ԳԼՈՒԽ 15
Բարության դաս
Գիտե՞ս, թե ինչ է նշանակում մարդու հանդեպ նախապաշարմունք ունենալ։ ~ Դա նշանակում է նրան չսիրել զուտ այն պատճառով, որ նա արտաքնապես տարբերվում է մեզանից կամ խոսում է ուրիշ լեզվով։ Եթե մարդը առանց դիմացինին ճանաչելու նրա մասին վատ կարծիք է ունենում, կարելի է ասել, որ նրա հանդեպ նախապաշարմունք ունի։
Քո կարծիքով՝ ճիշտ կլինի՞ չսիրել մեկին՝ առանց իմանալու, թե ինչպիսի մարդ է նա, կամ էլ այն պատճառով, որ նա տարբեր է մյուսներից։ ~ Ոչ, ճիշտ չի լինի։ Նախապաշարմունքը վատ բան է։ Եթե մարդը տարբերվում է մեզանից, դա չի նշանակում, որ նրա հանդեպ չպետք է բարի լինենք։
Ճանաչո՞ւմ ես որևէ մեկին, ով ուրիշ գույնի մաշկ ունի, կամ ուրիշ լեզվով է խոսում։ ~ Հնարավոր է՝ գիտես նաև մարդկանց, որոնք իրենց արտաքինով տարբեր են, քանի որ ֆիզիկական արատ կամ ինչ–որ հիվանդություն ունեն։ Բարի ու սիրալի՞ր ես այդպիսի մարդկանց հանդեպ։ ~
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդկանց, ովքեր տարբերվում են մեզանից
Եթե լսենք Մեծ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, բարություն կդրսևորենք բոլորի հանդեպ։ Մեզ համար չպետք է տարբերություն լինի, թե մարդը ո՛ր երկրից է եկել կամ թե ի՛նչ գույնի մաշկ ունի։ Թեև շատերն այդպես չեն կարծում, սակայն դա Հիսուսի սովորեցրած դասերից մեկն է։ Տեսնենք, թե ինչ սովորեցրեց Հիսուսը բարության մասին։
Ուրիշների հանդեպ նախապաշարմունք ունեցող մի հրեա եկավ Հիսուսի մոտ ու նրան հարցրեց. «Ի՞նչ անեմ, որ հավիտյան ապրեմ»։ Հիսուսը գիտեր, որ այդ մարդն այն կարծիքի է, թե հարկավոր է բարիք գործել միայն իր ազգին պատկանող մարդկանց համար։ Հարցին պատասխանելու փոխարեն՝ Հիսուսը հարցրեց նրան. «Աստծո օրենքը ի՞նչ է ասում, որ անենք»։
Մարդը պատասխանեց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և պիտի սիրես քո մերձավորին քո անձի պես»։ Հիսուսն ասաց. «Ճիշտ պատասխանեցիր։ Դա արա և հավիտենական կյանքը կստանաս»։
Սակայն այդ մարդը չէր ուզում բարի ու սիրալիր լինել նրանց հանդեպ, ովքեր իր ազգից չէին։ Ուստի փորձելով իրեն արդարացնել՝ հարցրեց. «Իմ մերձավորն ո՞վ է»։ Հավանաբար նա կցանկանար, որ Հիսուսն ասեր, թե իր մերձավորները իր ընկեր–բարեկամներն են կամ ազգակիցները։ Սակայն, որպես պատասխան, Հիսուսը պատմեց մի առակ սամարացու և հրեայի մասին։ Ահա այդ առակը։
Մի մարդ Երուսաղեմից իջնում էր դեպի Երիքով։ Այդ մարդը ազգությամբ հրեա էր։ Ճանապարհին ավազակները բռնեցին նրան, ծեծեցին, շորերն ու փողերը վերցրին ու հեռացան՝ թողնելով նրան կիսամեռ ընկած։
Կարճ ժամանակ անց մի քահանա էր իջնում նույն ճանապարհով։ Նա տեսավ վիրավոր ընկած մարդուն։ Եթե դու տեսնեիր, ի՞նչ կանեիր։ ~ Քահանան կողքով անցավ–գնաց։ Նա կանգ չառավ։ Նա ընդհանրապես ոչինչ չարեց այդ մարդուն օգնելու համար։
Որոշ ժամանակ անց մի ուրիշ կրոնավոր մարդ էր իջնում այդ ճանապարհով։ Նա ղևտացի էր, որ ծառայում էր Երուսաղեմի տաճարում։ Օգնե՞ց նա վիրավոր մարդուն։ ~ Ոչ։ Քահանայի պես՝ նա էլ կանգ չառավ, այլ անցավ–գնաց։
Վերջապես մի սամարացի եկավ։ Նայենք նկարին. տեսնո՞ւմ ես նրան ճանապարհով իջնելիս։ ~ Նա տեսավ գետնին ընկած վիրավոր հրեային։ Հարկ է նշել, որ սամարացիներն ու հրեաները չէին սիրում իրար (Յովհաննէս 4։9)։ Կօգնե՞ր այս սամարացին վիրավոր հրեային, թե՞ կմտածեր. «Ինչո՞ւ պիտի նրան օգնեմ։ Եթե ես լինեի վիրավոր ընկած, նա ինձ կօգնե՞ր»։
Ինչպե՞ս վարվեց բարի սամարացին
Սամարացին խղճաց ճանապարհին ընկած այդ հրեային։ Նա չէր կարող անտարբեր անցնել նրա կողքով՝ թողնելով, որ նա մահանար։ Նա իջավ ավանակի վրայից, մոտեցավ վիրավորին, վերքերի վրա ձեթ և գինի լցրեց, որպեսզի դրանք շուտ առողջանային, իսկ հետո կտորով փաթաթեց։
Սամարացին զգուշորեն նրան դրեց ավանակի վրա, ու նրանք դանդաղ իջան ճանապարհով, մինչև որ հասան մի փոքր հյուրանոց։ Այնտեղ սամարացին սենյակ վարձեց հրեայի համար ու հոգ տարավ նրան։
Հիսուսն այս առակը պատմելուց հետո հարց տվեց իր զրուցակցին. «Քո կարծիքով՝ վիրավոր մարդու համար այս երեք մարդկանցից ո՞ր մեկն էր մերձավոր»։ Դու ի՞նչ կպատասխանեիր. քահանա՞ն, ղևտացի՞ն, թե՞ սամարացին։ ~
Մարդը պատասխանեց. «Նա, որ կանգ առավ ու օգնեց վիրավոր մարդուն»։ Հիսուսն ասաց. «Ճիշտ է։ Գնա, դու էլ այդպես արա» (Ղուկաս 10։25–37)։
Լավ առակ է, չէ՞։ Այս առակով Հիսուսը հստակորեն ցույց տվեց, թե ում պետք է համարենք մեզ մերձավոր։ Մեր մերձավորները միայն մեր մտերիմ ընկերները չեն, ոչ էլ միայն նրանք, ում մաշկի գույնն ու լեզուն նույնն է, ինչ որ մերը։ Հիսուսը սովորեցնում է մեզ բարի լինել բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ այն բանից, թե որտեղից են նրանք, ինչպիսի արտաքին ունեն և ինչ լեզվով են խոսում։
Եհովա Աստված բարություն է դրսևորում բոլոր մարդկանց հանդեպ։ Նա խտրություն չի դնում նրանց միջև։ Հիսուսն ասաց. «Ձեր հայրը, որ երկնքում է, իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում լավ մարդկանց ու վատ մարդկանց վրա»։ Ընդօրինակելով Աստծուն՝ մենք նույնպես պետք է բարի լինենք բոլորի հանդեպ (Մատթէոս 5։44–48)։
Ինչպե՞ս կարող ես հետևել բարի սամարացու օրինակին
Եթե տեսնես՝ մեկը վիրավոր ընկած է, ի՞նչ կանես։ ~ Իսկ եթե այդ մարդը օտարական լինի կամ այլազգի՞։ Նա քո մերձավորն է, և դու պետք է օգնես նրան։ Եթե անձամբ չես կարող օգնել, քանի որ փոքր ես, կարող ես օգնության կանչել մեծերից ինչ–որ մեկին, օրինակ՝ դպրոցի ուսուցիչներից որևէ մեկին կամ էլ ոստիկանի։ Այդպես վարվելով՝ դու սամարացու նման բարություն կդրսևորես։
Մեծ Ուսուցիչը ուզում է, որ մենք բարի լինենք։ Նա ուզում է, որ մենք օգնենք մարդկանց՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք։ Դրա համար էլ նա պատմեց բարի սամարացու առակը։
Ամեն ազգի ու ցեղի մարդկանց հանդեպ բարություն դրսևորելու մասին կարդանք նաև Առակաց 19։22; Գործք 10։34, 35 և 17։26 համարները։