՝ կարող ենք «սփոփել վհատված հոգիները, թիկունք կանգնել թույլերին, երկայնամիտ լինել բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։ Իսկ սա նշանակում է բարություն ցույց տալ գործերով։
17, 18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի բարությունը։
17 Քրիստոնյաները պարտավոր են «սրտաբաց ընդունելու» միմյանց, իրար հետ վարվելու այնպես, ինչպես Հիսուսը կվարվեր։ Մենք պետք է անկեղծ հոգատարություն ցույց տանք ինչպես այն եղբայրներին և քույրերին, ում ճանաչում ենք երկար տարիներ, այնպես էլ նրանց, ում նախկինում երբեք չենք ճանաչել (3 Հովհ. 5–8)։ Ուրիշների հանդեպ կարեկցանք դրսևորելու հարցում պետք է Հիսուսի պես նախաձեռնություն վերցնենք մեզ վրա, ինչով և թարմություն կլինենք նրանց համար (Ես. 32։2; Մատթ. 11։28–30)։
18 Յուրաքանչյուրս կարող է բարություն դրսևորել՝ ակտիվորեն հետաքրքրվելով մյուսների բարօրությամբ։ Խորհիր, թե ինչպես կարող ես դա անել։ Գործնական քայլեր ձեռնարկիր։ Պողոսը հորդորեց. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմ. 12։10)։ Սա նշանակում է հետևել Քրիստոսի օրինակին, ջերմություն ու բարություն ցույց տալ մյուսների հանդեպ, սովորել «կեղծավորությունից զերծ սեր» դրսևորել (2 Կորնթ. 6։6)։ Առաքյալն այդպիսի սիրո մասին ասում է. «Սերը երկայնամիտ է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում» (1 Կորնթ. 13։4)։ Եղբայրներից և քույրերից դժգոհելու փոխարեն՝ եկեք հետևենք այս հորդորին. «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփես. 4։32)։
19. Ի՞նչ օրհնություններ կստանանք՝ Քրիստոսի պես բարություն դրսևորելով։
19 Մենք մեծ օրհնություններ կստանանք, եթե ջանանք ամեն ժամանակ և ամեն իրավիճակում բարություն դրսևորել։ Եհովայի սուրբ ոգին ազատորեն կգործի ժողովում՝ օգնելով յուրաքանչյուրին մշակելու ոգու պտուղը։ Բացի այդ, երբ ընդօրինակում ենք Հիսուսին և երբ օգնում ենք ուրիշներին նույնն անելու, մենք նպաստում ենք մեր միասնությանը, ինչը Եհովայի սիրտը լցնում է ուրախությամբ։ Ուստի եկեք ամեն ժամանակ ձգտենք Քրիստոսի պես լինել մեղմ ու բարի։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ինքը մեղմ է և սրտով խոնարհ։
• Ինչպե՞ս Հիսուսը բարություն ցուցաբերեց։
• Ինչպե՞ս կարող ենք այս չար աշխարհում դրսևորել բարություն։
[նկար 8–րդ էջի վրա]
Օգնության ձեռք կմեկնե՞ս հավատակցիդ, եթե նրա հավատը սասանվի
[նկար 10–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ես անել, որ ժողովը դառնա բարի հանգրվան