Ընթերցողների հարցերը
Կարո՞ղ է քրիստոնյան զրկվել ընկերակցությունից անմաքրություն գործելու դեպքում, ինչպես որ կարող է զրկվել պոռնկություն գործելու կամ անառակ վարք դրսևորելու դեպքում։
Այո, անհատը կարող է վտարվել քրիստոնեական ժողովից, եթե նա առանց զղջալու շարունակաբար պոռնկություն, որոշակի աստիճանի անմաքրություն է գործում կամ անառակ վարք է դրսևորում։ Պողոս առաքյալը այս երեք մեղքերն էլ հիշատակեց վտարման առաջնորդող մյուս մեղքերի կողքին, երբ գրեց. «Մարմնի գործերն ակնհայտ են. դրանք են՝ պոռնկություն, անմաքրություն, անառակ վարք.... սրանց համար նախազգուշացնում եմ ձեզ.... որ այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիս 5։19–21, ՆԱ)։
Պոռնկություն (հունարեն՝ պոռնե՛ա). սա վերաբերում է անօրինական սեռական հարաբերություններին, որ անհատը գործում է օրինական ամուսնությունից դուրս։ Այն ներառում է շնություն, մարմնավաճառություն, սեռական հարաբերություններ, բերանային (օրալային), հետանցքային (անալային) սեքս չամուսնացած անհատների միջև։ Պոռնկությունը ներառում է նաև մեկ ուրիշ անհատի սեռական օրգանները գրգռելը, ում հետ տվյալ արարքն անողը ամուսնացած չէ։ Այն քրիստոնյան, որն առանց զղջալու շարունակաբար պոռնկություն է գործում, չի կարող պատկանել քրիստոնեական ժողովին։
Անառակ վարք (հունարեն՝ ասե՛լգիա). սա վերաբերում է «սանձարձակությանը. անառակությանը. անամոթ վարքին. ցանկամոլ վարքին»։ Թայերի «Նոր Կտակարանի հունարեն–անգլերեն բառարանը» այդ տերմինը սահմանում է հետևյալ կերպ՝ «անսանձ փափագ.... մոլեգնություն, անամոթություն, հանդգնություն»։ Համաձայն մեկ ուրիշ բառարանի՝ անառակ վարքը մի այնպիսի վարք է, որը «խախտում է այն բոլոր սահմանները, որոնք ընդունված են հասարակության կողմից»։
Ինչպես երևում է այս բառարաններից, «անառակ վարքը» ունի երկու երեսակ՝ 1) նման վարքը արդեն իսկ Աստծու օրենքների լուրջ ոտնահարում է, և 2) մեղսագործի վերաբերմունքը անհարգալից է ու հանդուգն։
Հետևաբար «անառակ վարքը» թեթևակի սխալ վարք դրսևորելը չէ։ Այն վերաբերում է այնպիսի արարքների, որոնք Աստծու օրենքների լուրջ ոտնահարումներ են, և որոնք ցույց են տալիս անհատի հանդուգն կամ բացահայտ արհամարհական վերաբերմունքը՝ այնպիսի ոգի, որը անարգանք է արտահայտում և նույնիսկ արհամարհանք իշխանության, օրենքների և չափանիշների հանդեպ։ Պողոս առաքյալը անառակ վարքը կապում է անօրինական սեռական հարաբերություններ ունենալու հետ (Հռովմայեցիս 13։13, 14)։ Քանի որ Գաղատացիս 5։19–21-ում անառակ վարքը թվարկվում է այլ մեղքերի շարքում, որոնց պատճառով անհատը չի կարող ժառանգել Աստծու Թագավորությունը, ուստի անառակ վարքը հիմք է հանդիսանում, որ անհատը հանդիմանություն ստանա կամ գուցե վտարվի քրիստոնեական ժողովից։
Անմաքրություն (հունարեն՝ ակաթարսի՛ա) բառը այս երեք տերմինների մեջ՝ «պոռնկություն», «անառակ վարք» և «անմաքրություն», ամենալայն իմաստը բովանդակող բառն է։ Անմաքրությունը պարունակում է ամեն տեսակ ապականություն սեռական հարցերի, խոսքի, գործերի, ինչպես նաև հոգևոր հարցերի մեջ։ «Անմաքրությունը» ներառում է բազմաթիվ լուրջ մեղքեր։
Ինչպես արձանագրված է Բ Կորնթացիս 12։21–ում (ՆԱ), Պողոսը հիշատակում է այնպիսի անհատների մասին, որոնք «նախկինում մեղք են գործել և չեն զղջացել իրենց գործած անմաքրության, պոռնկության և անառակ վարքի համար»։ Քանի որ այս համարում «անմաքրությունը» նշվում է «պոռնկության և անառակ վարքի» կողքին, հետևաբար անմաքրության որոշ ձևեր պատճառ են հանդիսանում, որ իրավական քայլեր ձեռնարկվեն։ Սակայն անմաքրությունը լայն իմաստ կրող բառ է, որն իր մեջ ընդգրկում է նաև այնպիսի արարքներ, որոնք հիմք չեն հանդիսանում իրավական քայլերի համար։ Ճիշտ ինչպես որ տունը կարող է մի քիչ կեղտոտ լինել կամ էլ ամբողջությամբ կեղտի մեջ կորած, այնպես էլ անմաքրությունը տարբեր աստիճաններ ունի։
Համաձայն Եփեսացիս 4։19–ի (ՆԱ)՝ Պողոս առաքյալն ասում է, որ որոշ անհատներ ‘կորցրեցին բարոյականի ողջ զգացողությունը’ և «անձնատուր եղան անառակությանը՝ ագահությամբ ամեն տեսակ անմաքրություն գործելու համար»։ Այդպիսով Պողոսը անմաքրությունը կապում է ագահության հետ և անառակ վարքի հետ նույն շարքին դասում այն։ Եթե մկրտված քրիստոնյան առանց զղջալու ‘ագահությամբ անմաքրություն’ է գործում, նա կարող է վտարվել քրիստոնեական ժողովից՝ ծայրաստիճան անմաքրություն գործելու հիմքով։
Ենթադրենք՝ նշանված քրիստոնյաները բազմաթիվ անգամ կրքեր բորբոքող ձևով սաստիկ փաղաքշում են իրար։ Երեցները գուցե որոշեն, որ թեև այդ անհատները չեն ցուցաբերել անառակ վարքին բնորոշ հանդուգն վերաբերմունք, սակայն նրանց վարքի մեջ որոշ չափով ագահություն է դրսևորվել։ Ուստի երեցները գուցե իրավական քայլեր ձեռնարկեն, քանի որ զույգը ծայրաստիճան անմաքրություն է գործել։ Ծայրաստիճան անմաքրությունը կարող է տեղին հիմք ծառայել քննելու համար այն պարագան, երբ անհատը կրկին ու կրկին հեռախոսով բացահայտ սեքսուալ զրույցներ է ունենում մեկ ուրիշ անհատի հետ, հատկապես եթե նա նախապես խորհուրդ է ստացել այդ արարքի առնչությամբ։
Նման արարքների հետ կապված որոշումներ կայացնելիս երեցները պետք է խորաթափանցություն դրսևորեն։ Որպեսզի պարզեն, թե պետք է արդյոք իրավական կոմիտե կազմել, թե՝ ոչ, նրանք պետք է ուշադրությամբ քննեն, թե ինչ արարք է կատարվել և ինչ աստիճանի։ Օրինակ՝ չպետք է անառակ վարքի մեջ մեղադրել ցանկացած անհատի, որը չի ընդունում Աստվածաշնչի հիման վրա իրեն տրված խորհուրդը, ոչ էլ պետք է մաթեմատիկական հաշվարկներ կատարել որոշելու համար, թե քանի անգամ կարող է անհատը որոշակի մեղավոր արարք գործել մինչև իրավական կոմիտե կազմվելը։ Երեցները պետք է ուշադրությամբ և աղոթքով կշռադատեն յուրաքանչյուր իրավիճակ և փորձեն պարզել, թե ինչ է կատարվել, որքան հաճախ է կատարվել, գործված մեղքի բնույթը և աստիճանը, ինչպես նաև մեղքը գործողի դիտավորությունն ու մղումները։
Ծայրաստիճան անմաքրությունը իր մեջ ավելին է բովանդակում, քան միայն սեռական բնույթ կրող մեղքերը։ Օրինակ՝ պատանեկան տարիքի մկրտված քրիստոնյան գուցե մի քանի անգամ ծխախոտ է գործածել կարճ ժամանակահատվածում և ապա խոստովանել է իր ծնողներին։ Նա վճռում է այլևս չծխել։ Սա անմաքրություն է, սակայն դեռ չի հասել այն աստիճանի, որ համարվի ծայրաստիճան անմաքրություն կամ «ագահությամբ» կատարված «անմաքրություն»։ Այս պարագայում բավական է մեկ կամ երկու երեցների կողմից տրված աստվածաշնչյան խորհուրդը և նրա ծնողների ցույց տված օգնությունը։ Սակայն եթե պատանի քրիստոնյան հաճախակի է ծխախոտ օգտագործում, ապա դա նշանակում է, որ նա դիտավորյալ պղծում է իր մարմինը։ Այս դեպքում կկազմվի իրավական կոմիտե, քննելու համար՝ ծայրաստիճան անմաքրության այս դեպքը (Բ Կորնթացիս 7։1)։ Եթե պատանի քրիստոնյան չի զղջում, ապա նա պետք է զրկվի ընկերակցությունից։
Որոշ քրիստոնյաներ պոռնկագրություն են դիտել։ Դա մեղք է Աստծու աչքում, և երեցները թերևս ցնցվեն, երբ իմանան, որ իրենց հավատակիցը նման բան է արել։ Բայց ոչ բոլոր դեպքերում է, որ պոռնկագրություն դիտելու համար իրավական կոմիտե է նշանակվում։ Օրինակ՝ ենթադրենք եղբայրը մի քանի անգամ դիտել է այսպես կոչված «քողարկված»՝ ոչ բացահայտ պոռնկագրություն։ Նա ամաչում է իր կատարած արարքի համար, խոստովանում է երեցներից մեկին և վճռում է այլևս չկրկնել այդ մեղքը։ Երեցը կարող է եզրակացնել, որ եղբոր վարքը դեռ չի զարգացել այն աստիճան, որ համարվի «ագահությամբ» կատարված «անմաքրություն», նաև որ նա չի ցուցաբերել հանդուգն վերաբերմունք, ինչը անառակ վարք կհամարվեր։ Թեև իրավական քայլեր ձեռք չեն առնվի, սակայն այսպիսի անմաքրության դեպքում պահանջվում է, որ նրան Աստվածաշնչի հիման վրա խիստ խորհուրդ տրվի և գուցե նաև երեցների կողմից լրացուցիչ օգնություն ցույց տրվի։
Սակայն ենթադրենք քրիստոնյան գաղտնաբար նողկալի, սեռական առումով նվաստացուցիչ պոռնկագրություն է դիտել տարիներ շարունակ և արել է հնարավոր ամեն բան, որպեսզի թաքցնի իր մեղքը։ Այդպիսի պոռնկագրությունը գուցե ներառի խմբակային բռնաբարություն, բռնի չարչարանք, սադիզմ, կանանց հանդեպ դաժան վերաբերմունք կամ նույնիսկ մանկական պոռնկագրություն։ Երբ ուրիշները իմանում են նրա արարքների մասին, նա շատ է ամաչում։ Նա այդ արարքը հանդգնաբար չի գործել, սակայն երեցները գուցե որոշեն, որ նա ‘անձնատուր է եղել’ այդ գարշելի սովորությանը և գործել է «ագահությամբ անմաքրություն», այսինքն՝ ծայրաստիճան անմաքրություն։ Կկազմվի իրավական կոմիտե, քանի որ ծայրաստիճան անմաքրության է կատարվել։ Մեղսագործը կզրկվի ընկերակցությունից, եթե աստվածահաճո զղջում չցուցաբերի և չվճռի այլևս երբեք պոռնկագրություն չդիտել։ Եթե նա իր տուն է հրավիրել ուրիշներին՝ պոռնկագրություն դիտելու, փաստորեն քաջալերելով այդ արարքը, ապա դա ցույց է տալիս, որ նա հանդուգն վերաբերմունք է դրսևորել, ինչը բնորոշ է անառակ վարքին։
«Անառակ վարք» աստվածաշնչյան տերմինը միշտ ակնարկում է այն բանին, որ լուրջ մեղք է գործվել՝ հաճախ սեռական բնույթի։ Երբ երեցները փորձում են բնորոշել՝ կատարվածը անառակ վարք է, թե՝ ոչ, նրանք պետք է փորձեն տեսնել, թե դրսևորվել է արդյոք հանդգնություն, անառակություն, գարշելիություն, անամոթություն և այն, ինչը ցնցող երևույթ է հասարակության համար։ Մյուս կողմից, Եհովայի օրենքների կոպիտ խախտումները, որ թույլ է տալիս անհատը, սակայն չի ցուցաբերում հանդուգն վերաբերմունք, թերևս «ագահությամբ» են կատարվել։ Այսպիսի դեպքերը ծայրաստիճան անմաքրություն են պարունակում, ուստիև դրանք պետք է քննել՝ ծայրաստիճան անմաքրության հիմքով։
Շատ լուրջ պատասխանատվություն է որոշել, թե արդյոք անհատը անցել է սահմանը այն աստիճան, որ մեղադրվի ծայրաստիճան անմաքրություն կամ անառակ վարք դրսևորելու մեջ, թե՝ ոչ, որովհետև նրա կյանքն է կախված դրանից։ Այն երեցները, ովքեր քննում են այդպիսի գործերը, պետք է անեն դա՝ աղոթքով Աստծուց խնդրելով նրա սուրբ ոգին, ինչպես նաև խորաթափանցություն և հասկացողություն։ Երեցները պետք է պահպանեն ժողովի մաքրությունը և իրենց որոշումները հիմնեն Աստծու Խոսքի ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված առաջնորդության վրա (Մատթէոս 18։18; 24։45)։ Այս չար օրերում ավելի, քան երբևէ, երեցները պետք է իրենց մտքում պահեն այս խոսքերը. «Տեսէք թէ դուք ինչ էք անում. որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար» (Բ Մնացորդաց 19։6)։