Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 5/15 էջ 29–31
  • Տերտուլիանոսի պարադոքսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տերտուլիանոսի պարադոքսը
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Նա երբեք չի ձանձրացնում»
  • Ի պաշտպանություն քրիստոնեության
  • Պաշտպանելով ճշմարտությունը՝ աղավաղում է այն
  • Զգուշացեք աշխարհի փիլիսոփայությունից
  • Ջատագովներ. քրիստոնեության պաշտպաննե՞ր, թե՞ փիլիսոփաներ
    2010 Դիտարան
  • Արդյո՞ք, Երրորդությունը Աստվածաշնչի հստակ ուսմունք է
    Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը
  • Նրանք ճշմարտությամբ են ընթանում
    2002 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2010 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 5/15 էջ 29–31

Տերտուլիանոսի պարադոքսը

«ՈՐՏԵ՞Ղ Է նմանությունը քրիստոնյայի և փիլիսոփայի...., ճշմարտությունը աղավաղողի և այն վերահաստատողի ու սովորեցնողի միջև»։ «Ի՞նչ համաձայնություն կա Ակադեմիայի ու Եկեղեցու միջև»։ Ահա այսպիսի դժվարին հարցեր էր առաջ քաշել Տերտուլիանոսը (2–3–րդ դար), որը հետագայում ճանաչվեց որպես «եկեղեցու և իր ժամանակներում ուսուցանվող դրույթների ամենաբեղմնավոր պատմագիրներից մեկը»։ Նրա ուշադրությունից չի վրիպել հոգևոր կյանքի գրեթե ոչ մի ոլորտ։

Տերտուլիանոսը հիմնականում հայտնի է իր պարադոքսային կամ հակասական հայտարարություններով, ինչպես օրինակ՝ «Աստված հատկապես այն ժամանակ է մեծ, երբ փոքր է» կամ «Եվ աստծու Որդին մեռավ. դա լիովին հավաստի է, քանզի անմիտ է։ Եվ թաղվելուց հետո նա հարություն առավ. դա կասկածից վեր է, քանզի անհնար է»։

Սակայն, նա պարադոքսային էր ոչ միայն իր հայտարարություններով։ Ցանկանալով իր գրվածքներով պաշտպանել ճշմարտությունը, ինչպես նաև աջակցել եկեղեցուն ու նրա դրույթներին՝ Տերտուլիանոսը իրականում աղավաղեց ճշմարիտ ուսմունքը։ Քրիստոնեության վրա նա գլխավորապես ազդեց մի թեորիայի միջոցով, որի հիման վրա գրողները հետագայում կազմեցին Երրորդության ուսմունքը։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես դա տեղի ունեցավ, նախ եկեք մի փոքր ծանոթանանք հենց իր՝ Տերտուլիանոսի հետ։

«Նա երբեք չի ձանձրացնում»

Տերտուլիանոսի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Գիտնականներից շատերը այն կարծիքին են, որ նա ծնվել է մ.թ. 160 թ.–ին Կարթագենում (Հյուսիսային Աֆրիկա)։ Ամենայն հավանականությամբ, նա բարձր կրթություն է ստացել և քաջածանոթ է եղել իր օրերի հիմնական փիլիսոփայական դպրոցների հետ։ Ըստ երևույթին, քրիստոնեության մեջ նրան հիմնականում գրավել է հավատի համար մեռնելու պատրաստակամությունը։ Քրիստոնեական մարտիրոսության վերաբերյալ Տերտուլիանոսն ասել է. «Քանզի այդ բանին ականատես ո՞ր մարդը մղված չի լինի դրա դրդապատճառը հետազոտելու, և հետազոտելուց հետո ո՞վ չի ընդունի մեր ուսմունքները»։

«Քրիստոնեությանը» հարելուց հետո Տերտուլիանոսը դարձավ մի ճարտարամիտ գրող՝ հակիրճ ու սրամիտ արտահայտություններ գրելու հարցում տաղանդավոր։ Համաձայն մի գրքի՝ «[Նա] մի կարողություն ուներ, որից աստվածաբանները հաճախ զուրկ են։ Նա երբեք չի ձանձրացնում» («The Fathers of the Church»)։ Մի գիտնական էլ ասել է. «Տերտուլիանոսը օժտված էր դիպուկ խոսքեր և ոչ թե աշխատություններ գրելու ունակությամբ, և ավելի հեշտ է հասկանալ նրա սրամիտ արտահայտությունները, քան գրվածքների ներքին տրամաբանությունը։ Երևի թե դա է պատճառը, որ հաճախ նրա գործերից հակիրճ հայտարարություններ են մեջբերվում և ոչ թե երկար հատվածներ»։

Ի պաշտպանություն քրիստոնեության

Տերտուլիանոսի ամենահայտնի աշխատությունը «Ապոլոգիան» է, որը համարվում է ամենաուժեղ գրական գործը՝ ի պաշտպանություն այսպես կոչված քրիստոնեության։ Այդ աշխատությունը գրվել է այն ժամանակներում, երբ քրիստոնյաները հաճախ էին դառնում սնոտիապաշտ ամբոխների զոհը։ Տերտուլիանոսը թիկունք է կանգնում քրիստոնյաներին՝ խոսելով այն մասին, որ նրանց հետ այդպես վարվելը իմաստ չունի։ Նա ասում է. «[Հակառակորդների] կարծիքով՝ քրիստոնյաներն են հասարակական յուրաքանչյուր աղետի ու ժողովրդի յուրաքանչյուր դժբախտության պատճառը....։ Եթե Նեղոսի ջուրը չի բարձրանում, որ ոռոգի դաշտերը, եթե եղանակը չի փոխվում, եթե երկրաշարժ է, սով կամ համաճարակ, միանգամից կոչ է արվում. «Քրիստոնյաներին առյուծների բերա՜նը գցեք»»։

Քրիստոնյաներին հաճախ մեղադրում էին պետության հանդեպ անհավատարմության մեջ, ուստի Տերտուլիանոսը ջանք է թափում ցույց տալու, որ նրանք իրականում կայսրության ամենավստահելի քաղաքացիներն են։ Իր հակառակորդների ուշադրությունը հրավիրելով կառավարությունը տապալելու մի քանի փորձերի վրա՝ նա հիշեցնում է, որ դավադիրները հեթանոսներ են եղել և ոչ թե քրիստոնյաներ։ Տերտուլիանոսը նաև նշում է, որ քրիստոնյաներին մահապատժի ենթարկելուց իրականում պետությունն է տուժում։

Տերտուլիանոսի մյուս գործերում նկարագրվում է քրիստոնյայի ապրելակերպը։ Օրինակ՝ իր աշխատություններից մեկում նա խորհուրդ է տալիս խուսափել ժամանցի համար որոշ տեղեր այցելելուց և հեթանոսական խաղերին ու բեմադրություններին ներկա գտնվելուց («On the Shows»)։ Ըստ երևույթին որոշ նորադարձներ ոչ մի հակասություն չէին տեսնում աստվածաշնչյան պահանջներին համապատասխանելու ու հեթանոսական խաղերին մասնակցելու միջև։ Դիմելով նրանց բանականությանը՝ Տերտուլիանոսը գրում է. «Որքան զարհուրելի է՝ Աստծո եկեղեցուց գնալ սատանայի որջ՝ երկնքից՝ խոզանոց»։ Նա նաև ասում է. «Այն, ինչ մերժում եք գործերով, չպետք է ողջունեք շուրթերով»։

Պաշտպանելով ճշմարտությունը՝ աղավաղում է այն

Իր «Ընդդեմ Պրաքսեի» (անգլ.) ակնարկը Տերտուլիանոսը սկսում է հետևյալ խոսքերով. «Սատանան տարբեր ձևերով է հակառակվել ու դիմադրել ճշմարտությանը։ Երբեմն ճշմարտությունն աղավաղելու իր նպատակին նա հասել է պաշտպանելով այն»։ Այդքան էլ պարզ չէ, թե ով էր այդ ակնարկում հիշատակված Պրաքսեն։ Ինչևէ, Տերտուլիանոսը հարցականի տակ է դնում Աստծո և Քրիստոսի վերաբերյալ նրա ուսուցումները։ Նրա կարծիքով՝ Պրաքսեն Սատանայի գործիքն էր և գաղտնի կերպով փորձում էր աղավաղել քրիստոնեությունը։

Այդ ժամանակ «քրիստոնյաների» միջև ծագած հիմնական տարաձայնությունը վերաբերում էր Աստծո և Քրիստոսի հարաբերությանը։ Ոմանց համար, հատկապես՝ հունական ծագում ունեցողների, դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ հարկավոր է հավատալ մեկ Աստծո, իսկ Քրիստոսին ընդունել որպես փրկիչ։ Պրաքսեն փորձում էր լուծել այդ խնդիրը՝ սովորեցնելով, թե Հիսուսը Հոր մեկ այլ դրսևորումն է եղել միայն, և թե Հոր ու Որդու միջև ոչ մի տարբերություն չկա։ «Մոդալություն» կոչվող այդ թեորիայի համաձայն՝ Աստված ինքն իրեն երևան է բերել «որպես Հայր, երբ արարել է, ու երբ տվել է Մովսիսական օրենքը, որպես Որդի՝ Հիսուս Քրիստոսում և որպես Սուրբ Հոգի Քրիստոսի՝ երկինք համբարձվելուց հետո»։

Տերտուլիանոսը ցույց է տալիս, որ ակնհայտ տարբերություն գոյություն ունի Հոր և Որդու միջև։ Ա Կորնթացիս 15։26–28–ը հիշատակելուց հետո նա հետևյալ հիմնավորումն է բերում. «Նա, ով (ամեն ինչ) հնազանդեցրեց, և Նա, ում դրանք հնազանդեցվել են, պետք է անպայման երկու տարբեր էակներ լինեն»։ Տերտուլիանոսը ուշադրություն է հրավիրում նաև այն խոսքերի վրա, որ ասել էր ինքը՝ Հիսուսը. «Հայրը մեծ է, քան ես» (Յովհաննէս 14։28)։ Օգտագործելով Եբրայերեն գրություններից հատվածներ, ինչպես օրինակ՝ Սաղմոս 8։5–ը, նա ցույց է տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Որդու «ստորադասությունը»։ «Այսպիսով՝ Հայրը տարբերվում է Որդուց և մեծ է նրանից,— եզրակացնում է նա։— Քանզի Նա, ով ծնում է, մեկն է, իսկ Նա, ով ծնվում՝ մեկ ուրիշը, նաև Նա, ով ուղարկում է, մեկն է, իսկ Նա, ով ուղարկվում՝ մեկ ուրիշը, ինչպես նաև Նա, ով ստեղծում է, մեկն է, իսկ Նա, ում միջոցով է ինչ–որ բան ստեղծվում՝ մեկ ուրիշը»։

Տերտուլիանոսը Որդուն համարում էր Հորը ենթակա անձնավորություն։ Սակայն, մոդալությանը դիմադրելու համար ջանք թափելով հանդերձ՝ նա այնուամենայնիվ սկսեց ‘գրվածից ավելի բան խորհել’ (Ա Կորնթացիս 4։6, ԱԹ)։ Սխալմամբ մեկ ուրիշ թեորիայով փորձելով ապացուցել Հիսուսի աստվածությունը՝ նա հորինեց հետևյալ բանաձևը՝ «մեկ էություն՝ երեք անձերում»։ Այս գաղափարի միջոցով նա փորձում էր ցույց տալ, որ Աստված, իր Որդին և սուրբ ոգին երեք տարբեր անձեր են՝ մեկ աստվածային էության մեջ։ Այսպիսով՝ Տերտուլիանոսը դարձավ առաջին մարդը, ով «երրորդություն» բառի լատիներեն տարբերակը կիրառեց Հոր, Որդու և սուրբ ոգու առնչությամբ։

Զգուշացեք աշխարհի փիլիսոփայությունից

Ինչպե՞ս կարող էր Տերտուլիանոսը հնարել «մեկ էություն՝ երեք անձերում» թեորիան։ Պատասխանը մեկ այլ պարադոքսի մեջ է, որը բնորոշ էր նրան. այն է՝ նրա վերաբերմունքը փիլիսոփայության հանդեպ։ Տերտուլիանոսը փիլիսոփայությունը համարում էր «մարդկանց ու «դևերի» «ուսմունքներ»»։ Նա բացեիբաց քննադատում էր քրիտոնեական ճշմարտությունների մեկնաբանումը փիլիսոփայության միջոցով։ «Մի՛ աղավաղեք քրիստոնեությունը՝ ստոիկյան, պլատոնական և դիալեկտիկական խառնուրդի վերածելով այն»,— հայտարարել էր նա։ Սակայն, Տերտուլիանոսն ինքը բավականաչափ օգտվում էր աշխարհիկ փիլիսոփայությունից, երբ այն համապատասխանում էր իր գաղափարներին (Կողոսացիս 2։8)։

Մի տեղեկագրքում ասվում է. «Երրորդության տեսությունը մշակելու և արտահայտելու համար հելլենիստական գաղափարների ու կատեգորիաների օգնությունն էր հարկավոր»։ Իսկ մեկ ուրիշ գրքի համաձայն՝ «Իրավաբանական ու փիլիսոփայական գաղափարների ու տերմինների հմուտ միախառնումն էր, որ Տերտուլիանոսին հնարավորություն տվեց շարադրել Երրորդության ուսմունքը այնպիսի մի բանաձևով, որը չնայած իր թերություններին՝ հիմք ստեղծեց հետագա բանաձևի շարադրման համար Նիկիայի ժողովի ժամանակ» («The Theology of Tertullian»)։ Այսպիսով, Տերտուլիանոսի բանաձևը՝ երեք անձ՝ մեկ աստվածային էության մեջ, մեծ դեր խաղաց քրիստոնեական աշխարհով մեկ այդ կրոնական սխալի տարածման գործում։

Տերտուլիանոսը մեղադրում էր ուրիշներին այն բանում, որ նրանք, ճշմարտությունը պաշտպանելու փորձեր կատարելով հանդերձ, աղավաղում էին այն։ Պարադոքսային է, սակայն, որ իրար խառնելով Աստծո կողմից տրված աստվածաշնչյան ճշմարտությունն ու մարդկային փիլիսոփայությունը՝ նա ընկավ նույն թակարդի մեջ։ Եկեք ուրեմն ականջ դնենք Գրություններում տրվող նախազգուշացմանը «մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ» ուշադրություն չդարձնելու վերաբերյալ (Ա Տիմոթէոս 4։1)։

[նկար 30–րդ էջի վրա]

Տերտուլիանոսը քննադատում էր փիլիսոփայությունը, բայց օգտագործում էր այն՝ իր սեփական գաղափարները առաջ տանելու համար

[թույլտվությամբ]

Pages 29 and 30: © Cliché Bibliothèque nationale de France, Paris

[նկար 31–րդ էջի վրա]

Ճշմարիտ քրիստոնյաները խուսափում են աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկային փիլիսոփայության հետ միախառնելուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը