Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 36 էջ 209–էջ 211 պարբ. 1
  • Թեմայի զարգացում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թեմայի զարգացում
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես կազմել ելույթի պլան
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Գլխավոր մտքերի ընդգծում
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Գլխավոր կետերի ընդգծում
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Պահպանիր քո միտքը
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 36 էջ 209–էջ 211 պարբ. 1

ԴԱՍ 36

Թեմայի զարգացում

Ի՞նչ է հարկավոր անել

Ամբողջ ելույթի ընթացքում տարբեր ձևերով անդրադարձիր թեմային ու այն լուսաբանիր։

Ինչո՞ւ է դա կարևոր

Դա ամբողջական կդարձնի քո ելույթը և ունկնդիրներին կօգնի հասկանալ ու հիշել ասածներդ։

ՓՈՐՁԱՌՈՒ հռետորները լավ գիտեն թեմայի արժեքը։ Ելույթի նախապատրաստական փուլում թեման օգնում է նրանց կենտրոնանալ կոնկրետ տեղեկության վրա ու ավելի հանգամանորեն քննել այն։ Սա էլ իր հերթին օգնում է, որ նրանք, բազմաթիվ մտքեր մակերեսորեն արծարծելու փոխարեն, այնպես կառուցեն իրենց խոսքը, որ ունկնդիրները հնարավորին չափ շատ օգուտներ ստանան։ Երբ գլխավոր կետերից յուրաքանչյուրը ուղղակիորեն կապված է լինում թեմայի հետ և նպաստում է դրա զարգացմանը, ունկնդիրները հնարավորություն են ստանում հիշելու այդ կետերը և հասկանալու դրանց նշանակությունը։

Թեև թեմա ասելով կարելի է հասկանալ խոսքի առարկա, սակայն եթե քո թեմային նայես որպես որոշակի տեսանկյունի, որի ուղղությամբ պետք է զարգացնես խոսքի առարկան, կնկատես, որ ելույթներիդ որակը բարելավվում է։ Խոսքի առարկա կարող են լինել այնպիսի լայն հասկացություններ, ինչպիսիք են՝ Թագավորություն, Աստվածաշունչ, հարություն և այլն։ Այս առարկաների հիման վրա ամենատարբեր թեմաներ կարելի է զարգացնել։ Ահա մի քանի օրինակ. «Թագավորությունը իրական կառավարություն է», «Աստծո Թագավորությունը երկրագունդը կվերածի դրախտի», «Աստվածաշունչը գրվել է Աստծո ներշնչումով», «Աստվածաշունչը գործնական առաջնորդություն է տալիս մեր օրերում», «Հարություն. հույս սգացողների համար» և «Հարության հույսն օգնում է մեզ ամուր մնալ հալածանքների ժամանակ»։ Այս բոլոր թեմաները պահանջում են զարգացում ամենատարբեր ուղղություններով։

Հիսուս Քրիստոսը, գործելով Աստվածաշնչի հիմնական թեմային ներդաշնակ, իր երկրային ծառայության ընթացքում ուշադրությունը կենտրոնացնում էր հետևյալ թեմայի վրա. «Մօտեցել է երկնքի թագաւորութիւնը» (Մատթ. 4։17)։ Ինչպե՞ս էր նա զարգացնում այդ թեման։ Չորս Ավետարաններում ավելի քան 110 անգամ հիշատակվում է այդ Թագավորության մասին։ Բայց Հիսուսն ավելին էր անում, քան պարզապես իր խոսքում «թագավորություն» բառը բազմիցս օգտագործելը։ Թե՛ իր ուսուցումներով, թե՛ գործած հրաշքներով նա ակնհայտ դարձրեց, որ հենց ինքն է Աստծո Որդին՝ Մեսիան, որին Եհովայի կողմից պիտի տրվեր Թագավորությունը։ Հիսուսը նաև ցույց տվեց, որ իր միջոցով հնարավոր է բաժին ունենալ այդ Թագավորության մեջ։ Նա բացատրեց, թե ինչ հատկություններ պետք է դրսևորեն նրանք, ովքեր ուզում են այդ պատվին արժանանալ։ Իր ուսուցումներով ու զորեղ գործերով նա պարզ ցույց տվեց, թե Աստծո Թագավորությունն ինչ դեր կարող է խաղալ մարդկանց կյանքում, և թե Աստծո սուրբ ոգու օգնությամբ դևեր հանելը ապացույց էր, որ ‘Աստծո արքայությունը հասել է’ իր ունկնդիրներին (Ղուկ. 11։20)։ Հենց այս Թագավորության վերաբերյալ էր, որ Հիսուսն իր հետևորդներին հանձնարարեց քարոզել (Մատթ. 10։7; 24։14)։

Ընտրել համապատասխան թեմա։ Իհարկե, քեզնից չի պահանջվում ինչ–​որ թեմա զարգացնել այնպիսի խորությամբ, ինչպիսին որ Աստվածաշունչն է անում։ Այնուամենայնիվ համապատասխան թեմա ունենալը շատ կարևոր է։

Եթե թեմայի ընտրությունը քեզ է վերապահված, նախևառաջ քննիր այն հարցը, թե որն է ելույթիդ նպատակը։ Հետո, կազմելով ելույթի պլանը, ընտրիր այնպիսի գլխավոր կետեր, որոնք անշուշտ կնպաստեն թեմայի զարգացմանը։

Իսկ եթե թեման քեզ հանձնարարված է, մանրամասն քննիր, թե ո՛ր ուղղությամբ է այն զարգանալու։ Թերևս հարկ լինի առանձին ջանքեր գործադրելու, որպեսզի հասկանաս թեմայի կարևորությունն ու ընձեռած հնարավորությունները։ Եթե թեմայի զարգացման համար ինքդ պետք է նյութեր ընտրես, ապա ուշադիր եղիր, որ չհեռանաս թեմայից ու այն միշտ պահես ուշադրության կենտրոնում։ Բայց եթե նյութն էլ է նախապես տրվել, այնուամենայնիվ հարկ կա քննելու, թե ինչպես այն օգտագործել թեմային համապատասխան։ Նաև պետք է մտածես, թե ինչով է այդ թեման կարևոր լսարանի համար և ինչ նպատակ ես հետապնդելու ելույթի ընթացքում։ Սա կօգնի քեզ որոշելու, թե ո՛ր միտքը պետք է շեշտվի։

Ինչպես ընդգծել թեման։ Թեման ճիշտ ձևով ընդգծելու մասին պետք է նախապես մտածել՝ նյութերի ընտրության ու դրանք բաշխելու ժամանակ։ Եթե օգտագործես միայն այն, ինչ նպաստում է քո թեմայի զարգացմանը, և հետևես այն սկզբունքներին, որ անհրաժեշտ են լավ պլան կազմելու համար, ապա քո թեման ինքնաբերաբար կընդգծվի։

Կրկնությամբ նույնպես կարելի է ընդգծել թեման։ Դասական երաժշտության մեջ, օրինակ, թեման մի մեղեդի է, որը բավական հաճախ է կրկնվում ու բնորոշում է ամբողջ ստեղծագործությունը։ Այդ մեղեդին ստեղծագործության մեջ ամեն անգամ նույն ձևով չէ, որ հանդես է գալիս։ Երբեմն թեմայի միայն մեկ կամ երկու մաս (ֆրազ) է հայտնվում, երբեմն էլ՝ տարբեր վարիացիաներ. կոմպոզիտորը, հմտորեն ձևափոխություններ անելով, այդ մեղեդին հյուսում է ողջ ստեղծագործությանը։ Նույնը պետք է արվի ելույթի թեմայի հետ։ Թեմայի գլխավոր բառերի կրկնությունը նման է երաժշտական երկում հիմնական մեղեդու կրկնությանը, որը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ։ Իսկ այդ բառերի հոմանիշները կամ թեմայի արտահայտումը այլ բառերով ծառայում է որպես թեմայի յուրատեսակ վարիացիա։ Նման միջոցները կնպաստեն, որ քո թեման դառնա այն գլխավոր միտքը, որ ունկնդիրները կմտապահեն։

Այս սկզբունքները կիրառելի են ոչ միայն ելույթներում, այլև քարոզչական ծառայության ժամանակ մարդկանց հետ որևէ թեմա քննարկելիս։ Համեմատաբար կարճ խոսակցությունը ավելի լավ կտպավորվի անհատի մտքում, եթե զրույցի թեման ընդգծես։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրության ժամանակ նույնպես քննարկված նյութն ավելի լավ է հիշվում, երբ թեման հստակորեն ընդգծվում է։ Եթե ջանքեր գործադրես համապատասխան թեմաներ ընտրելու և դրանք զարգացնելու, ապա, որպես հռետոր ու Աստծո Խոսքի ուսուցիչ՝ կդառնաս ավելի հմուտ։

Խոշոր ստեղծագործության հիմնական թեման

Ճիշտ հասկանալու համար, թե ինչ է նշանակում թեմա զարգացնել, օգտակար կլինի ուսումնասիրել, թե ինչպես է Եհովա Աստված մի հիմնական թեմա հյուսել 66 գրքերով, որոնք կազմում են Աստվածաշունչը, թեպետև նա այս գրքերը գրել է տվել տարբեր մարդկանց միջոցով։ Այդ թեման Եհովայի՝ մարդկության վրա իշխելու իրավունքի արդարացումն է և իր Թագավորության միջոցով իր՝ սիրով լի նպատակի իրագործումը։

Աստվածաշնչի թեման սկսում է ի հայտ գալ «Ծննդոց» գրքի հենց առաջին գլուխներից, իսկ այնուհետև դրա տարբեր կողմերը լուսաբանվում են մյուս գրքերում։ Սուրբ Գրություններում բազմիցս՝ ավելի քան 7 000 անգամ, ուշադրություն է դարձվում Աստծո անվանը։ Այն, որ Եհովայի իշխանությունն օրինական է, ակնհայտ է դառնում ստեղծագործության վերաբերյալ հատվածից։ Հետո տեղեկանում ենք, որ Աստծո իշխելու իրավունքը վիճարկվեց. անհնազանդությունն աղետալի հետևանքներ ունեցավ։ Եհովայի անզուգական սերը, իմաստությունը, արդարությունը և անսահման զորությունը իրենց արտացոլումն են գտնում իր ստեղծած էակների հետ ունեցած հարաբերություններում։ Անհամար օրինակներով ցույց են տրվում այն օգուտները, որ բերում է Աստծո հանդեպ հնազանդությունը, ինչպես նաև այն դժբախտությունները, որ գալիս են անհնազանդությունից։ Բացատրվում է, թե ինչպես է Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով վերացնելու մեղքն ու մահը, և դա ցույց է տրվում օրինակներով։ Մանրամասնություններ են ներկայացվում այն երկնային կառավարության վերաբերյալ, որը կոչնչացնի թե՛ չար ոգեղեն արարածներին և թե՛ այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում ընդունել Եհովայի՝ իր ստեղծագործության վրա իշխելու օրինական իրավունքը։ Հստակորեն ցույց է տրվում, որ Թագավորությունը մինչև վերջ կիրագործի Եհովայի նպատակը, այն է՝ երկրագունդը դարձնել դրախտ, որտեղ մարդիկ սիրում ու երկրպագում են միակ ճշմարիտ Աստծուն և միմյանց հանդեպ սեր ունեն։

Ինչպես զարգացնել թեման

  • Ելույթին նախապատրաստվելիս գլխավոր կետերի ու ենթակետերի ընտրությունն այնպես կատարիր, որ իսկապես նպաստեն թեմայի զարգացմանը։

  • Ելույթը փորձելիս ուշադրություն դարձրու, թե որ տեղերում և ինչպես ես ընդգծելու թեման։ Գուցե նույնիսկ հարկ համարես քո պլանի մեջ նշել այդ տեղերը։

  • Ելույթի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկնիր թեմայի հիմնական բառերը կամ էլ թեմայում ամփոփված գլխավոր մտքերը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Քարոզչական ծառայության համար ընտրիր մի թեմա, որը համապատասխանում է «Դիտարանի» կամ «Արթնացե՛ք»–ի վերջին համարներից վերցված հոդվածին։ Մատուցման առաջաբանում աշխատիր զրուցակցիդ մեջ հետաքրքրություն արթնացնել, հետո թեման զարգացրու մեկ կամ երկու կետով, իսկ վերջաբանում ընդգծիր, թե ձեր քննարկած թեման ինչով էր արժեքավոր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը