Ինչպե՞ս կարող է Քրիստոսի խաղաղությունն իշխել մեր սրտերում
«Ձեր սրտերում թող հաստատուի [«իշխէ», ԱԹ] Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով» (Կողոսացիս 3։15)։
1, 2. Ինչպե՞ս է «Քրիստոսի խաղաղութիւնը» իշխում քրիստոնյայի սրտում։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։ Այս բառը տհաճություն է պատճառում շատերին, քանի որ նրանց հիշողության մեջ արթնացնում է ուժի գործադրման և խաբեբայության տեսարաններ։ Այդ պատճառով կողոսացի քրիստոնյաներին Պողոսի տված հորդորը՝ ‘ձեր սրտերում թող իշխի Քրիստոսի խաղաղությունը’, գուցե ոմանց անխոհեմ թվա (Կողոսացիս 3։15)։ Չէ՞ որ մենք ազատ կամքի տեր մարդիկ ենք։ Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ ինչ–որ մի բան կամ ինչ–որ մեկը իշխի մեր սրտերում։
2 Պողոսը չէր պատվիրում կողոսացիներին հրաժարվել իրենց ազատ կամքից։ Կողոսացիս 3։15–ում «իշխէ» թարգմանված հունարեն բառը կապված է «մրցավար» բառի հետ. այն օրերին՝ սպորտային մրցումների ժամանակ, մրցավարը հաղթողին մրցանակ էր շնորհում։ Մասնակիցները խաղի կանոնների սահմաններում որոշակի ազատություն ունեին, բայց վերջիվերջո մրցավարն էր որոշում, թե ով է հետևել կանոններին և հաղթել մրցությունում։ Նմանապես մենք կյանքում ազատ ենք բազմաթիվ որոշումներ կայացնելու, բայց, դա անելով, Քրիստոսի խաղաղությունը պետք է մեր համար միշտ լինի «մրցավար», կամ, ինչպես թարգմանիչ Էդգար Գուդսփիդն է թարգմանում, «ղեկավարող սկզբունք» մեր սրտերում։
3. Ի՞նչ է «Քրիստոսի խաղաղութիւնը»։
3 Ի՞նչ է «Քրիստոսի խաղաղութիւնը»։ Դա այն անդորրությունը, ներքին հանգստությունն է, որն ունենում ենք, երբ դառնում ենք Հիսուսի աշակերտներ և իմանում ենք, որ Եհովա Աստված և իր Որդին հավանել և սիրում են մեզ։ Երբ արդեն ժամանակը եկել էր, որ Հիսուսը պետք է թողներ իր աշակերտներին, նա պատվիրեց նրանց. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ.... Ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յովհաննէս 14։27)։ Գրեթե 2 000 տարի շարունակ այդ խաղաղությունը վայելել են Քրիստոսի մարմինը ներկայացող հավատարիմ օծյալ անդամները, և այսօր նրանց ուղեկիցները՝ «այլ ոչխարները», նույնպես վայելում են դա (Յովհաննէս 10։16)։ Այդ խաղաղությունը պիտի իշխի մեր սրտերում։ Խիստ հալածանքների ժամանակ այն կարող է օգնել մեզ, որ կաթվածահար չլինենք վախի կամ չափազանց անհանգստության պատճառով։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այս միտքը ճշմարիտ, երբ մեր հանդեպ անարդար են վարվում, համակվում ենք անհանգստություններով և թերարժեքության զգացում ենք ունենում։
Երբ մեր հանդեպ անարդար են վարվում
4. ա) Ինչպես Հիսուսի հետ անարդար վարվեցին։ բ) Ինչպե՞ս են քրիստոնյաները արձագանքել իրենց հանդեպ ցուցաբերված անարդարությանը։
4 Սողոմոն թագավորը նկատել էր. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Հիսուսը գիտեր այս խոսքերի ճշմարտացիության մասին։ Դեռևս երկնքում գտնվելիս նա տեսել էր, թե ինչ աղաղակող անարդարություններ են անում մարդիկ միմյանց նկատմամբ։ Գտնվելով երկրի վրա՝ նա անձամբ զգաց այն մեծագույն անարդարությունը, երբ, լինելով անմեղ մարդ, մեղադրվեց Աստծուն հայհոյելու մեջ և, որպես հանցագործ, դատապարտվեց մահվան (Մատթէոս 26։63–66; Մարկոս 15։27)։ Այսօր անարդարությունը շարունակում է ծաղկել, և ճշմարիտ քրիստոնյաները չափազանց տուժել են դրանից՝ լինելով «բոլոր ազգերի կողմից ատելի» (Մատթէոս 24։9)։ Բայց, չնայած նացիստական մահվան ճամբարներում և սովետական գուլագում կրած սարսափելի տանջանքներին, չնայած բռնություններին, կեղծ մեղադրանքներին ու տարածված ստերին, Քրիստոսի խաղաղությունը նրանց անսասան է պահել։ Նրանք վարվել են այնպես, ինչպես Հիսուսը, որի մասին կարդում ենք. «Նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին» (Ա Պետրոս 2։23)։
5. Երբ ժողովում լսում ենք ինչ–որ անարդարության մասին, նախևառաջ ի՞նչ պիտի մտածենք։
5 Իսկ ի՞նչ, եթե մտածում ենք, որ անարդար են վարվել մեզ հետ քրիստոնեական ժողովում։ Նման դեպքում, հավանաբար, մեզ զգում ենք այնպես, ինչպես Պողոսը, որն ասաց. «Կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի» (Բ Կորնթացիս 11։29)։ Ի՞նչ կարող ենք անել։ Պետք է հարցնենք ինքներս մեզ. «Իսկապե՞ս դա անարդարություն է»։ Մենք հաճախ տեղյակ չենք լինում բոլոր փաստերից։ Լսելով մեկին, որը կարծում է, թե տեղյակ է գործի էությունից՝ գուցե իսկույն արձագանքում ենք նրա խոսքերին։ Հասկանալի է, թե ինչու է Աստվածաշունչն ասում. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի» (Առակաց 14։15)։ Ուրեմն մենք պետք է զգույշ լինենք։
6. Ինչպե՞ս կարող ենք արձագանքել ժողովում մեր հանդեպ կատարված անարդարությանը։
6 Բայց ենթադրենք, թե, ըստ մեզ, անձամբ մեր հանդեպ են անարդար վարվել։ Ինչպե՞ս կարձագանքի իր սրտում Քրիստոսի խաղաղությունն ունեցող մարդը։ Գուցե անհրաժեշտ համարենք խոսել նրա հետ, ով, կարծում ենք, մեր հանդեպ անարդար է վարվել։ Այնուհետև, մեկ ուրիշի հետ այդ մասին խոսելու փոխարեն, ինչո՞ւ չաղոթենք Եհովային և հարցի լուծումը թողնենք նրան՝ վստահ լինելով, որ նա հոգ կտանի արդարության հաստատման համար (Սաղմոս 9։10; Առակաց 3։5)։ Շատ հնարավոր է, որ, այդպես վարվելով, մենք ցանկանանք այդ հարցը լուծել ինքներս մեր մեջ՝ մեր սրտում, և ‘լուռ մնանք’ (Սաղմոս 4։4)։ Մեծամասամբ կիրառելի է Պողոսի հետևյալ հորդորը. «Հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած.... ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք» (Կողոսացիս 3։13)։
7. Ինչի՞ մասին միշտ պիտի հիշենք մեր եղբայրների հետ ունեցած հարաբերություններում։
7 Սակայն ինչ էլ որ անենք, հարկավոր է հիշել, որ, չկարողանալով փոխել իրավիճակը, կարող ենք փոխել մեր վերաբերմունքը։ Եթե անհավասարակշիռ կերպով ենք արձագանքում այդ անարդարությանը, ապա գուցե դա ավելի մեծ վնաս հասցնի մեր խաղաղությանը, քան հենց տվյալ անարդար արարքը (Առակաց 18։14, Արևմտ. Աստ.)։ Նույնիսկ գուցե գայթակղվենք և դադարենք շփվել ժողովի հետ, մինչև որ զգանք, որ արդարությունը վերականգնվել է։ Սաղմոսերգուն գրել է, որ Եհովայի օրենքները սիրողների համար «գայթակղութիւն չ’կայ» (Սաղմոս 119։165)։ Ճշմարտությունն այն է, որ ամեն մեկիս հետ էլ ժամանակ առ ժամանակ անարդար են վարվում։ Երբեք ու երբեք թույլ մի տվեք, որ նման ցավալի դեպքերը խանգարեն ձեզ ծառայելու Եհովային։ Դրա փոխարեն՝ ձեր սրտում թող իշխի Քրիստոսի խաղաղությունը։
Երբ համակված ենք լինում անհանգստություններով
8. Ի՞նչ պատճառներ կան անհանգստանալու, և դրա հետևանքն ի՞նչ կարող է լինել։
8 Այս ‘վերջին օրերում’ անհանգստությունները մեր կյանքի անբաժան մասն են կազմում (Բ Տիմոթէոս 3։1)։ Ճիշտ է՝ Հիսուսն ասել է. «Հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու» (Ղուկաս 12։22)։ Բայց ոչ բոլոր անհանգստություններն են առաջանում նյութական խնդիրներից։ Ղովտը «ձանձրացել էր» Սոդոմի այլասերվածությունից (Բ Պետրոս 2։7)։ Պողոսին անհանգստացնում էին «բոլոր եկեղեցիների հոգսերը» (Բ Կորնթացիս 11։28)։ Հիսուսն իր մահվանը նախորդող գիշերն այնպիսի տանջանքների մեջ էր, որ «քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ–շիթ գետին թափուելով» (Ղուկաս 22։44)։ Պարզ է, որ երբ մարդուն ինչ–որ բան անհանգստացնում է, չի կարելի եզրակացնել, թե նա թույլ հավատ ունի։ Ինչ էլ որ լինի դրա պատճառը, եթե անհանգստությունն ուժեղ է և չի անցնում, ապա մարդը կարող է կորցնել իր խաղաղությունը։ Անհանգստությունն այն աստիճան է համակել ոմանց, որ իրենց անկարող են զգացել շարունակելու պատասխանատվություններ կրել Եհովայի ծառայության մեջ։ Աստվածաշունչն ասում է. «Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան» (Առակաց 12։25)։ Ուրեմն ի՞նչ կարող ենք անել, երբ համակված ենք լինում անհանգստություններով։
9. Ի՞նչ գործնական քայլեր կան անհանգստությունը հաղթահարելու համար, բայց անհանգստության ո՞ր պատճառները չեն կարող վերացվել։
9 Որոշ հանգամանքներում մենք կարող ենք գործնական քայլեր ձեռնարկել։ Եթե մի ինչ–որ առողջական խնդիր է անհանգստության պատճառը, ապա իմաստուն կլիներ դրան ուշադրություն դարձնել (թեև, պետք է նկատել, որ դրանք անձնական բնույթի հարցեր են)a (Մատթէոս 9։12)։ Եթե շատ պատասխանատվություններ ունենք, ապա գուցե հարկավոր է դրանցից որոշները փոխանցել ուրիշներին (Ելից 18։13–23)։ Հապա ի՞նչ ասել նրանց մասին, օրինակ, ծնողների, որոնք իրենց ծանր պարտականությունները չեն կարող որևէ մեկին փոխանցել։ Ի՞նչ անի քրիստոնյան, որի կողակիցը հակառակություն է ցույց տալիս իրեն։ Ի՞նչ անի այն ընտանիքը, որը ծանր տնտեսական կացության մեջ է կամ ապրում է պատերազմական գոտում։ Հստակ է, որ իրերի այս համակարգում չենք կարող վերացնել անհանգստության բոլոր պատճառները։ Այնուամենայնիվ մենք կարող ենք Քրիստոսի խաղաղությունը պահել մեր սրտերում։ Ինչպե՞ս։
10. Ի՞նչ երկու ձևերով քրիստոնյաները կարող են թեթևացնել անհանգստությունը։
10 Անհանգստությունը թեթևացնելու միջոցներից մեկն Աստծո Խոսքում մխիթարություն փնտրելն է։ Դավիթ թագավորը գրել է. «Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։19)։ Եհովայի «մխիթարութիւնները» կարելի է գտնել Աստվածաշնչում։ Այդ ներշնչված գրքին կանոնավորաբար դիմելը կօգնի մեզ Քրիստոսի խաղաղությունը պահել մեր սրտերում։ Աստվածաշունչն ասում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Պողոս առաքյալը նմանատիպ միտք է արտահայտել. «Հոգ մի արէ՛ք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Կանոնավորաբար ջերմեռանդորեն աղոթելով՝ մենք կկարողանանք պահպանել մեր խաղաղությունը։
11. ա) Ինչպե՞ս է Հիսուսը հրաշալի օրինակ հանդիսանում աղոթելու առնչությամբ։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք աղոթելուն։
11 Այս առումով Հիսուսը գերազանց օրինակ է հանդիսանում։ Մի անգամ նա ժամեր շարունակ աղոթեց իր երկնային Հորը (Մատթէոս 14։23; Ղուկաս 6։12)։ Աղոթքն օգնեց նրան տանելու ծանրագույն փորձությունը։ Մահվանը նախորդող գիշերը նա չափազանց լարված վիճակում էր։ Ինչպե՞ս վարվեց նա։ «Աւելի ջերմեռանդութեամբ աղօթք ըրաւ» (Ղուկաս 22։43, Արևմտ. Աստ.)։ Այո՛, Աստծո կատարյալ Որդու համար մեծ նշանակություն ուներ աղոթքը։ Որքա՜ն ավելի շատ, ուրեմն, պիտի նրա անկատար հետևորդներն իրենց մեջ մշակեն աղոթելու սովորությունը։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում էր «միշտ աղօթել՝ առանց վհատելու» (Ղուկաս 18։1, ՆԿ–ի ՆԱԹ)։ Աղոթքը իրական և կենսական հաղորդակցության միջոց է Նրա հետ, ով մեզանից ավելի լավ է ճանաչում մեզ (Սաղմոս 103։14)։ Եթե մենք մտադիր ենք պահպանել Քրիստոսի խաղաղությունը մեր սրտերում, ապա ‘անդադար կաղոթենք’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։
Հաղթահարենք մեր սահմանափակումները
12. Ինչո՞ւ են ոմանք մտածում, թե իրենք ամեն ինչ չեն անում Աստծուն ծառայելու մեջ։
12 Եհովայի համար իր ամեն մի ծառան թանկագին է ինչպես մի գանձ (Անգէ 2։7)։ Այդուհանդերձ շատերը դժվարանում են ընդունել այս փաստը։ Ոմանք վհատվում են տարիքի, աճող ընտանեկան պարտականությունների կամ գնալով վատացող առողջության պատճառով։ Ոմանք էլ իրենց համարում են թշվառ, քանի որ մեծացել են ծանր պայմաններում։ Մյուսներն էլ տանջվում են անցյալում կատարած սխալներից՝ կասկածելով, թե Եհովան երբևէ կների իրենց (Սաղմոս 51։3)։ Ի՞նչ կարելի է անել նման զգացումների առնչությամբ։
13. Ի՞նչ սուրբգրային մխիթարություն կարող են ստանալ նրանք, ովքեր թերարժեքության զգացում ունեն։
13 Քրիստոսի խաղաղությունը կվստահեցնի, որ Եհովան սիրում է մեզ։ Մենք կարող ենք վերագտնել այդ խաղաղությունը մեր սրտերում՝ խորհելով հետևյալ փաստի շուրջ. Հիսուսը երբեք չասաց, թե մեր արժեքավոր լինելը չափվում է նրանով, թե ինչ ենք անում մյուսների արածի հետ համեմատած (Մատթէոս 25։14, 15; Մարկոս 12։41–44)։ Հապա ինչի՞ վրա Հիսուսը շեշտ դրեց։ Հավատարմությա՛ն։ Նա ասաց իր աշակերտներին. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։ Հիսուսն ‘անարգվեց’ մարդկանցից, բայցևայնպես երբեք չկասկածեց, որ իր Հայրը սիրում է իրեն (Եսայիա 53։3; Յովհաննէս 10։17)։ Նա իր աշակերտներին ասաց, որ նրանք նույնպես սիրելի են (Յովհաննէս 14։21)։ Սա շեշտելու համար նա ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք» (Մատթէոս 10։29–31)։ Եհովայի սիրո ինչպիսի՜ ջերմ հավաստիացում։
14. Ի՞նչ հավաստիացում ունենք, որ Եհովան գնահատում է մեզանից յուրաքանչյուրին։
14 Հիսուսը նաև ասաց. «Ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։44)։ Եթե Եհովան մեզ ձգել է, որպեսզի հետևենք Հիսուսին, ուրեմն նա ցանկանո՛ւմ է, որ մենք փրկվենք։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի» (Մատթէոս 18։14)։ Հետևաբար, եթե դուք ամբողջ սրտով ծառայում եք, ապա կարող եք «գոհունակ» լինել ձեր հրաշալի գործերով (Գաղատացիս 6։4, ՆԿ–ի ՆԱԹ)։ Եթե ձեզ տանջում են անցյալում կատարած սխալները, վստահ եղեք, որ Եհովան «առատապէս» կների իսկապես զղջացողներին (Եսայիա 43։25; 55։7, Արևմտ. Աստ.)։ Իսկ եթե վհատության մեկ այլ պատճառ ունեք, ուրեմն հիշեք, որ «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։
15. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձում զրկել մեզ խաղաղությունից։ բ) Եհովայի հանդեպ ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։
15 Սատանան ոչինչ այնպես չի ցանկանում, ինչպես ձեզ խաղաղությունից զրկելը։ Նա է մեղավոր, որ մեղք ենք ժառանգել, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք (Հռովմայեցիս 7։21–24)։ Անշուշտ, նա ուզում է, որ դուք մտածեք, իբր թե անկատար լինելն անընդունելի է դարձնում ձեր ծառայությունն Աստծուն։ Երբեք թույլ չտաք, որ Բանսարկուն ընկճի ձեզ։ Իմացեք նրա մտադրությունների մասին և թող դա ձեզ լցնի տոկալու վճռականությամբ (Բ Կորնթացիս 2։11; Եփեսացիս 6։11–13)։ Հիշեցե՛ք՝ «Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան» (Ա Յովհաննէս 3։20)։ Եհովան միայն մեր սխալները չի տեսնում։ Նա նաև տեսնում է մեր մղումներն ու մտադրությունները։ Ուրեմն թող որ ձեզ մխիթարեն սաղմոսերգուի խոսքերը. «Տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողնում իր ժառանգութիւնը» (Սաղմոս 94։14)։
Միացած՝ Քրիստոսի խաղաղությամբ
16. Ինչպե՞ս է, որ մենք միայնակ չենք դժվարությունները տոկալու մեջ։
16 Պողոսը գրեց, որ մենք պետք է թույլ տանք Քրիստոսի խաղաղությանը իշխելու մեր սրտերում, քանի որ մենք ‘կանչվեցինք մեկ մարմնով’ (ԱԹ)։ Օծյալ քրիստոնյաները, որոնց գրել էր Պողոսը, կանչվել էին՝ Քրիստոսի մարմնի մաս կազմելու, ինչպիսին այսօր մնացորդ կազմող օծյալներն են։ Նրանց ուղեկիցները՝ «այլ ոչխարները», միացել են իրենց, և միասին կազմում են «մի հօտ», որն ունի «մի հովիւ»՝ Հիսուս Քրիստոսը (Յովհաննէս 10։16)։ Համաշխարհային «հօտի» միլիոնավոր անդամները միակամորեն թույլ են տալիս, որ Քրիստոսի խաղաղությունն իշխի իրենց սրտերում։ Գիտենալով, որ միայնակ չենք՝ մենք կարողանում ենք տոկալ։ Պետրոսը գրեց. «Դիմադրեցէ՛ք [Սատանային]՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները» (Ա Պետրոս 5։9)։
17. Ի՞նչն է մղում մեզ՝ թույլ տալու, որ Քրիստոսի խաղաղությունն իշխի մեր սրտերում։
17 Ուրեմն թող որ բոլորս շարունակենք զարգացնել մեր մեջ խաղաղությունը՝ Աստծո սուրբ ոգու կենսական պտուղը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Նրանք, ովքեր Եհովայի կողմից կհամարվեն անբիծ, անարատ և խաղաղության մեջ գտնվող, ի վերջո կօրհնվեն հավիտենական կյանքով երկրային դրախտում, որտեղ արդարությունն է բնակվում (Բ Պետրոս 3։13, 14)։ Մենք բոլոր հիմքերն ունենք թույլ տալու, որ Քրիստոսի խաղաղությունն իշխի մեր սրտերում։
[ծանոթագրություններ]
a Որոշ դեպքերում անհանգստության կամ հենց նրա ուժեղացման պատճառ կարող են դառնալ հիվանդությունները, ինչպես օրինակ, բժշկական միջամտություն պահանջող դեպրեսիան։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է Քրիստոսի խաղաղությունը։
• Ինչպե՞ս կարող է Քրիստոսի խաղաղությունն իշխել մեր սրտերում, երբ մեզ հետ անարդարացիորեն են վարվում։
• Ինչպե՞ս է Քրիստոսի խաղաղությունն օգնում մեզ՝ հաղթահարելու անհանգստությունները։
• Ինչպե՞ս է Քրիստոսի խաղաղությունը մխիթարում մեզ, երբ թերարժեքության զգացում ենք ունենում։
[նկար 15–րդ էջի վրա]
Գտնվելով մեղադրողների առջև՝ Հիսուսն ինքն իրեն հանձնեց Եհովային
[նկար 16–րդ էջի վրա]
Սիրող հոր ջերմ գրկի նման Եհովայի մխիթարությունները հանգստացնում են մեզ
[նկար 18–րդ էջի վրա]
Աստված շատ մեծ կարևորություն է տալիս տոկուն լինելուն