ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Գոյություն ունի՞ արդյոք ընտանեկան երջանկության գաղտնիք
1. Ինչո՞ւ են ամուր ընտանիքները հասարակության համար այդքան կարևոր։
ԸՆՏԱՆԻՔԸ աշխարհի ամենահին կառույցներից մեկն է, և այն մեծ դեր է խաղում մարդկային հասարակության մեջ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամուր ընտանիքները ամուր հասարակության հիմքն են եղել։ Եվ հենց ընտանեկան օջախում է, որ դաստիարակություն ստանալով՝ երեխան կարող է հասուն անձնավորություն դառնալ։
2-5. ա) Ապահովության ինչպիսի՞ զգացում ունի երեխան երջանիկ ընտանիքում։ բ) Ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն որոշ ընտանիքներում։
2 Երջանիկ ընտանիքը խաղաղ ու ապահով հանգրվան է։ Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսին կարող է լինել իդեալական ընտանիքը։ Ընթրիքի ժամ է, բոլորը նստած են սեղանի շուրջը և աշխույժ զրուցում են։ Ծնողները հարցնում են երեխաներին, թե ինչ են նրանք արել այդ օրվա ընթացքում։ Իրար ընդհատելով՝ երեխաները ոգևորված պատմում են դպրոցի առօրյայից։ Միասին անցկացրած հանգստի այդ ժամերը թարմություն են բերում թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին և նրանց օգնում են դիմավորելու հաջորդ նոր օրը։
3 Երջանիկ ընտանիքում երեխան գիտի, որ եթե հիվանդանա, հայրիկն ու մայրիկը կխնամեն իրեն և հարկ եղած դեպքում ամբողջ գիշեր իրար փոխարինելով՝ իր մահճակալի մոտ կնստեն։ Գիտի, որ իրեն մտահոգող բոլոր հարցերով կարող է ազատորեն մոտենալ ծնողներին և միշտ էլ խորհուրդ ու աջակցություն ստանալ։ Եվ որքան էլ որ փոթորկալից լինի դրսի աշխարհը, ընտանիքի ներսում երեխան իրեն ապահով է զգում։
4 Հասակ առնելուց հետո սովորաբար երեխան որոշում է ամուսնանալ և իր ընտանիքը ստեղծել։ Արևելյան մի առած ասում է. «Երեխան այն ժամանակ կհասկանա, թե ինչով է պարտական իր ծնողներին, երբ ինքը ծնող դառնա»։ Երախտագիտության խոր զգացումով ու սիրով լի՝ արդեն հասունացած երեխան ջանում է երջանիկ դարձնել իր իսկ ընտանիքն ու միևնույն ժամանակ հոգալ նաև տարիքն առած ծնողների մասին, որոնք, թոռներով շրջապատված, իրենց երջանիկ են զգում։
5 Բայց դու թերևս մտածես. «Ես սիրում եմ իմ ընտանիքը, սակայն այն բոլորովին նման չէ վերը նկարագրվածին։ Ես ու ամուսինս աշխատանքային տարբեր գրաֆիկներ ունենք ու հազիվ ենք հասցնում իրար տեսնել։ Մենք մեծամասամբ խոսում ենք ֆինանսական խնդիրներից»։ Կամ էլ գուցե ասես. «Երեխաներս ու թոռներս ապրում են ուրիշ քաղաքում, և ինձ երբեք չի հաջողվում տեսնվել նրանց հետ»։ Այո, հաճախ մեզանից անկախ հանգամանքների պատճառով ընտանիքը հեռու է իդեալական լինելուց։ Բայցևայնպես, կան մարդիկ, որոնք երջանիկ ընտանեկան կյանք են վայելում։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Գոյություն ունի՞ արդյոք ընտանեկան երջանկության գաղտնիք։ Այո՛, ունի։ Սակայն նախքան քննարկելը, թե որն է այդ գաղտնիքը, հարկավոր է պատասխանել մի շատ կարևոր հարցի։
Ի՞ՆՉ Է ԸՆՏԱՆԻՔԸ
6. Ո՞ր ընտանիքների մասին է խոսվելու այս գրքում։
6 Արևմուտքում ընտանիքը հիմնականում բաղկացած է հորից, մորից և երեխաներից։ Տատն ու պապը, քանի դեռ ի վիճակի են, ապրում են առանձին։ Ու թեև հեռավոր ազգականների հետ կապը կարող է պահպանվել, սակայն վերջիններիս հանդեպ պարտականությունները սահմանափակ են։ Այս գրքում հիմնականում կխոսենք նման ընտանիքների մասին։ Սակայն հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում գնալով ավելի շատ են հանդիպում նաև այլ տիպի ընտանիքներ՝ ոչ լրիվ (միայնակ ծնողով), ընտանիքներ, որտեղ ծնողներից մեկը խորթ է, և որտեղ հայրը կամ մայրը այս կամ այն պատճառով միասին չեն ապրում։
7. Ի՞նչ է իրենից ներկայացնում մեծ ընտանիքը։
7 Որոշ մշակույթներում մեծ թիվ են կազմում բազմանդամ ընտանիքները։ Այսպիսի ընտանիքներում երեխաները հնարավորության դեպքում խնամք են տանում իրենց տարեց ծնողներին։ Հեռավոր ազգականների հետ սերտ կապեր պահպանելուց բացի՝ նրանք նաև որոշակի պարտականություններ են կրում նրանց հանդեպ։ Օրինակ՝ պատահում է, որ ընտանիքի անդամներն օգնում են պահել–մեծացնել եղբոր կամ քրոջ զավակներին կամ էլ ավելի հեռավոր մի ազգականի և նույնիսկ հոգում են նրա կրթության ծախսերը։ Այս գրքում քննարկվող սկզբունքները կարելի է կիրառել նաև մեծ ընտանիքներում։
ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
8, 9. Որոշ երկրներում գոյություն ունեցող ո՞ր խնդիրներն են ցույց տալիս, որ ընտանեկան կյանքը փոփոխության է ենթարկվում։
8 Մեր օրերում ընտանեկան կյանքը փոփոխության է ենթարկվում և, ցավոք, ոչ դեպի լավը։ Որպես օրինակ վերցնենք Հնդկաստանը։ Այդ երկրում կինը ապրում է իր ամուսնու ընտանիքում և տանը աշխատում է ամուսնու հարազատների հսկողության ներքո։ Այսօր, սակայն, զարմանալի չէ, երբ հնդիկ կինը աշխատանք է փնտրում տնից դուրս։ Բայց, միևնույն ժամանակ, նրանից սպասվում է, որ ընտանիքում կատարի իր ավանդական դերը։ Բազմաթիվ երկրներում այսօր խնդրո առարկա է դարձել այն, թե ընտանիքի մյուս անդամների հետ համեմատած՝ ինչ ծավալի աշխատանք պետք է կատարի կինը տանը եղած ժամանակ, եթե նա աշխատում է նաև տնից դուրս։
9 Արևելքում ավանդաբար սերտ կապեր գոյություն ունեն մեծ ընտանիքների միջև։ Սակայն արևմտյան անհատապաշտության և տնտեսական խնդիրների ճնշման ներքո այդ ավանդական կապերը գնալով թուլանում են։ Շատերի համար իրենց տարեց ծնողների մասին հոգ տանելը ոչ թե պարտք է կամ առանձնաշնորհում, այլ դարձել է բեռ։ Որոշ տարեց ծնողներ դաժան վերաբերմունքի զոհ են դառնում։ Եվ ցավոք, ծերերի հանդեպ անգութ ու արհամարհական վերաբերմունքը շատ երկրներում է տարածված։
10, 11. Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ եվրոպական երկրներում ընտանիքը փոփոխության է ենթարկվում։
10 Գնալով սովորական երևույթ է դառնում ապահարզանը։ Քսաներորդ դարի վերջին տասնամյակում Իսպանիայում ամուսնալուծությամբ է ավարտվել ութ ամուսնությունից մեկը, իսկ դրանից ընդամենը քսանհինգ տարի առաջ ամուսնալուծվել է միայն յուրաքանչյուր հարյուրերորդ զույգը. իրոք որ կտրուկ աճ։ Մեծ Բրիտանիայում, որտեղ, եվրոպական մյուս երկրների հետ համեմատած, ամուսնալուծությունների թիվը ամենաբարձրն է (այստեղ ամուսնալուծվում է տասը ընտանիքից չորսը), միայնակ ծնողների հսկայական աճ է նկատվում։
11 Գերմանիայում շատերը, թվում է, միտք էլ չունեն ընտանիք կազմելու՝ այս բառի ավանդական իմաստով։ 1990–ականներին Գերմանիայում ապրող ընտանիքների 35 տոկոսը բաղկացած էր միայն մեկ անդամից, և 31 տոկոս էին կազմում երկու հոգուց բաղկացած ընտանիքները։ Ֆրանսիայում ընտանիք կազմելը նույնպես հազվադեպ երևույթ է, իսկ ամուսնացողներն էլ շատ չանցած ամուսնալուծվում են, և դա ավելի հաճախ է պատահում, քան առաջներում։ Գնալով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են համատեղ կյանք վարել՝ առանց ամուսնական պարտականություններն իրենց վրա վերցնելու։ Նմանօրինակ վերաբերմունքը տարածված է ամբողջ աշխարհում։
12. Ինչպե՞ս են երեխաները տուժում ընտանեկան կյանքում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով։
12 Իսկ ինչպե՞ս է դա անդրադառնում երեխաների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում ապօրինի ծնված երեխաները, մինչդեռ որոշ մայրեր իրենք դեռ անչափահաս են։ Այդ երիտասարդ մայրերից շատերը երեխաներ ունեն տարբեր «հայրերից»։ Աշխարհի տարբեր մասերից եկող հաղորդագրությունները պատմում են փողոցներում թափառող միլիոնավոր անտուն երեխաների մասին, որոնցից շատերը փախել են տնից դաժան վերաբերմունքի պատճառով, իսկ ոմանց էլ փողոց են նետել՝ ի վիճակի չլինելով նրանց մասին հոգ տանելու։
13. Այսօր մեծ տարածում գտած ո՞ր խնդիրներն են խլում մարդկանց երջանկությունը ընտանեկան կյանքում։
13 Այո՛, ընտանիքն այսօր ճգնաժամ է ապրում։ Այդ ամենից բացի՝ ընտանիքները տառապում են նաև անչափահաս երեխաների ըմբոստության, երեխաների կամ կողակցի հանդեպ դաժան վերաբերմունքի, հարբեցողության և այլ սարսափելի խնդիրների պատճառով։ Բազում երեխաների ու մեծահասակների համար ընտանիքը հեռու է խաղաղ ու ապահով հանգրվան լինելուց։
14. ա) Ըստ ոմանց կարծիքի՝ ի՞նչ պատճառներով է ընտանեկան կյանքը ճգնաժամ ապրում։ բ) Ի՞նչ խոսքերով է նկարագրել ներկայիս աշխարհը առաջին դարի մի օրենսգետ, և ինչպե՞ս են այդ խոսքերն առնչվում ընտանեկան կյանքին։
14 Ինչո՞ւ է ընտանիքը ճգնաժամ ապրում։ Ոմանց կարծիքով՝ պատճառն այն է, որ կանայք սկսել են աշխատել տնից դուրս։ Ոմանք էլ մատնացույց են անում մեր ժամանակներին այնքան բնորոշ բարոյական չափանիշների անկումը։ Բերվում են շատ ուրիշ պատճառներ ևս։ Գրեթե երկու հազար տարի առաջ մի հայտնի օրենսգետ կանխագուշակել էր, որ գալու է ժամանակ, երբ ընտանիքները տարբեր ճնշումների տակ են գտնվելու։ Նա գրել է. «Յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3։1–4)։ Ո՞վ կարող է առարկել, որ այս խոսքերն իրենց կատարումն են ունենում մեր օրերում։ Ուստի արժե՞ զարմանալ, որ նման իրավիճակներով լի այս աշխարհում ընտանիքը ճգնաժամ է ապրում։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
15-17. Ո՞ր գիրքն է այս հրատարակության մեջ մատնացույց արվում՝ որպես ընտանեկան երջանկության գաղտնիքը բաց անող հեղինակավոր աղբյուր։
15 Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու վերաբերյալ խորհուրդներ կարելի է լսել ամենուր։ Արևմտյան երկրներում դրա հետ կապված անթիվ–անհամար ինքնուսույց գրքեր ու հանդեսներ են առաջարկվում։ Սակայն խնդիրն այն է, որ խորհրդատուները նույնպես մարդիկ են և, բացի այդ, նրանց ասածները երբեմն հակասում են իրար, իսկ խորհուրդը, որն այսօր տեղին է համարվում, վաղը կարող է արդեն հնացած լինել։
16 Այդ դեպքում, որտե՞ղ կարելի է ընտանեկան կյանքի համար հուսալի առաջնորդություն փնտրել։ Ի՞նչ կասեիք մոտ 1 900 տարի առաջ գրված գրքի մասին։ Կդիմեի՞ք նրան, թե՞ այն կհամարեիք վաղուց արդեն հնացած մի ձեռնարկ։ Սակայն հենց այդ գրքում է, որ մեզ համար մինչև վերջ բացվում է ընտանեկան երջանկության գաղտնիքը։
17 Աստվածաշունչն է այդ գիրքը։ Ամեն բան հաստատում է, որ այն գրվել է Աստծո ներշնչմամբ։ Դա են վկայում հետևյալ խոսքերը. «[«Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են», ԱՆԹ] վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար» (Բ Տիմոթէոս 3։16)։ Այս հրատարակությունը կքաջալերի ձեզ խորհրդածել այն մասին, թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել շտկելու ընտանեկան կյանքում ծագող ճնշումներն ու խնդիրները։
18. Ինչո՞ւ է տրամաբանական Աստվածաշունչը համարել խորհուրդների հեղինակավոր աղբյուր ընտանեկան կյանքին վերաբերող հարցերում։
18 Եթե դու այն կարծիքի ես, թե Աստվածաշունչը չի կարող օգնել ընտանեկան կյանքում երջանիկ լինելու, նկատի առ հետևյալը. Նա, ում ներշնչմամբ գրի է առնվել այդ գիրքը, ամուսնական կառույցի Հեղինակն է (Ծննդոց 2։18–25)։ Աստվածաշունչը հայտնում է, որ նրա անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Նա է Արարիչը և Հայրը, որից «անուն է ստանում ամէն ազգատոհմ [«ընտանիք», ՆԱ]» (Եփեսացիս 3։14, 15, ԷԹ)։ Մարդկության գոյության հենց սկզբից Եհովան գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ընտանեկան կյանքը։ Նա գիտի, թե ինչ խնդիրներ կարող են ծագել ընտանիքում, և դրանք հարթելու վերաբերյալ խորհուրդներ է տվել։ Մարդկության պատմության ընթացքում միշտ էլ ավելի երջանիկ են եղել այն անհատները, ովքեր իրենց ընտանեկան կյանքը անկեղծորեն կառուցել են աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա։
19-21. Մեր ժամանակակիցների կյանքից ի՞նչ օրինակներ են ցույց տալիս, որ Աստվածաշնչի օգնությամբ հնարավոր է լուծել ամուսնական կյանքում ծագող խնդիրները։
19 Ահա մի դեպք Ինդոնեզիայից։ Խաղամոլությամբ տարված մի կին, որ տարիներ շարունակ հոգ չէր տանում իր երեք երեխաների մասին և ամուսնու հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր, սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ժամանակի ընթացքում այդ կնոջ մեջ վստահություն էր առաջացել այն ամենի հանդեպ, ինչ սովորել էր Աստվածաշնչից։ Սուրբ Գրքի խորհուրդներին հետևելով՝ նա ավելի լավ կին էր դարձել։ Իսկ նրա ջանքերը, ուղղված աստվածաշնչյան սկզբունքները կիրառելուն, ամբողջապես նպաստել էին իր ընտանիքի երջանկությանը։
20 Իսպանիայում բնակվող մի տնային տնտեսուհի պատմում է. «Ընդամենը մեկ տարի էր, ինչ ամուսնացել էի, երբ մեր ընտանեկան կյանքում լուրջ պրոբլեմներ առաջ եկան»։ Պարզվեց, որ ինքն ու ամուսինը ընդհանուր շատ քիչ բան ունեին և, չհաշված վեճերը, հազվադեպ էր պատահում, որ զրուցեին իրար հետ։ Թեպետ արդեն փոքրիկ աղջիկ ունեին, բայց որոշել էին ամուսնալուծվել։ Դեռ չէին հասցրել այդ քայլին դիմել, երբ ամուսիններին խորհուրդ տրվեց ծանոթանալ Աստվածաշնչին։ Իմանալով, թե ինչ խորհուրդներ է Սուրբ Գիրքը պարունակում ամուսնացած անհատների վերաբերյալ՝ նրանք որոշեցին դրանք գործի դնել իրենց կյանքում։ Շատ ժամանակ չէր անցել, երբ այդ ամուսիններն արդեն կարող էին հանդարտ ու խաղաղ հաղորդակցվել իրար հետ. երջանկությունը, ի վերջո, մուտք էր գործել իրենց փոքրիկ ընտանեկան օջախը։
21 Աստվածաշունչն օգնում է նաև տարեց մարդկանց։ Ահա թե ինչ պատահեց ճապոնացի մի զույգի։ Ամուսինը բնավորությամբ շուտ բռնկվող, երբեմն էլ նույնիսկ բռնություն գործադրող անձնավորություն էր։ Նրանց աղջիկները, չնայած ծնողների հակառակությանը, սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ավելի ուշ հայրն էլ միացավ նրանց։ Ինչ վերաբերում է կնոջը, ապա վերջինս շարունակում էր ընդդիմանալ։ Տարիների ընթացքում, սակայն, նա նկատեց, թե ինչ դրական ազդեցություն էին գործում աստվածաշնչյան սկզբունքներն իր ընտանիքում։ Աղջիկներն ավելի հոգատար էին դարձել իր նկատմամբ, իսկ ամուսնու բնավորությունը բավականին մեղմացել էր։ Այդ փոփոխությունները տեսնելով՝ նա էլ ցանկություն հայտնեց Աստվածաշունչ ուսումնասիրել, և արդյունքում իր վրա ևս զգաց Աստծո Խոսքի բարերար ազդեցությունը։ Այդ տարեց կինը չէր դադարում կրկնելուց. «Այժմ մենք իսկական ամուսիններ ենք»։
22, 23. Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում ցանկացած մարդու՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, երջանկություն գտնել ընտանեկան կյանքում։
22 Վերը հիշատակված բոլոր անհատները այն բազում մարդկանց թվին են պատկանում, ովքեր իրենց համար արդեն բացահայտել են ընտանեկան երջանկության գաղտնիքը։ Նրանք ոչ միայն ընդունել են Աստվածաշնչի խորհուրդները, այլև կիրառում են իրենց կյանքում։ Ճիշտ է, մյուսների նման նրանք էլ են ապրում այս բռնությամբ, անբարոյությամբ ու տնտեսական պրոբլեմներով լի աշխարհում։ Եվ բացի այդ, չմոռանանք, որ նրանք անկատար են, սակայն երջանիկ են, քանի որ ձգտում են կատարել ընտանեկան կառույցի Հեղինակի կամքը։ Ահա թե Եհովա Աստված ինչ է հայտնում Աստվածաշնչի միջոցով. «Ես եմ.... որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։
23 Թեև Աստվածաշնչի գրությունն ավարտվել է գրեթե երկու հազար տարի առաջ, նրա խորհուրդներն այսօր էլ գործնական են։ Նաև, այն գրվել է բոլոր մարդկանց համար։ Աստվածաշունչը ամերիկյան կամ արևմտյան գիրք չէ։ Եհովան «մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ». նա լավ է հասկանում մարդու ներքին էությունը, որտեղ էլ որ այդ մարդն ապրելիս լինի (Գործք 17։26)։ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելի են բոլորի համար։ Հետևելով այդ սկզբունքներին՝ դուք էլ կիմանաք, թե որն է ընտանեկան երջանկության գաղտնիքը։