Ձեզ ճիշտ չե՞ն հասկացել
Անտոնիոն անհանգստանում էր։ Շատ անսպասելիորեն և առանց որևէ պատճառաբանության՝ նրա ընկերը՝ Լեոնարդոն, սկսել էր անտարբերությամբ վերաբերվել իրեն։a Տարբեր առիթներով ընկերոջն ուղղված նրա ողջույնները մնում էին անպատասխան, և երբ նրանք միասին էին լինում, թվում էր, թե նրանց միջև անդունդ կար գոյացած։ Անտոնիոն սկսել էր վախենալ՝ միգուցե ինչ–որ բա՞ն է ասել կամ արել, որն իր ընկերը սխալ է հասկացել։ Բայց ի՞նչ։
Թյուրիմացություններ հաճախակի են պատահում։ Դրանցից շատերն աննշան են լինում և հեշտությամբ շտկվում են։ Մի մասն էլ կարող են չափազանց հուսահատեցնող լինել, հատկապես այն պարագաներում, երբ, չնայած դրանք վերացնելուն ուղղված բոլոր ջանքերին, մարդկանց մեջ շարունակում են մնալ սխալ պատկերացումները։ Ինչո՞ւ է թյուրիմացություն տեղի ունենում։ Ինչպիսի՞ ազդեցություն է այն թողնում մարդկանց վրա։ Ի՞նչ կարող եք անել, եթե ուրիշները ձեր արարքը սխալ են հասկացել։ Արժե՞ անհանգստանալ, թե մարդիկ ի՛նչ են մտածում ձեր մասին։
Անխուսափելի իրականություն
Քանի որ ուրիշները չեն կարող կարդալ մեր մտքերն ու դիտավորությունները, վաղ թե ուշ ինչ–որ մեկը սխալ կմեկնաբանի մեր խոսքերը կամ վարմունքը։ Թյուրիմացություն առաջանալու հնարավորությունները շատ են։ Երբեմն մեզ չի հաջողվում մտքերը մեր ուզածի պես պարզ ու հստակ շարադրել։ Շրջապատի աղմուկը և ուշադրություն շեղող այլ գործոններ կարող են դիմացինին խանգարել ուշադրությամբ լսելուն։
Որոշակի վերաբերմունքներ ու վարվելակերպեր նույնպես սխալ ըմբռնման պատճառ են դառնում։ Օրինակ՝ ամաչկոտ մարդուն կարող են սխալմամբ համարել սառը, անտարբեր կամ հպարտ անձնավորություն։ Որոշ իրավիճակներում ավելի շատ հուզական, քան թե բանական արձագանքի պատճառ կարող է դառնալ մարդու անցյալը։ Մշակութային և լեզվական տարբերությունները ևս վկայում են այն մասին, որ մարդիկ իրար չեն հասկանա այնպես, ինչպես որ պետք է։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ խոսքերը կարող են ոչ ճիշտ փոխանցվել, չբացառելով նաև բանբասանքը, չպետք է զարմանանք, որ մեր արած գործերը կամ ասած խոսքերն ընդունվեն ոչ այն իմաստով, որով դրանք կատարվել կամ արտահայտվել են։ Այս ամենը, ինչ խոսք, սակավ մխիթարական է նրանց համար, ովքեր զգացել են, որ իրենց դիտավորությունները սխալ են մեկնաբանվել։
Օրինակ՝ Աննան մի առիթով միամտորեն խոսել էր բացակայող իր ընկերուհիներից մեկի մասին, որ նա շատերի համակրանքն է վայելում։ Նրա խոսքերը կրկնվել էին իմաստից շեղված, իսկ հետո, ի զարմանս Աննայի, իր այդ ընկերուհին բարկացած մեղադրել էր նրան մի քանիսի ներկայությամբ, թե իբր Աննան նախանձում է իրեն, որ նա արժանացել է ընկերներից մեկի ուշադրությանը։ Աննայի խոսքերը լրիվ խեղաթյուրվել էին, և նրա բոլոր ջանքերը՝ հավաստիացնելու ընկերուհուն, որ նա վիրավորելու մտադրություն չի ունեցել, ապարդյուն էին անցել։ Այդ դեպքը խոր ցավ էր պատճառել նրան, և երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ Աննան կարողացավ մինչև վերջ պարզել այդ թյուրիմացությունը։
Այն, թե ինչ գնահատական կտան ուրիշները ձեզ, հաճախ կախված է նրանից, թե ինչպես նրանք կընկալեն ձեր դիտավորությունները։ Ուստի, բնական է, երբ մեզ վատ ենք զգում մարդկանց կողմից մեր շարժառիթները սխալ մեկնաբանվելու դեպքում։ Գուցե զայրանաք՝ մտածելով, որ ոչ մի հիմք չկա ձեզ սխալ հասկանալու։ Ձեզ համար՝ ուրիշների տված նման գնահատականները նրանց կանխակալ կարծիքն են արտահայտում, քննադատական են կամ բոլորովին սխալ և կարող են խոր ցավ պատճառել, մանավանդ, եթե նրանց կարծիքը ձեզ համար մեծ նշանակություն ունի։
Ձեզ, թերևս, զայրացնում է այն, թե ինչպես են մարդիկ դատում ձեր մասին, բայց, այնուամենայնիվ, հարկավոր է հարգել ուրիշների կարծիքը։ Քրիստոնեավայել չէ արհամարհել ուրիշների կարծիքը, և, բացի այդ, մենք բոլորովին չենք ցանկանում, որ մեր խոսքերը կամ արարքները վատ ազդեցություն թողնեն ուրիշների վրա (Մատթէոս 7։12; Ա Կորնթացիս 8։12)։ Ուստի, երբեմն գուցե փորձեք շտկել ձեր մասին ուրիշի ունեցած սխալ կարծիքը։ Սակայն հարկ է նշել նաև, որ շրջապատի մարդկանց հավանությունն ունենալու ավելորդ մտահոգվածությունը ցանկալի արդյունքներ չի բերում և ինքնահարգանքի կորստի ու թերարժեքության զգացումի պատճառ է դառնում։ Ի վերջո, ձեր իրական արժեքը կախված չէ նրանից, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին։
Մեկ այլ կողմից՝ թերևս ընդունեք, որ ձեր դեմ ուղղված քննադատությունը լիովին հիմնավորված է։ Իր հերթին դա ևս կարող է ցավ պատճառել, բայց եթե հոժարակամորեն ու ազնվորեն ընդունում եք սեփական թերությունները, նման փորձառությունը կարող է դրական ազդեցություն թողնել ձեզ վրա՝ մղելով անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։
Տխուր հետևանքներ
Թյուրըմբռնումը կարող է և՛ ունենալ լուրջ հետևանքներ, և՛ ոչ։ Օրինակ՝ ռեստորանում նստած լսելիս, թե ինչպես է մեկը բարձրաձայն խոսում, թերևս եզրակացնեք, որ նա կամ զվարճախոս է, կամ էլ ցուցամոլ։ Իսկ եթե սխալվո՞ւմ եք։ Գուցե նա, ում հետ այդ մարդը զրուցում է, ծանր է լսում։ Կամ, ասենք, խանութում վաճառողուհին ձեզ անբարեհամբույր թվաց, բայց գուցե պատճառն այն է, որ նա իրեն այնքան էլ լավ չի զգում։ Թեև նման թյուրըմբռնումների արդյունքում վատ տպավորություն է ստեղծվում, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, լուրջ ու երկարատև հետևանքներ չեն ունենա։ Այնուհանդերձ, թյուրըմբռնումները երբեմն նաև դժբախտություն են բերում։ Նկատի առնենք երկու դրվագ հին Իսրայելի պատմությունից։
Երբ Ամմոնի որդիների Նաաս թագավորը մահացավ, Դավիթը դեսպաններ ուղարկեց՝ մխիթարելու նրա որդի Անոնին, որը թագավորելու էր հոր փոխարեն։ Սակայն դեսպանների այցելությունը սխալ ձևով մեկնաբանվեց՝ իբրև թե եկել են լրտեսելու իրենց երկիրը, և հետևանքը եղավ այն, որ Անոնը նախ նվաստացրեց Դավիթի ուղարկած դեսպաններին, ապա պատերազմի նախապատրաստություններ տեսավ Իսրայելի դեմ։ Արդյունքում առնվազն 47 000 մարդ մահացավ, և այդ ամենը զուտ այն պատճառով, որ ճիշտ չէին հասկացվել բարի միտումները (Ա Մնացորդաց 19։1–19)։
Իսրայելի պատմության ավելի վաղ ժամանակներում մեկ այլ թյուրիմացություն ևս տեղի ունեցավ, որը, սակայն, հարթվեց բոլորովին այլ ճանապարհով։ Ռուբենի, Գադի ցեղերը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի մոտ մի մեծ զոհասեղան կառուցեցին։ Իսրայելի մնացած ցեղերի համար դա դավաճանություն էր՝ ըմբոստություն Եհովայի դեմ։ Ուստի նրանք պատերազմի հավաքվեցին զոհասեղանը կառուցողների դեմ։ Սակայն, նախքան որևէ կտրուկ գործողության անցնելը, նրանք դեսպաններ ուղարկեցին այդ ցեղերի մոտ՝ իրենց վրդովմունքը հայտնելու իրենց աչքին անհավատարիմ երևացող այդ արարքի համար։ Դա շատ ճիշտ քայլ էր, քանի որ զոհասեղանը կառուցողները ի պատասխան այդ մեղադրանքին հայտնեցին, որ մաքուր պաշտամունքից հեռանալու ոչ մի միտում չեն ունեցել, այլ ընդհակառակը՝ զոհասեղանը՝ որպես մի կոթող, Եհովայի հանդեպ նրանց տածած հավատարմության ապացույցն է լինելու։ Այս թյուրըմբռնումը նույնպես կարող էր արյունահեղության պատճառ դառնալ, սակայն իմաստուն որոշումն օգնեց կանխել դժբախտությունը (Յեսու 22։10–34)։
Խնդիրները պարզեք սիրո ոգով
Օգտակար կլինի, եթե համեմատություն անցկացնենք այս երկու դեպքերի միջև։ Կարելի է եզրակացնել, որ իրավիճակը պարզելու ուղղությամբ ջանքեր ներդնելը իմաստուն մոտեցում է։ Ո՞վ գիտի, թե քանի հոգու կյանք խնայվեց հիշատակված օրինակներից երկրորդի դեպքում միայն այն բանի շնորհիվ, որ երկու կողմերը զրուցեցին։ Դիմացինի միտումները չհասկանալը մեծամասամբ, իհարկե, ոչ ոքի կյանքը վտանգի տակ չի դնում, սակայն դրանից կարող է տուժել ընկերությունը։ Ուստի, եթե ձեզ թվում է, որ ինչ–որ մեկը անարդարացի է վարվել ձեր նկատմամբ, վստա՞հ եք, որ ճիշտ եք հասկանում իրավիճակը, թե՞, հնարավոր է, սխալվում եք։ Ի՞նչ միտումներով է այդպես վարվել՝ հարցրե՛ք նրան։ Զգում եք, որ ձեզ սխա՞լ են հասկացել՝ խոսե՛ք այդ մասին։ Թույլ մի՛ տվեք, որ հպարտությունը արգելք լինի ձեր ճանապարհին։
Հիսուսը մղեց թյուրըմբռնումները հարթելու, երբ ասաց. «Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթէոս 5։23, 24)։ Ուստի, տեղին է առանձին մոտենալ այդ անձնավորությանը և խոսել նրա հետ։ Խնդիրը միայն կբարդանա, եթե վիրավորող կողմը իր հասցեին ուղղված գանգատները նախ լսի կողմնակի մեկից (Առակաց 17։9)։ Ձեր նպատակը պետք է լինի սիրո ոգով հաշտության հասնելը։ Պարզ, հասկանալի բառերով և առանց մեղադրելու՝ հանդարտորեն բացատրեք, թե ինչն է խնդիրը։ Ասացեք, թե ինչ զգացումներ է այն ձեր մեջ արթնացրել։ Ապա, առանց նախապես տրամադրվելու, լսեք ձեր զրուցակցի տեսակետը։ Մի շտապեք սխալ շարժառիթներ վերագրել։ Աշխատեք հավատալ, որ այդ անձնավորությունը չի ցանկացել ձեզ վիրավորել։ Եվ հիշեք, որ սերը «ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։
Իհարկե, նույնիսկ այն բանից հետո, երբ թյուրըմբռնումը ջրի երես է հանվել, միևնույն է, վիրավորված զգացումները դեռ կարող են երկար ժամանակ չհանդարտվել, իսկ առաջ եկած հետևանքները՝ իրենց մասին զգացնել տալ։ Ի՞նչ կարելի է անել այդպիսի դեպքում։ Անհրաժեշտության դեպքում, անշուշտ, հարկավոր է ներողություն խնդրել և ողջամտության սահմաններում անել ամեն բան իրավիճակը հարթելու համար։ Բոլոր դեպքերում լավ կլինի, եթե վնաս կրողը ղեկավարվի Աստվածաշնչի խորհրդով՝ «հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք։ Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան» (Կողոսացիս 3։13, 14; Ա Պետրոս 4։8)։
Քանի դեռ անկատար ենք, միշտ էլ անխուսափելի են թյուրիմացությունները և դրանցից ծնունդ առնող վիրավորված զգացմունքները։ Միշտ էլ կգտնվի մեկը, որ սխալ արարք թույլ կտա կամ էլ մի այնպիսի բան կասի, որը մեզ կոպիտ ու կտրուկ կթվա։ «Բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը»,— ասում է Աստվածաշունչը (Յակոբոս 3։2)։ Եվ քանի որ Եհովա Աստծուն քաջ հայտնի է այս իրողությունը, նա մեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։ Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չ’լսես ծառադ քեզ անիծելիս։ Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին» (Ժողովող 7։9, 21, 22)։
Եհովան է «սիրտերը կշռողը»
Ինչպե՞ս վարվել, եթե ոչ մի կերպ հնարավոր չէ փոխել ձեր մասին ինչ–որ մեկի ունեցած վատ կարծիքը։ Մի՛ հուսահատվեք։ Շարունակեք ձեր մեջ քրիստոնեական հատկություններ զարգացնել և դրանք դրսևորել։ Խնդրեք Եհովային օգնել ձեզ ուղղվելու՝ որտեղ որ անհրաժեշտ է։ Եվ, ի վերջո, որպես անձնավորություն՝ ձեր իրական արժեքը չի որոշվում ուրիշների կարծիքով։ Միայն Եհովան կարող է անսխալաբար «կշռել սրտերը» (Առակաց 21։2)։ Մարդիկ նույնիսկ Հիսուսին չգնահատեցին ու նրան արհամարհանքի արժանացրին, սակայն դա բոլորովին չազդեց այն բանի վրա, թե ինչ էր Եհովան մտածում նրա մասին (Եսայիա 53։3)։ Նույնիսկ եթե ոմանք սխալ կարծիք ունեն ձեր մասին, դուք կարող եք ‘թափել’ ձեր սիրտը Եհովայի առջև, վստահ լինելով՝ որ նա հասկանում է ձեզ, քանզի «այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Սաղմոս 62։8; Ա Թագաւորաց 16։7)։ Եթե շարունակեք բարին գործել, նրանք, ովքեր վատն են մտածում ձեր մասին, ժամանակի ընթացքում կհասկանան իրենց սխալը և կփոխեն իրենց կարծիքը (Գաղատացիս 6։9; Բ Տիմոթէոս 2։15)։
Հիշո՞ւմ եք Անտոնիոյին, ում մասին խոսեցինք այս հոդվածի սկզբում։ Նա իր մեջ քաջություն գտավ հետևելու աստվածաշնչյան խորհրդին և զրուցեց իր ընկերոջ՝ Լեոնարդոյի հետ՝ հարցնելով, թե ինչո՞վ է նեղացրել նրան։ Ինչ պատահե՞ց։ Լեոնարդոն ուղղակի ապշեց։ Նա ասաց, որ Անտոնիոն ոչինչ չի արել իրեն նեղացնելու համար, և որ նա բոլորովին մտադիր չի եղել իր վերաբերմունքը փոխելու իր ընկերոջ նկատմամբ։ Եթե Անտոնիոյին թվացել է, որ Լեոնարդոն իր նկատմամբ անտարբեր է, ապա պատճառը երևի եղել է այն, որ նա պարզապես կլանված է եղել սեփական մտքերով։ Լեոնարդոն ներողություն խնդրեց, որ անզգուշաբար ցավ է պատճառել ընկերոջը, և շնորհակալություն հայտնեց այդ խնդիրը պարզաբանելու համար։ Նա ավելացրեց, որ այսուհետև ավելի զգույշ կլինի, որպեսզի միևնույն տպավորությունը չթողնի նաև ուրիշների վրա։ Լարվածությունն ուղղակի հօդս ցնդեց, և նրանց ընկերությունը շարունակվեց։
Ինչ խոսք, տհաճ է, երբ քեզ ճիշտ չեն հասկանում։ Սակայն իրավիճակը պարզելուն ուղղված բոլոր հնարավոր քայլերին դիմելուց և սիրո ու ներողամտության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելուց հետո, ամենայն հավանականությամբ, ձեզ նույնպես կհաջողվի հարթել ուրիշների հետ ձեր ունեցած փոխհարաբերություններում առաջացած ցանկացած խնդիր։
[ծանոթագրություն]
a Հոդվածում որոշ անուններ փոխված են։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Կարելի է հաշտություն գտնել՝ իրավիճակը փորձելով պարզել սիրո և ներողամտության ոգով